Թրանսփարենսի Ինթերնեշնլի 2009թ. կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) ցուցակում ընդգրկված աշխարհի 180 երկրներից 129-ի ԿԸՀ արժեքները 5-ից ցածր են 0-ից 10 սանդղակով, որտեղ 0-ն բացարձակապես կոռումպացված, իսկ 10-ը բացարձակապես չկոռումպացված լինելու ընկալումն է: ԿԸՀ-ով չափվում է տվյալ երկրի հանրային ոլորտի կոռումպացված լինելու աստիճանի ընկալումը: Այս համաթիվը հանդիսանում է բաղադրիչ համաթիվ, որը կազմված է 10 հեղինակավոր կազմակերպությունների կողմից փորձագետների և գործարարների շրջանում իրականացված 13 ուսումնասիրություններից ստացված համաթվերի համակցությունից:
ԿԸՀ-ի այս տարվա արդյունքները ցույց են տալիս, որ անկայուն պետությունները, որոնք տուժել են պատերազմից կամ որոնցում շարունակվում են զինված հակամարտությունները, հանգրվանել են ցուցակի ներքին հորիզոնականներում: Այդ երկրներն են Սոմալին` 1.1, Աֆղանստանը` 1.3, Մյանման` 1.4 և Սուդանն ու Իրաքը` յուրաքանչյուրը 1.5 համաթվերով: 2009թ. ԿԸՀ ամենաբարձր արժեքներն ունեն Նոր Զելանդիան` 9.4, Դանիան` 9.3, Սինգապուրն ու Շվեդիան` 9.2 և Շվեյցարիան` 9.0: Բերված թվերն արտացոլում են նշված երկրներում առկա քաղաքական կայունությունը, շահերի բախումը կարգավորող աշխատող մեխանիզմները և հստակ գործառույթների հիման վրա գործող հանրային ինստիտուտները:
Ընդհանուր առմամբ, ԿԸՀ 2009թ. տվյալները մեծ մտահոգության առարկա են, քանի որ կոռուպցիան շարունակում է մնալ համատարած այնտեղ, որտեղ իշխում է ոչ-թափանցիկ գործելաոճը, որտեղ հանրային հաստատությունները դեռևս կարիք ունեն ամրապնդման և որտեղ կառավարությունները չեն իրականացնում իրական հակակոռուպցիոն բարեփոխումներ: 2008թ. համեմատ այս տարի նահանջ են արձանագրել Բահրեյնը, Հունաստանը, Իրանը, Մալայզիան, Մալթան և Սլովակիան: Բարելավում անցյալ տարվա համեմատ նկատվելէ Բանգլադեշում, Բելառուսում, Գվատեմալայում, Լիտվայում, Մոլդովայում, Չերնոգորիայում, Լեհաստանում, Սիրիայում և Տոնգայում:
Նախկին խորհրդային հանրապետություններից առաջատարը կրկին Էստոնիան է ԿԸՀ-ի 6.6 արժեքով: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա այստեղ առաջընթաց արձանագրել են Վրաստանը, որի ԿԸՀ-ն 3.9-ից աճել է մինչև 4.1 և Ադրբեջանը, որի ԿԸՀ-ն 1.9-ից բարձրացել է մինչև 2.4: Հայաստանն արձանագրել է նահանջ 2.9-ից մինչև 2.7: Մյուս հարևան երկրներում, Թուրքիայում և Իրանում նույնպես արձանագրվել է նահանջ համապատասխանաբար 0.2 և 0.5 կետով: Եթե Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի ԿԸՀ-ի արժեքները շարունակում են մնալ 3.0-ից ցածր, որը բնորոշ է համակարգային կոռուպցիա ունեցող երկրներին, ապա Վրաստանը և Թուրքիան գրանցում են շարունակական բարելավում սկսած 2004թ.-ից, և այժմ նրանց ԿԸՀ-ները 4.0-ից բարձր են: