2011 թվականը`կառավարման ճգնաժամի տարի
Բողոքի ցույցերը, որոնցով նշանավորվեց 2011 թ., ցույց տվեցին զանգվածների զայրույթը քաղաքականության և հանրային ոլորտում առկա կոռուպցիայի նկատմամբ
Երևան, 1 դեկտեմբերի, 2011 թ. Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) 2011 թ. Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) այսօր հրապարակված տվյալների համաձայն` կոռուպցիան շարունակում է մոլեգնել աշխարհի չափազանց մեծ թվով երկրներում: Սա ցույց է տալիս, որ այդ երկրների իշխանություններն անկարող են պաշտպանել իրենց քաղաքացիներին կոռուպցիայից` լինի դա հանրային միջոցների յուրացումը, կաշառակերությունը թե որոշումների կայացումը գաղտնիության շղարշով պատելու գործելակերպը:
ԹԻ-ն ահազանգում է, որ ողջ աշխարհով մեկ տեղի ունեցող բողոքի ցույցերը, որոնց դրդապատճառները հաճախ կոռուպցիան և տնտեսական անկայունությունն են, հստակորեն ցույց են տալիս, որ քաղաքացիները գտնում են, որ իրենց քաղաքական առաջնորդները և պետական հաստատությունները բավարար չափով թափանցիկ չեն և ոչ էլ հաշվետու իրենց:
Այս տարի մենք տեսանք ,կոռուպցիաե բառը բողոքողների ցուցապաստառների վրա` անկախ նրանից, թե այդ բողոքողները հարուստ էին, թե աղքատ: Լինի դա պարտքի ճգնաժամում հայտնված Եվրոպան, թե քաղաքական նոր դարաշրջան սկսած արաբական աշխարհը, քաղաքական առաջնորդները պետք է ականջալուր լինեն ավելի լավ կառավարում ունենալու պահանջներինե,- նշում է ԹԻ նախագահ տիկին Հյուգետ Լաբելը:
Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2011 թ. Արդյունքներ
Համաթվի դասակարգման այս տարվա աղյուսակում ընդգրկված է 183 պետություն և տարածք, որոնց համաթվերը գնահատված են 0-ից (բացարձակապես կոռումպացված) 10 (բացարձակապես չկոռումպացված) սանդղակով: Օգտագործված են 17 ուսումնասիրություններից ստացված տվյալները, որոնք վերաբերում են այնպիսի գործոնների, ինչպիսիք են հակակոռուպցիոն բնույթի օրենքների կիրարկումը, տեղեկատվության մատչելիությունը և շահերի բախումը:
Դասակարգման աղյուսակում ընդգրկված երկրների ավելի քան երկու երրրորդի ԿԸՀ արժեքը 5-ից պակաս է: ԿԸՀ ամենաբարձր արժեք ունեցող երկիրը Նոր Զելանդիան է (9.5), որին հետևում են Ֆինլանդիան և Դանիան (երկուսն էլ` 9.4): Աղյուսակը ԿԸՀ 1.0 արժեքով եզրափակում են Սոմալին և Հյուսիսային Կորեան (Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը). վերջինս առաջին անգամ է ընդգրկվում ԿԸՀ աղյուսակում:
2011 թ. մենք ականատեսը եղանք ավելի մեծ թափանցիկության անդիմադրելի ձգտմանը, երբ ողջ աշխարհում քաղաքացիներն իրենց իշխանություններից պահանջում են լինել հաշվետու: ԿԸՀ բարձր արժեքներ ունեցող երկրների փորձը ցույց է տալիս, որ թափանցիկության ընդլայնմանն ուղղված ջանքերը, եթե դրանք կրում են հետևողական բնույթ, կարող են ժամանակի ընթացքում բերել մեծ հաջողությունների, որից կշահեն նաև իրենց քաղաքացիներըե,- նշում է ԹԻ գործադիր տնօրեն պարոն Կոբուս դե Սվարդտը:
Արաբական գարնան երկրների մեծ մասը գտնվում է ԿԸՀ դասակարգման աղյուսակի ներքին հորիզոնականներում, և նրանց ԿԸՀ արժեքները 4-ից ցածր է: Դեռ մինչև արաբական գարնան սկիզբը տարածաշրջանի վերաբերյալ իր զեկույցում (տես http://www.transparency.org/news_room/in_focus/2010/nis_report_regional_me) ԹԻ-ն նախազգուշացնում էր, որ խնամիականությունը, կաշառակերությունը և հովանավորչությունն այնքան խորն են ներթափանցել այդ երկրների առօրյա կյանքում, որ գործող հակակոռուպցիոն օրենքներն այլևս որևէ ազդեցություն չեն գործում:
Արժե նաև նշել, որ եվրոյի գոտու այն երկրները, որոնք առավել խիստ են տուժել պարտքային ճգնաժամերից, գտնվում են Եվրամիության առավել ցածր ԿԸՀ արժեքներ ունեցող երկրների շարքում: Դա մասամբ հետևանք է այն բանի, որ պարտքային ճգնաժամի առանցքային խթանիչների շարքում է նաև պետական պաշտոնյաների անկարողությունը` սանձահարելու կաշառակերությունը և հարկերից խուսափումը:
****
Խորհրդային Միության փլուզումից 20 տարի անց, ելնելով նրա 15 նախկին հանրապետությունների ԿԸՀ ներկա արժեքներից, կարելի է արձանագրել, որ բացի մերձբալթյան հանրապետություններից (ընդ որում, այստեղ առանձնանում է Էստոնիան, որի համաթիվը (6.4) ամենաբարձրն է ոչ միայն նախկին ԽՍՀՄ, այլ նաև Եվրոպայի նախկին կոմունիստական երկրների մեջ) և վերջին տարիներին նաև Վրաստանից, մնացած բոլոր երկրներում, ներառյալ Հայաստանում, կոռուպցիան ունի համակարգային բնույթ: Սա վկայում է, որ անցյալ դարի 90-ականների մասշտաբային համակարգային տնտեսական և քաղաքական փոփոխությունները, դժբախտաբար, չզուգակցվեցին համապատասխան ինստիտուցիոնալ բարեփոխումներով:
Հայաստանի ԿԸՀ արժեքը մնացել է անփոփոխ, և ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, հավասար է 2.6-ի, և այդ ցուցանիշով նա այս տարվա 183 երկրների ԿԸՀ դասակարգման աղյուսակում կիսում է 129-րդից 133-րդ տեղերը (անցյալ տարի Հայաստանը 178 երկրների շարքում կիսում էր 123-րդից 126-րդ տեղերը) Դոմինիկյան Հանրապետության, Հոնդուրասի, Ֆիլիպինների և Սիրիայի հետ: Համաձայն 2011 թ. ԿԸՀ տվյալների` նախկին ԽՍՀՄ հանրապետություններից 2010 թ. համեմատ առաջընթաց գրանցել է միայն Վրաստանը : ԽՍՀՄ մնացած նախկին հանրապետություններն, ինչպես նաև Թուրքիան և Իրանը նախորդ տարվա համեմատ առաջընթաց չեն գրանցել: