Բեռլին, 31 հունվարի, 2023թ․ - Այսօր Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից հրապարակված Կոռուպցիայի ընկալման 2022թ․ համաթիվը ցույց է տալիս, որ կոռուպցիան շարունակում է մոլեգնել Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ընդ որում տարածաշրջանի շատ երկրների համաթվերի արժեքները գրանցեցին իրենց պատմական նվազագույնը։
Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա ցնցեց աշխարհը 2022 թվականին, իսկ համաձայն Global Peace Index-ի՝ խաղաղությունը Եվրասիական տարածաշրջանում նվազեց ավելի շատ, քան աշխարհի որևէ այլ տարածաշրջանում։ Ողջ տարածաշրջանում իշխանության բարձր մակարդակում կոռուպցիան առաջացնում է քաղաքական անկայունություն, թուլացնում է ինստիտուտները, ավելի տարածված է դարձնում կազմակերպված հանցավորությունը և նույնիսկ հրահրում է դաժան հակամարտություն։
Ինչպես նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային խորհրդական Ալթինայ Միրզաբեկովան․ «Անցնող տարում միջազգային հանրությունն ականատես եղավ որևէ ձևով չզսպվող կոռուպցիայի և կլեպտոկրատիայի առավել վայրագ հետևանքին։ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայիի առաջնորդների համար եկել է սթափվելու ժամանակը՝ վերջապես ստանձնելու համատարած կոռուպցիայի դեմ պայքարը և աջակցելու ժողովրդավարությանը, կայունությանը և մարդու հիմնարար իրավունքներիին տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար»։
Կոռուպցիայի ընդհանուր իրավիճակը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 2022 թվականին
ԿԸՀ 2022թ․ դասակարգումն ընդգրկում է 180 պետություն և տարածք՝ ըստ հանրային ոլորտում 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով չափված կոռուպցիայի մակարդակների նրանց ընկալման։
Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ԿԸՀ միջին արժեքը 2022թ․-ին նվազել է մեկ միավորով և հավասարվել է 35-ի։
- Վրաստանը (56 միավոր), Հայաստանը (46 միավոր) և Չեռնոգորիան (45 միավոր) առաջատարներն են և տարածաշրջանի միակ երկրները, որոնց համաթվերի արժեքները բարձր են համաշխարհային միջինից, որը հավասար է 43-ի։
- Տարածաշրջանի հետնապահներն են Թուրքմենստանը (19 միավոր), Ադրբեջանը (23 միավոր) և Տաջիկստանը (24 միավոր)։
- Սերբիայի (36 միավոր), Թուրքիայի (36 միավոր), Բոսնիա և Հերցեգովինայի (34 միավոր) և Ադրբեջանի (23 միավոր) ԿԸՀ արժեքները 2022թ․-ին իրենց պատմական նվազագույններն են։
- 2017թ․ համեմատ իրենց ԿԸՀ արժեքները նշանակալիորեն բարելավել են Հայաստանը (46 միավոր), Մոլդովան (39 միավոր) և Ուզբեկստանը (31 միավոր)։
Յուրաքանչյուր պետության ԿԸՀ անհատական միավորի և ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունների, ինչպես նաև յուրաքանչյուր տարածաշրջանի վերլուծության վերաբերյալ տեղեկատվության համար տե՛ս տարածաշրջանի 2022 ԿԸՀ էջ հղումը։
Կոռուպցիան, հակամարտությունը և անվտանգությունը
Կոռուպցիայի դեմ պայքարում տարիների անգործությունը թույլ տվեց կլեպտոկրատներին հաստատելու իրենց վերահսկողությունը, խաթարելու ժողովրդավարական գործընթացները, սահմանափակելու քաղաքացիական հասարակության տարածքը և թուլացնելու հանրային կառույցները՝ բորբոքելով բռնություն, հակամարտություններ և անկայունություն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում։
- 2022թ․ փետրվարին սկսված Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա հանդիսանում է խիստ հիշեցում առ այն, որ կոռուպցիան և իշխանությունների կողմից հաշվետվողականության բացակայությունը ծնում են սպառնալիքներ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը․ Ռուսաստանի (28 միավոր) կլեպտոկրատները դիզել են մեծ հարստություն՝ խոստանալով իրենց հավատարմությունը նախագահ Պուտինին և դրա դիմաց պետությունից ստանալով շահավետ պայմանագրեր և իրենց տնտեսական շահերի պաշտպանություն ։ Պուտինի իշխանության վրա զսպումների կատարյալ բացակայությունը թույլ տվեց նրան անպատիժ կերպով հետամուտ լինելւ իր աշխարհաքաղաքական նկրտումներին։ Այս ներխուժումն ապակայունացրեց եվրոպական աշխարհամասը՝ սպառնալով ժողովրդավարությանը և սպանելով տասնյակ հազարավոր մարդկանց։
- Ղազախստանում (36 միավոր) անարդարության և կոռուպցիայի դեմ, մանավանդ կապված նրա նախկին իշխող ընտանիքի ենթադրաբար ապօրինի ճանապարհով ձեռք բերված հարստության հետ, երկար ժամանակ եռացող դժգոհությունը պայթեց 2022թ․ հունվարին։ Վառելիքի գների թռիչքաձև աճը դուրս բերեց մարդկանց փողոցները բողոքի ցույցերի, որոնք ի վերջո վերաճեցին անկարգությունների։ Ավելի քան 200 մարդ սպանվեց և անվտանգության ուժերին մեղադրեցին իրենց կողմից ձերբակալված վիրավոր ցուցարարներին խոշտանգելու մեջ։
- Արևմտյան Բալկանների պետությունները շարունակում են պայքարել կազմակերպված հանցավորության դեմ իրենց սակավ միջոցներ ունեցող կառույցների միջոցով, որոնք չունեն բավարար կարողություններ կամ անկախություն՝ լուծելու համար այդ հիմնահարցը, մասամբ նաև կոռուպցիայի պատճառով։ Սերբիայի (36 միավոր) և Բոսնիա և Հերցեգովինայի (34 միավոր) ԿԸՀ արժեքները 2022թ․ հասան իրենց պատմական նվազազագույն ցուցանիշներին՝ օրենքի գերակայության համար և զավթված դատական համակարգի դեմ պայքարում։ Բոսնիա և Հերցեգովինայում կոռուպցիոն սկանդալների շարքը, պաշտոնանկությունները և նոր գլխավոր դատախազի նշանակման խիստ թերի ընթացակարգն արատավորեցին դատախազական գլխավոր հաստատությունը։ Սերբիայում քաղաքական դերակատարներն ունեն էական ազդեցություն դատական համակարգի վրա, որը տապալեց կազմակերպված հանցավորության հետ կապված մի քանի կարևոր գործեր, ներառյալ նրանք, որոնցում, ենթադրաբար ներքաշված էին բարձրաստիճան պաշտոնյաներ։
- Նախքան ռուսական ներխուժումը, չնայած Ուկրաինայի (33 միավոր) ԿԸՀ համաթվի արժեքը մնում էր ցածր, նա անցկացնում էր կարևոր հակակոռուպցիոն բարեփոխումներ և այդ արժեքն անշեղորեն բարելավում էր։ Նույնիսկ պատերազմը սկսվելուց հետո պետությունը շարունակում էր առաջնահերթություն համարել հակակոռուպցիոն բարեփոխումները և անցյալ տարի հունիսին ընդունեց երկրի նոր Հակակոռուպցիոն ռազմավարությունը։ Սակայն, պատերազմը խաթարեց բարեփոխումների բնականոն ընթացքը և մեծացրեց կոռուպցիոն ռիսկերը՝ թույլ տալով կոռումպացված դերակատարներին գրպանել վերականգնման համար նախատեսված գումարները, երբ այս տարվա հունվարի կեսերին հետաքննությունը բացահայտեց պատերազմական վիճակից շահավետ օգտվելու դեպքեր պաշտպանության նախարարության կամ համայնքների և տարածաշրջանների զարգացման նախարարության կողմից։ Այս սկանդալն ընդգծում է բարեփոխումների անհրաժեշտությունը՝ կանխարգելելու համար այսպիսի խախտումներն ապագայում, սակայն արժեքավոր է այն, որ երկրի հակակոռուպցիոն մեխանիզմները մինչ այժմ էլ թույլ են տալիս պատասխանատվության ենթարկել պետական պաշտոնյաներին։
Թրանսփարենսի Ինթրնեշնլը կոչ է անում կառավարություններին առաջնահերթ դարձնել հակակոռուպցիոն պարտավորությունները, ուժեղացնել հակակշիռները, պաշտպանել տեղեկատվության իրավունքը և սահմանափակել մասնավոր շահերի ազդեցությունը՝ աշխարհը կոռուպցիայից և դրանից առաջ եկող բռնությունից վերջնականապես ազատելու համար։
Ինչպես նշում է Թրանսփարենսի Ինթրնեշնլի գործադիր տնօրեն Դանիել Էրիկսոնը․ «Լավ լուրն այն է, որ առաջնորդները կարող են միաժամանակ պայքարել կոռուպցիայի դեմ և նպաստել խաղաղությանը։ Կառավարությունները պետք է ավելի բաց լինեն, ներառելու որոշումների կայացման մեջ հանրությանը, սկսած ակտիվիստներից և գործարարներից մինչև մարգինալացված խմբերը և երիտասարդներին։ Ժողովրդավարական հասարակություններում մարդիկ կարող են բարձրացնել իրենց ձայները՝ արմատախիլ անելու համար կոռուպցիան և պահանջելու ավելի ապահով աշխարհ բոլորիս համար։»
Ծանոթագրություն
Մեդիա էջը (տե՛ս https://www.transparency.org/en/cpi/2022/media-kit) ներառում է ԿԸՀ 2022-ի զեկույցը հինգ լեզուներով, ինչպես նաև տվյալների ամբողջական բազան, մեթոդաբանությունը, մամլո միջազգային հաղորդագրությունն անգլերեն և ռուսերեն լեզուներով և լրացուցիչ վերլուծություն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վերաբերյալ։
Կոռուպցիայի ընկալման համաթվի մասին
Սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից Կոռուպցիայի ընկալման համաթիվը, դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: 2021 թվականի համաթիվը գնահատել է աշխարհի 180 երկրները և տարածքները՝ ելնելով հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումից և օգտագործելով տվյալներ 13 արտաքին աղբյուրներից, որոնց թվում Համաշխարհային Բանկը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, ռիսկեր գնահատող և խորհրդատվական մասնավոր ընկերությունները, հետազոտական կենտրոնները և այլն։ Գնահատականներն արտացոլում են փորձագետների և գործարարների ընկալումները։
ԿԸՀ-ի հաշվարկման գործընթացը կանոնավոր կերպով վերանայվում է (վերջին անգամ՝ 2017 թվականին Եվրոպական Հանձնաժողովի Համատեղ հետազոտական կենտրոնի կողմից)՝ համոզվելու համար, որ այն ունի հնարավորինս կուռ և համահունչ ներքին տրամաբանություն։ 2012 թվականից այս կողմ ԿԸՀ յուրաքանչյուր տարվա գնահատականները համեմատելի են յուրաքանչյուր այլ տարվա գնահատականների հետ։ Ավելի շատ տեղեկատվության համար՝ տե՛ս ԿԸՀ այբուբենը․ ինչպես է հաշվարկվում Կոռուպցիայի ընկալման համաթիվը հոդվածը (https://www.transparency.org/en/news/how-cpi-scores-are-calculated)։