Ոչ ֆորմալ քաղաքացիական հակակոռուպցիոն կրթությունը ԹԻՀԿ ռազմավարական առանցքային ուղղություններից է: ԹԻՀԿ-ն իրականացնում է հետևյալ դասընթացները և ծրագրերը։
Հակակոռուպցիոն դպրոց
2019 թվականի ապրիլից ԹԻՀԿ-ը կազմակերպում է հակակոռուպցիոն դպրոցներ, որոնք ուղղված են երիտասարդների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ գիտելիքների տարածմանը։
Հակակոռուպցիոն դպրոցների ընթացքում մասնակիցները ստանում են համապարփակ տեղեկատվություն կոռուպցիայի տեսակների և դրանց չափման միավորների, հանրային ծառայողների բարեվարքության, շահերի բախման իրավիճակների, տնտեսության վրա կոռուպցիայի ազդեցության և շատ այլ կարևոր թեմաների վերաբերյալ։
Ոլորտային գիտելիքներից զատ դպրոցը նաև հնարավորություն է տաիս մասնակիցներին զարգացնել այնպիս կարևոր հմտություններ, ինչպիսիք են քննադատական և վերլուծական մտածողությունը, առաջնորդության զարգացումը։
Ծրագրի ավարտին մասնակիցներին հնարավորություն է տրվում գործնականում կիրառել ձեռք բերված գիտելիքները՝ մշակելով և իրականացնելով հակակոռուպցիոն փոքրիկ նախագծեր։
Հակակոռուպցիոն ակադեմիա
2020 թվականի սեպտեմբերից ԹԻՀԿ-ը ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի հետ համատեղ իրականացնում է «Հակակոռուպցիոն ակադեմիա» մեկամյա դասընթացը, որը միտված է ուսանողներին տրամադրելու բազմակողմանի գիտելիքներ կոռուպցիայի, դրա ծնող գործոնների, տեսակների, քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի, դրա հետևանքների, հակակոռուպցիոն քաղաքականության և հաստատությունների, կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմի և բարեվարքության, աշխարհում և Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։
Դասընթացի նպատակն է ստեղծել հակակոռուպցիոն միջառարկայական ակադեմիական ուսումնական ծրագիր, որը հասանելի կլինի Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին և պետական և հասարակական կազմակերպություններում պրակտիկ աշխատողներին։ Դասընթացի ավարտին ուսանողները ստանում են վկայականներ։
Ծրագրի արդյունքում հրապարակվել է երկու ձեռնարկ՝ «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացի ծրագիրը և «Հակակոռուպցիոն ակադեմիա» գործնական առաջադրանքների ժողովածուն։
Հակակոռուպցիոն դասընթացների շարք
ԹԻՀԿ-ը շարունակում է իր գործունեությունը ուղղված երիտասարդների շարունակական ներգրավմանը կոռուպցիայի դեմ պայքարում՝ կազմակերպելով տարբեր կրթական և իրազեկման միջոցառումներ: Այս նպատակին հասնելու համար ԹԻՀԿ-ը պարբերական դասընթացներ է անցկացնում կոռուպցիայի և լավ կառավարման վերաբերյալ տարբեր թեմաներով: Այս դասընթացները վարում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լավագուն փորձագետները: Դրանով ԹԻՀԿ-ը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին խորացնելու իրենց գիտելիքները կոռուպցիայի հետևանքով առաջացած տարբեր մարտահրավերների վերաբերյալ։
Հակակոռուպցիոն առցանց ակադեմիա
Հակակոռուպցիոն առցանց ակադեմիան կրթական հարթակ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած վայրից և ցանկացած ժամանակ ստանալ գիտելիքներ կոռուպցիայի և դրա դեմ պայքարի մասին։
Ակադեմիայի տեսադասերը, տեքստային նյութերը ու թեստերը տրամադրում են տեսական գիտելիքներ՝ կոռուպցիան ճանաչելու, հասկանալու և արդյունավետորեն դրա դեմ պայքարելու համար։
Հակակոռուպցիոն առցանց ակադեմիայում արդեն հասանելի են կրթական երկու մոդուլներ`
Մոդուլ 1․ Կոռուպցիայի ներածություն
- Թեմա 1․ Կոռուպցիայի սահմանումը և հատկանիշները
- Թեմա 2․ Կոռուպցիայի պատճառները և հետևանքները
- Թեմա 3․ Կոռուպցիայի դրսևորումները և տեսակները
- Թեմա 4․ Կոռուպցիայի չափման և դրա դեմ պայքարի հարցերը
Մոդուլ 2․ Հակակոռուպցիոն քաղաքականություն և հաստատություններ
- Թեմա 1․ Հակակոռուպցիոն քաղաքականությունները և դրա կառուցվածքային տարրերը
- Թեմա 2․ Հակակոռուպցիոն ինստիտուտներ
- Թեմա 3․ Միջազգային հակակոռուպցիոն պարտավորություններ
Մոդուլները նախատեսված են ուսանողների, հանրային ծառայողների, ուսուցիչների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և բոլոր այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են համապարփակ գիտելիք ստանալ հակակոռուպցիոն ոլորտի մասին։ Մեր մոդուլները ներառում են տեսադասեր, տեքստային և անիմացիոն նյութեր, իսկ ուսումնառության ավարտին տրամադրվում են հավաստագրեր։
Հարթակն անվճար է և պարբերաբար համալրվելու է թեմատիկ նոր մոդուլներով։

