Երևան, 3 դեկտեմբերի, 2013 թ. Թրանսփարենսի Ինթերնեշնլի 2013 թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվը զգուշացնում է, որ իշխանության չարաշահումը, գաղտնի գործարքները և կաշառակերությունը շարունակում են աշխարհով մեկ ավերածություններ գործել հասարակությունների ներսում:
2013 թ. համաթվի դասակարգման մեջ ներառված 177 երկրների ավելի քան երկու երրորդի համաթիվը 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչև 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա 50-ից ցածր է:
«Կոռուպցիայի ընկալման 2013 թ. համաթիվը ցույց է տալիս, որ բոլոր երկրներն էլ կառավարման բոլոր մակարդակներում շարունակում են դիմագրավել կոռուպցիայի վտանգները` սկսած թույլտվություններ տրամադրելուց և վերջացրած օրենքների և կանոնակարգերի կիրառումով»,- նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ տիկին Հյուգետ Լաբելը:
Կոռուպցիայի ընկալման 2013 թ. համաթիվը. արդյունքներ
Կոռուպցիայի ընկալման 2013 թ. համաթվի դասակարգման աղյուսակի առաջին երկու տեղերը համաթվի 91 արժեքով կիսում են Դանիան և Նոր Զելանդիան: Այս տարի ամենավատ արդյունքը ցույց են տվել Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան և Սոմալին, որոնց համաթիվն ընդամենը 8 միավոր էր:
«Լավագույն արդյունք ցույց տված երկրները հստակ կերպով վեր են հանում, թե ինչպես է թափանցիկությունը նպաստում հաշվետվողականությանը և դրանով կարողանում կանգնեցնել կոռուպցիան»- նշում է տիկին Լաբելը և ավելացնում,- միևնույն ժամանակ, սակայն, լավագույն արդյունք ցույց տվածները դիմագրավում են այնպիսի իրողությունների, ինչպիսիք են պետության զավթումը, նախընտրական քարոզարշավների ֆինանսավորումը և հանրային հնչեղություն ստացած պետական գնումների պայմանագրերը, որոնք շարունակում են մնալ գլխավոր կոռուպցիոն ռիսկերը»:
Կոռուպցիայի ընկալման համաթիվը հիմնված է հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ փորձագետների կարծիքների վրա: Պետությունների համաթվերի արժեքները կարող են բարելավվել տեղեկատվական համակարգերի լայն մատչելիության և հանրային պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաների վարքագիծը կանոնակարգող կանոնների առկայության շնորհիվ, իսկ հանրային ոլորտում հաշվետվողականության պակասը՝ զուգակցված հանրային հաստատությունների անարդյունավետության հետ, խաթարում է հանրության ընկալումը:
Կոռուպցիան հանրային ոլորտում վտանգում է գլոբալ նախաձեռնությունները
Թրանսփարենսի Ինթերնեշնլի կարծիքով կոռուպցիան հանրային ոլորտում, մասնավորապես, կուսակցությունների գործունեության, ոստիկանության և արդարադատության համակարգերում շարունակում է մնալ աշխարհի լրջագույն մարտահրավերներից մեկը: Հանրային հաստատությունները պետք է լինեն ավելի բաց իրենց աշխատանքում, իսկ պաշտոնյաները` ավելի թափանցիկ իրենց որոշումները կայացնելիս:
Թրանսփարենսի Ինթերնեշնլը զգուշացնում է, որ ապագայում կլիմայի փոփոխության, տնտեսական ճգնաժամի և ծայրահեղ աղքատության մարտահրավերները դիմագրավելու ճանապարհով ընթանալը խոչընդոտվելու է կոռուպցիայի տեսքով ահռելի ուղեփակոցի կողմից: Միջազգային կազմակերպությունները և նախաձեռնությունները, ինչպիսին է, օրինակ, G20-ը, պետք է արմատախիլ անեն փողերի լվացումը, ստիպեն ընկերություններին լինելու ավելի թափանցիկ և հետամուտ լինեն թալանված հարստության վերադարձին այդ հարստության օրինական տերերին:
«Ժամանակն է կանգնեցնել անպատիժ կերպով կոռուպցիոն հանցագործություններ կատարող անձանց: Իրավական սողանցքները և իշխանությունների կողմից քաղաքական կամքի պակասը նպաստում են կոռուպցիայի աճին և երկրների ներսում, և միջազգային մակարդակում` ստիպելով մեզ ավելի ինտենսիվ կերպով պայքարելու կոռումպացված պաշտոնյաների անպատժելիության դեմ», նշում է տիկին Լաբելը:
****
Խորհրդային Միության նախկին 15 հանրապետություններից ԿԸՀ իր բարձր ցուցանիշով շարունակում է առանձնանալ Էստոնիան: Նախորդ տարվա համեմատությամբ էլ ավելի բարելավելով իր ԿԸՀ համաթիվը (68` նախորդ տարվա 64-ի փոխարեն)՝ այն դասակարգման աղյուսակում ընդգրկված 177 երկրների մեջ և Քաթարի հետ միասին կիսում է 28-29-րդ տեղերը՝ շարունակելով մնալ ոչ միայն նախկին ԽՍՀՄ, այլև նախկին կոմունիստական երկրների մեջ կոռուպցիայից առավել մաքուր պետությունը: Հայաստանի ԿԸՀ այս տարվա համաթիվը հավասար է 36-ի: Այն նախորդ տարվա համեմատ բարելավել է 2-ով և այդ համաթվով նա կիսում է 94-ից 101-րդ տեղերը (անցյալ տարվա 105-ից 112-րդ տեղերի փոխարեն) : Այդ ցուցանիշով այն նախկին խորհրդային հանրապետությունների մեջ, բացի երեք մերձբալթյան հանրապետություններից, զիջում է նաև Վրաստանին (ԿԸՀ արժեքը 49` նախորդ տարվա 52-ի փոխարեն, զբաղեցրած տեղը` 55-56): Հայաստանի մյուս հարևաններից, ինչպես և նախկինում, նրանից ավելի բարվոք վիճակում է գտնվում Թուրքիան (ԿԸՀ արժեք՝ 50` նախորդ տարվա 49-ի փոխարեն, զբաղեցրած տեղը` 53-54), իսկ Իրանը (ԿԸՀ արժեք՝ 25, զբաղեցրած տեղը` 144-149) ու Ադրբեջանը (ԿԸՀ արժեք՝ 28, զբաղեցրած տեղը` 127-135), ինչպես և նախորդ տարի, ավելի վատ դիրքերում են: ԿԸՀ իրենց արժեքներով Հայաստանին այս (ինչպես և նախորդ տարիներին) զիջում են Մաքսային Միության բոլոր երեք անդամները: Մասնավորապես՝ Ռուսաստանի ԿԸՀ 2013 թ. արժեքը հավասար է 28-ի (զբաղեցրած տեղը՝ 127-135), Բելառուսինը՝ 29 (զբաղեցրած տեղը՝ 123-126), իսկ Ղազախստանինը՝ 26 (զբաղեցրած տեղը՝ 140-143): Համեմատության համար կարելի է նշել, որ Եվրամիության երկրներից 2013 թ. ԿԸՀ ամենացածր ցուցանիշը Հունաստանինն է՝ 40 (զբաղեցրած տեղը՝ 80-81):
###
Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոռուպցիայի դեմ պայքարող քաղաքացիական հասարակության առաջատար համաշխարհային կազմակերպություն է: