Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2025

Առաջնորդության անկումը խաթարում է կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային ջանքերը

Բեռլին, 10 փետրվարի 2026 թ. – Այսօր հրապարակված Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2025 թվականի տվյալների համաձայն՝ կոռուպցիան ամբողջ աշխարհում խորանում է։ Նույնիսկ կայացած ժողովրդավարական երկրներում արձանագրվում է կոռուպցիայի աճ՝ առաջնորդության անկման պայմաններում։ Ամենամյա պարբերությամբ հրապարակվող այս համաթիվը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակում ԿԸՀ համաթվի 80-ից բարձր միավոր ստացած երկրների թիվը նվազել է՝ 12-ից հասնելով ընդամենը 5-ի։

Համաթվի արդյունքները ցույց են տալիս, որ ժողովրդավարական երկրները, որոնք սովորաբար ավելի ուժեղ են հակակոռուպցիոն ոլորտում, քան ավտորիտար կամ թերի ժողովրդավարական վարչակարգերը, ներկայումս արձանագրում են մտահոգիչ անկում։ Այս միտումը տարածվում է այնպիսի երկրների վրա, ինչպիսիք են Միացյալ Նահանգները (64), Կանադան (75), Նոր Զելանդիան (81), և եվրոպական մի շարք երկրները, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունը (70), Ֆրանսիան (66) և Շվեդիան (80)։ Մեկ այլ մտահոգիչ միտում է բազմաթիվ երկրներում խոսքի, միավորման և հավաքների ազատությունների աճող սահմանափակումների փաստը։ 2012 թվականից ի վեր Կոռուպցիայի ընկալման համաթվում էական անկում արձանագրած 50 երկրներից 36-ում այդ գործընթացը ուղեկցվել է նաև քաղաքացիական տարածքի նեղացմամբ։

2025 թվականին ականատես եղանք երիտասարդ սերնդի (Z սերունդ կամ Gen Z) առաջնորդությամբ կազմակերպված կոռուպցիայի դեմ ուղղված բողոքի ցույցերի այն երկրներում, որոնց ԿԸՀ ցուցանիշները վերջին տասնամյակում հիմնականում արձանագրել են լճացում կամ անկում։ Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Նեպալը (34) և Մադագասկարը (25) երիտասարդները դուրս եկան փողոց՝ բողոքելու իրենց երկրների իշխանությունների դեմ իրենց լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև պատշաճ հանրային ծառայությունների և տնտեսական հնարավորությունների ապահովումը ձախողելու համար։

Թրանսփարենսի Ինթերնեշնլը զգուշացնում է, որ համաշխարհային մակարդակով կոռուպցիայի դեմ պայքարում համարձակ առաջնորդության բացակայությունը թուլացնում է միջազգային հակակոռուպցիոն նախաձեռնությունները, և առկա է վտանգ, որ հանրության կողմից բարեփոխումներ իրականացնելունն ուղղված ճնշումն աշխարհի տարբեր երկրներում կնվազի։

Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ Ֆրանսուա Վալերիանը նշում է․

«Կոռուպցիան անխուսափելի չէ։ Մեր, որպես կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման, հետազոտությունները և փորձը ցույց են տալիս, որ առկա է հստակ ուղենիշ, թե ինչպես հաշվետու դարձնել իշխանությանը՝ ծառայեցնելու նրան հանրային շահին՝ սկսած ժողովրդավարական գործընթացներից և անկախ վերահսկողությունից մինչև ազատ և բաց քաղաքացիական հասարակություն։ Այն ժամանակ, երբ որոշ պետություններ վտանգավոր կերպով անտեսում են միջազգային նորմերը, մենք կոչ ենք անում կառավարություններին և առաջնորդներին գործել՝ հիմնվելով օրինավորության վրա և պատասխանատու կերպով կատարել իրենց պարտականությունները՝ ապահովելու համար ավելի լավ ապագա ամբողջ աշխարհում»։

Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոչ է անում․

  • Կոռուպցիայի դեմ պայքարում նորացված քաղաքական առաջնորդության, այդ թվում՝ օրենքների լիարժեք կիրառում, միջազգային պարտավորությունների կատարում, և այնպիսի բարեփոխումների իրականացում, որոնք ամրապնդում են թափանցիկությունը, վերահսկողությունը և հաշվետվողականությունը։
  • Պաշտպանել քաղաքացիական տարածքը՝ դադարեցնելով հարձակումները լրագրողների, հասարակական կազմակերպությունների և ազդարարների վրա և վերջ տալով անկախ քաղաքացիական հասարակության գործունեությունը սահմանափակելու փորձերին։
  • Փակել գաղտնիությունն ապահովող սողանցքները, որոնք թույլ են տալիս կոռուպցիոն փողերի տեղաշարժը երկրից երկիր, ներառյալ վերահսկելով մասնագիտացված միջնորդներին, և ապահովելով ընկերությունների, հավատարմագրային կառույցների ու ակտիվների իրական սեփականատերերի թափանցիկությունը։

Կոռուպցիայի դեմ պայքարում առաջնորդության անկում

Վերջին տասնամյակում եվրոպական բազմաթիվ երկրներում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը փաստացի կանգ են առել։ 2012 թվականից ի վեր Արևմտյան Եվրոպայի և Եվրոպական Միության 13 երկրներում արձանագրվել է Կոռուպցիայի ընկալման համաթվի էական անկում, և միայն յոթ երկրներում է գրանցվել զգալի բարելավում։ 2025 թվականի դեկտեմբերին Եվրոպական միությունն ընդունեց իր առաջին Հակակոռուպցիոն հրահանգը (դիրեկտիվը), որի նպատակն է կոռուպցիային առնչվող ԵՄ երկրների քրեական օրենսդրությունների ներդաշնակեցումը։ Այն, ինչ կարող էր դառնալ զրո հանդուրժողականության վրա հիմնված շրջանակ, մի շարք անդամ երկրների, այդ թվում Իտալիայի (53), դիրքորոշման արդյունքում էապես թուլացվեց, որն արգելափակեց հանրային պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման քրեականացման հարցը։ Արդյունքում, ունենք մի շրջանակ, որը հավակնոտ չէ և զուրկ է հստակությունից և արդյունավետ կիրառելիությունից։

Ամերիկայի Միացյալ Նահանգների (64) ԿԸՀ-ն շարունակել է իր կայուն նվազման միտումը՝ գրանցելով պատմության մեջ իր ամենացածր ցուցանիշը։ Թեև 2025 թվականի զարգացումները դեռևս ամբողջությամբ չեն արտացոլված ԿԸՀ համաթվերում, անկախ ձայների դեմ ուղղված քայլերը և դատական իշխանության անկախությունը թուլացնող գործողությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում։ Կոռուպցիայի ընկալման համաթվի արդյունքներից զատ՝ Օտարերկրյա կոռուպցիոն պրակտիկայի մասին օրենքի (Foreign Corrupt Practices Act) կիրարկման ժամանակավոր սառեցումը և նրա վերահսկողության թուլացումը վկայում են կոռուպցիոն բիզնես պրակտիկաների հանդեպ հանդուրժողականության մասին։ Միաժամանակ, ԱՄՆ-ից դուրս գործող քաղաքացիական հասարակությանը տրամադրվող ԱՄՆ օգնության կրճատումը թուլացրել է կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային ջանքերը։ Այս զարգացումները մի շարք այլ երկրների քաղաքական առաջնորդների համար ծառայել են որպես ազդակ՝ ավելի խստացնելու հասարակական կազմակերպությունների, լրագրողների և այլ անկախ ձայների գործունեության նկատմամբ սահմանափակումները։

Կոռուպցիայի ընկալման համաթվի բարձր միավոր ունենալն ինքնին չի նշանակում, որ տվյալ երկիրը զերծ է կոռուպցիայից։ Համաթվի բարձր միավորներով մի շարք երկրներ իրականում նպաստում են կոռուպցիայի տարածմանն այլ երկրներում՝ նպաստելով կոռուպցիայից ստացված եկամուտների լվացմանը և դրանց փոխանցմանն այդ երկրների սահմաններից դուրս, ինչը Կոռուպցիայի ընկալման համաթվի միջոցով չի չափվում։ Օրինակ՝ Շվեյցարիան (80) և Սինգապուրը (84), թեև դասվում են աշխարհի ԿԸՀ ամենաբարձր միավորներ ունեցող երկրների շարքին, այնուամենայնիվ, վերջին տարիներին բախվել են հետաքննության՝ կապված կեղտոտ փողերի շրջանառությանը նպաստելուն։

Քաղաքացիական տարածքի նեղացումը խաթարում է կոռուպցիայի դեմ պայքարը

Վերջին տասնամյակում մեծացել է հասարակական կազմակերպությունների գործունեությանը քաղաքականացված միջամտությունն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Վրաստանը (50), Ինդոնեզիան (34) և Պերուն (30), որոնցում ընդունվել են նոր օրենքներ, որոնք սահմանափակում են իշխանությունների գործունեությունը հսկող կամ քննադատող կազմակերպությունների համար ֆինանսավորման հասանելիությունը կամ նույնիսկ թուլացնում են նրանց։ Նման օրենսքները հաճախ ուղեկցվում են նրանց դեմ վարկաբեկման արշավներով և սպառնալիքներով։ Այնպիսի երկրներում, ինչպես, օրինակ, Թունիսում (39), քաղաքացիական տարածքը նեղանում է ոչ թե նոր սահմանափակող օրենքների, այլ հասարակական կազմակերպությունների գործունեությունը կաշկանդող վարչական, դատական և ֆինանսական ճնշումների միջոցով։ Նման պայմաններում անկախ լրագրողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ազդարարողների համար ավելի դժվար է բարձրաձայնել կոռուպցիայի մասին, և ավելի հավանական է, որ կոռուպցիայի մեջ ներգրավված պաշտոնատար անձինք կշարունակեն չարաշահել իրենց լիազորությունները։ Քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների հետևանքով Թրանսփարենսի Ինթրնեշնլի մասնաճյուղերը Ռուսաստանում (22) և Վենեսուելայում (10) ստիպված են եղել իրենց գործունեությունը շարունակել արտերկրում՝ փաստացի աքսորում։

Այսպիսի սահմանափակող միջավայրերը ոչ միայն լռեցնում են քննադատներին և վերահսկող կազմակերպություններին, այլև իրական վտանգներ են ստեղծում նրանց համար, ովքեր համարձակվում են բացահայտել իրավախախտումները։ 2012 թվականից ի վեր ոչ պատերազմական գոտիներում կոռուպցիոն թեմաներ լուսաբանող 150 լրագրող է սպանվել, և գրեթե բոլոր դեպքերը գրանցվել են կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկրներում։

Կոռուպցիայի գլոբալ պատկերը․ հիմնական եզրահանգումներ

Կոռուպցիայի ընկալման համաթիվը դասակարգում է 182 երկիր և տարածք՝ ըստ հանրային հատվածում կոռուպցիայի ընկալվող մակարդակի՝ 0-ից (խիստ կոռումպացված) մինչև 100 (շատ մաքուր) սանդղակով։

ԿԸՀ համաթվի համաշխարհային միջին միավորը կազմում է 42՝ 100-ից, ինչը վերջին ավելի քան տասնամյակի ընթացքում ամենացածր ցուցանիշն է և վկայում է նվազման մտահոգիչ միտումի մասին, որն անհրաժեշտ կլինի ժամանակի ընթացքում դիտարկել։

Երկրների ճնշող մեծամասնությունը չի կարողանում արդյունավետորեն վերահսկել կոռուպցիան․ նրանցից ավելի քան երկու երրորդը՝ 182 երկրներից 122-ը, ստացել են 50-ից ցածր միավոր։

Ութերորդ տարին անընդմեջ Դանիան գրանցում է համաթվի ամենաբարձր արդյունքը (89)՝ որին անմիջապես հաջորդում են Ֆինլանդիան (88) և Սինգապուրը (84)։

ԿԸՀ ամենացածր միավորներ ունեցող երկրների գերակշիռ մեծամասնությունում առկա են խիստ ճնշված քաղաքացիական հասարակություններ և անկայունության բարձր մակարդակ ։ Այդ երկրներից են Հարավային Սուդանը (9), Սոմալին (9) և Վենեսուելան (10)։

2012 թվականից ի վեր 50 երկրներում Կոռուպցիայի ընկալման համաթվերը զգալիորեն նվազել են։ Ամենամեծ անկում արձանագրած երկրների թվում են Թուրքիան (31), Հունգարիան (40) և Նիկարագուան (14)։ Այս համաթվերն արտացոլում են բարեվարքության մեխանիզմների մի ամբողջ տասնամյակ ձգվող, կառուցվածքային թուլացման մասին՝ պայմանավորված ժողովրդավարական հետընթացով, հակամարտություններով, ինստիտուցիոնալ խոցելիությամբ և հովանավորչական արմատավորված ցանցերով։ Այս անկումները կտրուկ են, կայուն և դժվար շրջելի, քանի որ կոռուպցիան դառնում է համակարգային և խորապես արմատացած, ինչպես քաղաքական, այնպես էլ վարչական համակարգերում։

Նույն ժամանակահատվածում՝ 2012 թվականից ի վեր, 31 երկիր զգալիորեն բարելավել է իր ԿԸՀ ցուցանիշները։ Ամենամեծ առաջընթաց արձանագրած երկրների թվում են Էստոնիան (76), Հարավային Կորեան (63) և Սեյշելյան կղզիները (68)։ Նման ժողովրդավարական երկրներում արձանագրված երկարաժամկետ բարելավումները արտացոլում են բարեփոխումների կայուն տեմպը, հզորացած վերահսկող ինստիտուտները և մաքուր կառավարման օգտին ձևավորված լայն քաղաքական համաձայնությունը։ Այս ոլորտներում հաջողությունները, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված են հանրային ծառայությունների թվայնացմամբ, քաղաքացիական ծառայության պրոֆեսիոնալացմամբ, և տարածաշրջանային ու գլոբալ կառավարման չափանիշների ինստիտուցիոնալ արմատավորմամբ։

ԿԸՀ 2025 թ. Հայաստանի և այլ երկրների արդյունքները

Հայաստանի ԿԸՀ 2025թ. արժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է մեկ միավորով՝ իջնելով 46 միավոր՝ 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։

Հայաստանի ԿԸՀ 2025թ․ համաթիվը (46) հավասար է այն հաշվարկելու համար օգտագործված 6 աղբյուրների համաթվերի միջին թվաբանականին։[1] Այդ աղբյուրներն են` Բերթելսմանի հիմնադրամի 2026 թ. տրանսֆորմացիոն համաթիվը (51 միավոր, նույնը ինչ 2024թ․-ին), Ֆրիդոմ Հաուսի Անցումային փուլում գտնվող պետություններ 2024թ. զեկույցի Կոռուպցիա ենթահամաթիվը (44 միավոր, նույնը ինչ 2024թ․-ին), Գլոբալ Ինսայթի Երկրի ռիսկայնության 2024թ. վարկանիշը (46 միավոր, նույնը ինչ 2024թ․-ին ), Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2025թ. ուղեցույցը (33 միավոր, նույնը ինչ 2024թ․-ին), Ժողովրդավարության բազմազանության ծրագրի 2025 թ․-ի հրապարակումը (50 միավոր, նույնը ինչ 2024թ․-ին) և Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցման 2025թ. հրապարակումը (53 միավոր, 2024թ․-ին՝ 56):

Գծապատկեր 1-ում ներկայացված են Հայաստանի ԿԸՀ արժեքները 2015-2025թթ. ընկած ժամանակահատվածում:

2025 թ. 182 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը Քուվեյթի, Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա), Նամիբիայի և Սենեգալի հետ կիսում է 65-69-րդ տեղերը (2024 թ.-ին Հայաստանը կիսում էր 63-64-րդ տեղերը 180 երկրների շարքում): Գծապատկեր 2-ում ներկայացված են Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների, ներառյալ Հայաստանի, 2024 ԿԸՀ արժեքները։ Ինչպես երևում է Գծապատկերից, Հայաստանն իր 2025թ․ ԿԸՀ համաթվի արժեքով ԵԽ այն 42 երկրների մեջ, որոնց ԿԸՀ-ն 2025 թվականին հաշվարկվել է, Մոնտենեգրոյի հետ կիսում է 30-31-րդ տեղերը, ընդ որում ԵՄ անդամ 27 երկրներից միայն երեք երկրների (Ռումինիա, Բուլղարիա և Հունգարիա) ԿԸՀ համաթվի արժեքներն են Հայաստանի ԿԸՀ համաթվի արժեքից ցածր։ Սա բավականին համեստ ցուցանիշ է, որը նաև ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն բարեփոխումները դեռևս չեն տալիս գործարարների և փորձագետների ակնկալած արդյունքները, որոնց ընկալումները չափում է ԿԸՀ-ն։

Ինչպես երևում է Գծապատկերից` Հայաստանը ԵԽ երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ։ Սա նշանակում է, որ Հայաստանը դեռևս շատ անելիքներ ունի՝ գրանցելու համար իրական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում։

Գծապատկեր 2

Ինչպես և նախորդ չորս տարիներին, Հայաստանի ԿԸՀ արժեքը 2025 թվականին (46) ավելի բարձր է ԿԸՀ համաշխարհային միջին արժեքից (այն 43-ից նվազել է՝ դառնալով 42, որը վերջին տասնամյակի ամենացածր ցուցանիշն է)։ Այն նաև գերազանցում է հարևան երկրների (բացի Վրաստանից) և ԵԱՏՄ մյուս երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան) 2025թ․ ԿԸՀ արժեքները։ Իր հարևաններից Թուրքիան (31) կիսում է 124-129-րդ տեղերը, Իրանը (23)` 153-156-րդ տեղերը, իսկ Ադրբեջանը (30)՝ 130-134-րդ տեղերը։ ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը (38) զբաղեցնում է 96-98-րդ տեղերը, Բելառուսը (31)՝ 124-129-րդ տեղերը, Ղրղզստանը (26)՝ 142-147-րդ տեղերը և Ռուսաստանը (22)՝ 157-160-րդ տեղերը:

Գծապատկեր 3


Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարածաշրջանային բաժանմամբ՝ Հայաստանը, ներառված է Արևելյան Եվրոպա - Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ, որի դասակարգման աղյուսակը՝ հաշվարկված համաթվերով ներկայացված է Գծապատկեր 3-ում։

Ինչպես երևում է գծապատկերից, Հայաստանը, 53-55-րդ տեղերում գտնվող Վրաստանից (50) հետո, երկրորդ տեղում է տարածաշրջանի երկրների շրջանում։

Կոռուպցիայի ընկալման համաթվի մասին

Սկսած 1995 թ. իր առաջին հրապարակումից՝ Կոռուպցիայի ընկալման համաթիվը դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: 2023 թվականի համաթիվը գնահատել է աշխարհի 180 երկրները և տարածքները՝ ելնելով հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումից և օգտագործելով տվյալներ 13 արտաքին աղբյուրներից, որոնց թվում՝ Համաշխարհային Բանկը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, ռիսկեր գնահատող և խորհրդատվական մասնավոր ընկերությունները, հետազոտական կենտրոնները և այլն։ Գնահատականներն արտացոլում են փորձագետների և գործարարների ընկալումները։

ԿԸՀ-ի հաշվարկման գործընթացը կանոնավոր կերպով վերանայվում է (վերջին անգամ՝ 2017 թվականին Եվրոպական հանձնաժողովի համատեղ հետազոտական կենտրոնի կողմից) համոզվելու համար, որ այն ունի հնարավորինս կուռ և համահունչ ներքին տրամաբանություն։ 2012 թվականից հետո ԿԸՀ յուրաքանչյուր տարվա գնահատականները համեմատելի են այլ տարվա գնահատականների հետ։