Կոռուպցիայի ընկալման 2019 թվականի համաթիվը ցույց է տալիս հակակոռուպցիոն ջանքերի լճացում G7 երկրներում
Վերլուծությունը ցույց է տալիս, որ կոռուպցիան ավելի է տարածված այն երկրներում, որտեղ դրամն ազդում է քաղաքական իշխանության վրա
Բեռլին, 23 հունվարի, 2020 թ. – Համաձայն Կոռուպցիայի ընկալման (ԿԸՀ) 2019 թ. համաթվի, որն այսօր հրապարակվեց Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից, աշխարհի երկրների ավելի քան երկու երրորդում, ներառյալ՝ առավել զարգացած տնտեսություն ունեցող երկրները, հակակոռուպցիոն ջանքերի առումով գրանցվել է լճացում կամ նահանջ:
Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ ընտրությունների քարոզարշավների և կուսակցությունների ֆինանսավորումը ենթակա է շահադիտական նկատառումներ հետապնդող քաղաքական ուժերի ազդեցությանը, ավելի անկարող են պայքարել կոռուպցիայի դեմ:
Ինչպես նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ տիկին Դելիա Ֆերեյրա Ռուբիոն. «Իշխանության վերին օղակներում առկա կոռուպցիայից հիասթափվածությունը և ինստիտուտների նկատմամբ վստահության պակասը մատնացույց են անում քաղաքական բարեվարքության ավելի բարձր մակարդակ ունենալու անհրաժեշտությունը: Իշխանությունները պետք է շտապ կարգով քայլեր ձեռնարկեն ընդդեմ կուսակցությունների ֆինանսավորման մեջ մեծ փողերի այլասերող դերի և այն անհարկի ազդեցության, որ այդ փողերն ունենում են մեր քաղաքական համակարգերի վրա»:
ԿԸՀ 2019-ի մի քանի կարևոր տվյալներ
ԿԸՀ-ն դասակարգում է 180 երկրները և տարածքներն ըստ իրենց հանրային ոլորտում առկա կոռուպցիայի մակարդակների ընկալման՝ հիմնվելով գործարար ոլորտում ղեկավար պաշտոններում գտնվող պաշտոնյաների շրջանում անցկացված 13 փորձագիտական գնահատումների և հարցումների վրա: Այն կիրառում է 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչև 100 (բացարձակապես մաքուր) սանդղակը:
Դասակարգման մեջ ներառված երկրների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ արժեքները 50-ից պակաս են, իսկ ԿԸՀ գլոբալ միջին արժեքը հավասար է 43-ի: Սկսած 2012 թվականից՝ միայն 22 երկրներ են նշանակալիորեն բարելավել ԿԸՀ իրենց արժեքները, որոնցից են Էստոնիան, Հունաստանը և Գայանան: Նշանակալի նահանջ են արձանագրել 21 երկրներ, որոնցից են Ավստրալիան, Կանադան և Նիկարագուան:
Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ տնտեսապես զարգացած մի շարք երկրներ չեն կարող թույլ տալ իրենց բավարարված զգալ, եթե նրանք շարունակում են հավակնել կոռուպցիայի ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում մնալուն: G7 երկրներից չորսի 2019 թ. ԿԸՀ արժեքն ավելի ցածր է, քան նախորդ տարում. դրանք են Կանադան (-4 միավոր), Ֆրանսիան (-3 միավոր), Մեծ Բրիտանիան (-3 միավոր) և ԱՄՆ-ն (-2 միավոր): Գերմանիայի և Ճապոնիայի ԿԸՀ արժեքները մնացել են նույնը, և միայն Իտալիան է առաջադիմել 1 միավորով:
Կոռուպցիան և քաղաքական բարեվարքությունը
Վերլուծությունը ցույց է տալիս, որ այն երկրները, որոնց ԿԸՀ-ն բարձր է, ունեն նախընտրական քարոզչության ֆինանսավորման օրենսդրության ավելի արդյունավետ կիրարկում և քաղաքական ուժերի միջև երկխոսության ավելի լայն ընդգրկում:
Նախընտրական քարոզչության ֆինանսավորման օրենսդրական ավելի համապարփակ կարգավորում և դրա ավելի համակարգված կիրարկում ունեցող երկրների ԿԸՀ միջին արժեքը հավասար է 70-ի, այն դեպքում, երբ այդպիսի կարգավորում ընդհանրապես չունեցող կամ այն անբավարար կերպով կիրարկող երկրների ԿԸՀ միջին արժեքները հավասար են, համապատասխանաբար, 34-ի և 35-ի:
2012 թվականի համեմատությամբ իրենց ԿԸՀ արժեքները նշանակալիորեն բարելաված երկրների 60 տոկոսը նաև խստացրել է նախընտրական քարոզչության ժամանակ արվող նվիրատվությունների կարգավորումները:
«Երկրների մեծ մասում կոռուպցիայի դեմ պայքարում իրական առաջընթացի բացակայությունը հիասթափեցնող է և ամենուրեք ունի շատ մեծ բացասական ազդեցություն քաղաքացիների վրա: Կոռուպցիային վերջ տալու և մարդկանց կյանքը բարելավելու հնարավորություն ունենալու համար մենք պետք է վճռական ջանքեր գործադրենք` լուծելու քաղաքականության և մեծ փողերի միջև կապի հիմնախնդիրը»,- նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի գործադիր տնօրեն տիկին Պատրիսիս Մորեյրան:
Քաղաքական ուժերի միջև ավելի լայն և բաց երկխոսության առկայությամբ երկրների ԿԸՀ միջին արժեքը հավասար է 61-ի, այն դեպքում, երբ այդպիսի երկխոսության ցածր մակարդակ ունեցող կամ ընդհանրապես դրա բացակայությամբ երկրների ԿԸՀ միջին արժեքն հավասար է ընդամենը 32-ի:
2012 թվականի համեմատ իրենց ԿԸՀ արժեքի նշանակալի նվազում գրանցած երկրների զգալի մեծամասնությունում քաղաքական, սոցիալական և գործարար ոլորտների առավել աչքի ընկնող ներկայացուցիչները ներգրավված չեն քաղաքական որոշումների կայացման գործընթացներում:
Առաջարկություններ
Կոռուպցիան նվազեցնելու և քաղաքականության նկատմամբ վստահությունը վերականգնելու նպատակով Թրանսփարենսի Ինթերնեշնլը առաջարկում է, որպեսզի իշխանությունները.
- Ամրապնդեն զսպումների և հավասարակշռումների մեխանիզմները և նպաստեն իշխանության ճյուղերի միջև տարանջատմանը:
- Վճռական քայլեր ձեռնարկեն` հաղթահարելու «արտոնյալների» օգտին բյուջետային ծախսերի կատարումը և հանրային ծառայությունների մատուցումը` պայմանավորված անձնական կապերով կամ որոշակի խմբերի նկատմամբ «առանձնահատուկ» վերաբերմունքով:
- Վերահսկել կուսակցությունների և նախընտրական քարոզչության ֆինանսավորումը` կանխարգելելու քաղաքականության մեջ փողի չափազանց մեծ ազդեցությունը:
- Կարգավորել շահերի բախումը և լուծում գտնել «պտտվող դռների» հիմնախնդրին:
- Կարգավորել լոբբիստական գործունեությունը` նպաստելով որոշումների ավելի մասնակցային կայացմանը:
- Ամրապնդել բարեվարքությունն ընտրական գործընթացներում և պատժել ապատեղեկատվություն վրա հիմնված քարոզչություն իրականացնելու համար:
- Օժտել քաղաքացիներին քաղաքական ազդեցությամբ և պաշտպանել ակտիվիստներին, ազդարարներին և լրագրողներին:
Առաջարկությունների ամբողջական ցանկը տե’ս https://transparency.org/cpi2019 հղումով:
Ծանոթագրություն
Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման 2019 թվականի համաթիվը ներառում է նաև տվյալներ Վըրայըթիզ օֆ Դեմոքրասի (Ժողովրդավարության տարատեսակներ – V-Dem):
Թրանսփարենսի Ինթերնեշնլի մասին
Թրանսփարենսի Ինթերնեշնլը վերջին 25 տարիներին կոռուպցիայի դեմ պայքարող քաղաքացիական հասարակության առաջատար համաշխարհային կազմակերպությունն է: Համատեղենք մեր ջանքերը www.transparency.org-ի միջոցով:
Կոռուպցիայի ընկալման համաթվի մասին
Սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլի ամենանշանակալի հրապարակումը՝ Կոռուպցիայի ընկալման համաթիվը, դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: Համաթիվը տալիս է կոռուպցիայի հարաբերական աստիճանի տարեկան պատկերը՝ դասակարգելով պետություններն ըստ համաթվի արժեքների: 2012 թվականին Թրանսփարենսի Ինթերնեշնլը վերանայեց համաթվի հաշվարկման համար օգտագործվող մեթոդաբանությունը, որը հնարավորություն տվեց տարի առ տարի համեմատելու համաթվի արժեքները: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.transparency.org/research/cpi