Կոռուպցիայի ընկալման 2023 թ․ համաթիվը ցույց է տալիս, թե ինչպես են Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները ավտորիտարիզմի և թույլ դատական համակարգերի պայմաններում մենամարտում կոռուպցիայի հետ

ԿԸՀ 2023-ը բացահայտում է, որ տարածաշրջանը գտնվում է ճգնաժամի մեջ

Բեռլին, հունվարի 30, 2024 թ․ – Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից այսօր հրապարակված 2023 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը ցույց է տալիս, որ Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան մենամարտում են օրենքի չգործող գերակայության , ահագնացվող ավտորիտարիզմի և լայնածավալ կոռուպցիայի հետ: Ժողովրդավարության համատարած հետընթացի և արդարադատության վտանգված համակարգերի արդյունքը կոռուպցիայի վերահսկման թուլացումն է:

Չնայած տարածաշրջանի մեծ մասի առջև ծառացած ծանր մարտահրավերներին, փոփոխությունները հնարավոր են, ինչի մասին վկայում է հինգ երկրների առաջընթացը, որոնք 2014 թվականից ի վեր զգալիորեն բարելավել են իրենց ԿԸՀ ցուցանիշները:

Թրանսփարենսի Ինթերնեշնլի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հարցերով խորհրդական Ալթինայ Միրզաբեկովան նշում է.

«Հանրային հաստատություններն, այդ թվում՝ ոստիկանությունը, դատախազությունը և դատարանները, հաճախ բախվում են իրենց իշխանությունը չարաշահելու միջոցով պետական միջոցները հափշտակողներին հետաքննելու և պատժելու մարտահրավերներին։ Պատերազմով և աղքատության աճով նշանավորվող տարածաշրջանի առաջնորդների համար կարևոր է առաջնահերթությունը տալ այն գործողություններին, որոնք կնպաստեն ընդհանուր բարօրությանը: Տարածաշրջանում արդարադատության համակարգերի էական բարեփոխումներն առանցքային են կոռուպցիայի ծաղկումը կանխելու համար»:

Պատկերը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում

ԿԸՀ-ն դասակարգում է 180 երկիր և տարածքներ՝ ըստ հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալման մակարդակի՝ 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչև 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով:

  • Հայաստանը (ԿԸՀ 47 միավոր), Մոլդովան (42 միավոր), Կոսովոն (41 միավոր), Ուկրաինան (36 միավոր) և Ուզբեկստանը (33 միավոր) վերջին 10 տարիների ընթացքում զգալիորեն բարելավել են իրենց ԿԸՀ արժեքները։
  • Անկում են գրանցել Բոսնիա և Հերցեգովինան (ԿԸՀ 35 միավոր), Թուրքիան (34 միավոր) և Թուրքմենստանը (18 միավոր): Թուրքիան, ինչպես նաև Սերբիան (36 միավոր), Ռուսաստանը (26 միավոր) և Տաջիկստանը (20 միավոր) գրանցել են իրենց ԿԸՀ երբևէ ամենացածր միավորները։
  • Տարածաշրջանում ամենացածր ԿԸՀ միավորներն ունեն Ադրբեջանը (23 միավոր), Տաջիկստանը (20 միավոր) և Թուրքմենստանը (18 միավոր):

Յուրաքանչյուր երկրի ԿԸՀ անհատական միավորի և ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունների համար տե՛ս 2023 CPI Page:

Միտումների և երկրների խորքային վերլուծության համար տե՛ս տարածաշրջանի համար տե՛ս տարածաշրջանում կոռուպցիայի իրավիճակը լուսաբանող ԿԸՀ 2023 Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա․ Ավտոկրատիան և թույլ արդարադատության համակարգերը հնարավորություն են ստեղծում համատարած կոռուպցիայի համար էջի հղումը։

Կոռուպցիա և անարդարություն

Ժողովրդավարության համատարած հետընթացը և արդարադատության թուլացող համակարգերը խաթարում են կոռուպցիայի զսպումն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: Անկախ, թափանցիկ և բավարար ռեսուրսներ ունեցող դատական մարմինները և իրավապահ կառույցներն առանցքային նշանակություն ունեն կոռուպցիան զսպելու համար: Իր հերթին, քաղաքական իշխանության չարաշահման, կաշառակերության և կոռուպցիայի այլ ձևերի ազդեցության կանխումն էական նշանակություն ունի արդարադատության համակարգերի վրա ՝ ապահովելու համար վերջինիս արդյունավետությունն:

  • Ռուսաստանում խորը արմատացած կոռուպցիան (26 միավոր) բխում է ժողովրդին և նրա ռեսուրսներին տիրանալու Պուտինի ռեժիմի երկարատև ջանքերից: Հանրային հաստատությունների նկատմամբ վարչակարգի համատարած վերահսկողությունը նպաստում է հաշվետվողականությունից զուրկ իշխանության համատարած չարաշահմանը։Այս ամենը, զուգորդված դատական իշխանության անկախության վերացման հետ, ստեղծում է մի միջավայր, որտեղ կոռուպցիան անպատժելիորեն ծաղկում է՝ անշեղորեն քայքայելով հանրային վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ: Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմը վառ հիշեցում է չվերահսկվող իշխանության վտանգավոր հետևանքների մասին:
  • Մոլդովան (42 միավոր) շարունակում է իր վերելքը Կոռուպցիայի ընկալման համաթվում՝ ավելացնելով այս տարի իր ԿԸՀ միավորները ևս երեքով: Մոլդովան շարունակում է առաջնահերթություն տալ ժողովրդավարության ամրապնդմանը, հակակոռուպցիոն միջոցառումներին և օրենքի գերակայությանը: Իր բարեփոխումներում առանցքային նշանակություն է տրվում դատական համակարգի անկախության և արդյունավետության ամրապնդմանը, քաղաքական միջամտությունը նվազագույնի հասցնելը, և իրավական պրակտիկայում մանիպուլյացիայի կանխումը: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին մոտ գտնվելը և Ռուսաստանի հետ պատմական կապերը բերում են արտաքին ճնշումների՝ ժամանակ առ ժամանակ խոչընդոտելով բարեփոխումների գործընթացը և բարձրացնելով կոռուպցիոն ռիսկերը:
  • Չորս տարվա ընթացքում Ղրղզստանը (26 միավոր) ժողովրդավարական երկրից, որն ուներ կենսունակ քաղաքացիական հասարակություն, վերածվեց կոնսոլիդացված ավտորիտար վարչակարգի: Նախագահ Սադիր Ժապարովի օրոք նախագահական կառավարմանն անցումը մեծացրել է նախագահի վերահսկողությունն իշխանության վրա, ինչի հետևանքով 2020 թվականից ի վեր երկրի ԿԸՀ-ն անկում է ապրել հինգ կետով: Ժապարովի ազդեցությունը դատավորների առանցքային նշանակումների վրա և հակակոռուպցիոն օրենսդրության անարդյունավետ կիրարկումը խաթարել են դատական իշխանության անկախությունը՝ խախտելով օրենքի գերակայությունը և խոչընդոտելով կոռուպցիոն գործերի քննությանը: Անհրաժեշտ են հրատապ գործողություններ՝ վերահաստատելու հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին , ապահովելու դատական իշխանության անկախությունը և արդյունավետ կերպով կիրառելու հակակոռուպցիոն օրենքները:
  • Արևմտյան Բալկաններում արդարադատության համակարգերը հիմնականում մնում են անկարող քրեական պատասխանատվության ենթարկել այն պետական պաշտոնյաներին, ովքեր քաղաքական ճնշումների հետևանքով չարաշահում են իրենց պաշտոնեական դիրքը։ Բոսնիա և Հերցեգովինայում (35 միավոր) առաջատար էթնիկ քաղաքական կուսակցությունները վերահսկողություն են իրականացնում դատական համակարգի վրա՝ խոչընդոտելով հակակոռուպցիոն ջանքերը և թողնելով չհասցեագրած նշանակալի աղմուկ հանած դեպքերը: Այս միտումը խորանում է, քանի որ քաղաքական վերնախավերը փորձում են լռեցնել հակակոռուպցիոն ակտիվիստներին զրպարտությունը քրեականացնող առաջարկվող օրենսդրության միջոցով՝ է թիրախավորելովքաղաքացիական հասարակությանը և պատժելով պետական իշխանությունները քննադատողներին: Բոսնիայի Սերբիական Հանրապետությունում անձեռնմխելիության մասին վերջին օրենքի նախագծի հնարավոր ընդունումը սպառնում է առանց այն էլ փխրուն օրենքի գերակայությանը` սահմանափակելով դատարանների կարողությունները՝ պատասխանատվության ենթարկելու պետական պաշտոնյաներին ինչպես անցյալ, այնպես էլ ապագա հանցագործությունների համար:

Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոչ է անում կառավարություններին արդարադատության համակարգերի համար ապահովել անկախություն, ռեսուրսներ և թափանցիկություն, որոնք անհրաժեշտ են բոլոր կոռուպցիոն հանցագործությունների համար արդյունավետ պատիժ նշանակելու և իշխանության նկատմամբ վերահսկողություն և հակակշիռներ ապահովելու համար: Անհրաժեշտության դեպքում պետք է նաև ներդրվեն ավելի լավ ընթացակարգեր և օրենքներ, որոնք կօգնեն արդարադատության հաստատություններին պաշտպանվել կոռուպցիոն գործողություններից և թիրախավորել դրանք։

Թրանսփարենսի Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Դանիել Էրիքսոնը նշում է.

«Կոռուպցիան էլ ավելի է խորացնում սոցիալական անարդարությունը և անհամաչափորեն ավելի վատ է ազդում ամենախոցելի խավերի վրա։ Շատ երկրներում կոռուպցիայի զոհերի համար արդարությանը հասնելու խոչընդոտները պահպանվում են: Ժամանակն է կոտրել պատնեշները և ապահովել, որ մարդիկ կարողանան արդյունավետ կերպով օգտվել արդարադատությունից: Յուրաքանչյուր ոք արժանի է արդար և ներառական իրավական համակարգերի, որտեղ զոհերի ձայնը լսելի է յուրաքանչյուր փուլում։ Ցանկացած այլ բան վիրավորանք է արդարադատության նկատմամբ»:

Կոռուպցիայի ընկալման համաթվի մասին

Սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից Կոռուպցիայի ընկալման համաթիվը, դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: 2021 թվականի համաթիվը գնահատել է աշխարհի 180 երկրները և տարածքները՝ ելնելով հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումից և օգտագործելով տվյալներ 13 արտաքին աղբյուրներից, որոնց թվում Համաշխարհային Բանկը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, ռիսկեր գնահատող և խորհրդատվական մասնավոր ընկերությունները, հետազոտական կենտրոնները և այլն։

Գնահատականներն արտացոլում են փորձագետների և գործարարների ընկալումները։ ԿԸՀ-ի հաշվարկման գործընթացը կանոնավոր կերպով վերանայվում է (վերջին անգամ՝ 2017 թվականին Եվրոպական Հանձնաժողովի Համատեղ հետազոտական կենտրոնի կողմից)՝ համոզվելու համար, որ այն ունի հնարավորինս կուռ և համահունչ ներքին տրամաբանություն։ 2012 թվականից այս կողմ ԿԸՀ յուրաքանչյուր տարվա գնահատականները համեմատելի են յուրաքանչյուր այլ տարվա գնահատականների հետ։ Ավելի շատ տեղեկատվության համար՝ տե՛ս ԿԸՀ այբուբենը․ ինչպես է հաշվարկվում Կոռուպցիայի ընկալման համաթիվը հոդվածը։