Կոռուպցիայի ընկալման 2018թ. համաթիվը ցույց է տալիս, որ աշխարհի երկրների մեծ մասում հակակոռուպցիոն ջանքեր չեն գործադրվում
Վերլուծությունը բացահայտում է, որ կոռուպցիան նպաստում է ժողովրդավարության համաշխարհային ճգնաժամին
Բեռլին, 29 հունվարի, 2019թ. - Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2018թ. տվյալները, որոնք այսօր հրապարակվեցին Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից, ցույց են տալիս, որ կոռուպցիան վերահսկելի մակարդակներում պահելու ուղղությամբ աշխարհի երկրների մեծ մասի շարունակական տապալումն իր ներդրումն է ունենում ժողովրդավարության համաշխարհային ճգնաժամի մեջ:
«Աշխարհով մեկ ժողովրդավարական շատ հաստատությունների` հաճախ ավտորիտար կամ ամբոխավար հակումներ ունեցող առաջնորդների կողմից վտանգված լինելու պայմաններում մենք պետք է ավելին անենք` ուժեղացնելու զսպումների և հակակշիռների մեխանիզմները և պաշտպանենք քաղաքացիների իրավունքները: Կոռուպցիան «մաշեցնում» է ժողովրդավարությունը` ծնելով մի արատավոր շրջան, որում կոռուպցիան քայքայում է ժողվրդավարական հաստատությունները և այդ քայքայված, թուլացած հաստատություններն էլ, իրենց հերթին, ավելի քիչ են ունակ` պահելու կոռուպցիան վերահսկելի մակարդակների վրա»,- նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի գործադիր տնօրեն տիկին Պատրիսիա Մորեյրան:
ԿԸՀ 2018թ. տվյալները հիմնված են աշխարհի 180 երկրներում և տարածքներում անցկացված 13 ուսումնասիրությունների և փորձագիտական գնահատումների վրա, որոնք չափում են հանրային ոլորտում կոռուպցիան` տալով յուրաքանչյուր երկրին ԿԸՀ արժեք 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչև 100 (բացարձակապես մաքուր), սանդղակի վրա:
ԿԸՀ մի քանի կարևոր տվյալներ
Աշխարհի երկրների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ արժեքները 50-ից ցածր են, իսկ նրա համաշխարհային միջինը հավասար է 43-ի: Սկսած 2012 թվականից, միայն 20 երկիր է էականորեն բարելավել ԿԸՀ իր արժեքը, ներառյալ՝ Արգենտինան և Կոտ Դ'Իվուարը, իսկ 16 երկրների դեպքում, ներառյալ՝ Ավստրալիան, Չիլին և Մալթան, դրանք էականորեն նվազել են:
Դանիան և Նոր Զելանդիան գլխավորում են 2018թ. դասակարգման աղյուսակը՝ համապատասխանաբար 88 և 87 միավորներով: Աղյուսակը եզրափակում են Սոմալին, Հարավային Սուդանը և Սիրիան` համապատասխանաբար 10, 13 և 13 միավորներով: ԿԸՀ ամենաբարձր ցուցանիշն ունեցող տարածաշրջաններն են Արևմտյան Եվրոպան և Եվրոպական Միությունը՝ 66 ԿԸՀ միջին արժեքով, իսկ ամենացածր ունեցողներն են Անդրսահարյան Աֆրիկան (ԿԸՀ միջին արժեքը` 32) և Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան (ԿԸՀ միջին արժեքը` 35):
Կոռուպցիան և ժողովրդավարության ճգնաժամը
ԿԸՀ և ժողովրդավարության գլոբալ տվյալների խաչաձև վերլուծությունը բացահայտում է կոռուպցիայի և ժողովրդավարության վիճակի միջև կապը: Լիովին ժողվրդավար երկրների ԿԸՀ միջին արժեքը հավասար է 75-ի, ժողովրդավարության անբավարար մակարդակ ունեցող երկրների դեպքում այն հավասար է 49-ի, ավտորիտարիզմի տարրեր պարունակող հիբրիդ վարչակարգերի ԿԸՀ միջին արժեքը հավասար է 35-ի, իսկ առավել վատ է վիճակը ավտորիտար երկրների պարագայում՝ դրանց ԿԸՀ միջին արժեքը ընդամենը 30 է:
Այս միտումի օրինակ են Հունգարիան և Թուրքիան, որոնց ԿԸՀ արժեքները վերջին հինգ տարիներին նվազել են, համապատասխանաբար, 8 և 9 միավորով: Միևնույն ժամանակ, Թուրքիան ժողովրդավարության առումով նշված տարիների ընթացքում նահանջ ապրեց` «մասամբ ազատ» երկրից վերածվելով «ոչ ազատ»-ի: Իր հերթին, Հունգարիան 1989թ. կոմունիզմի անկումից հետո ընկած ժամանակաշրջանում գրանցեց քաղաքական ազատությունների գծով ամենացածր արժեքը: Այս տվյալներն արտացոլում են օրենքի գերակայության և ժողովրդավարական հաստատությունների խարխլումը, ինչպես նաև այդ երկրներում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների համար գործունեության ոլորտների արագ տեմպերով կրճատումը:
Ընդհանուր առմամբ, կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկրները կարող են հանդիսանալ վտանգավոր վայրեր քաղաքական ընդդիմության համար: Գործնականում, բոլոր այն երկրները, որտեղ իշխանությունների կողմից պատվիրվում են քաղաքական սպանություններ կամ դրանց թողություն է տրվում, ԿԸՀ դասակարգմամբ հանդիսանում են մեծապես կոռումպացված պետություններ:
Ուշադրության արժանի երկրներ
Իր ԿԸՀ 71 արժեքով, որն անցյալ տարվա համեմատությամբ չորս միավորով պակաս է, ԱՄՆ-ն 2011թ.-ից հետո առաջին անգամ դուրս մնաց աշխարհի 20 ամենից քիչ կոռումպացված երկրների խմբից: Այսպիսի ցածր արժեք ԱՄՆ-ն ստանում է այն ժամանակ, երբ վտանգված է զսպումների և հակակշիռների նրա համակարգը, ինչպես նաև իշխանության ամենավերին մակարդակներում առկա է բարոյական նորմերի էրոզիա:
Բրազիլիայի ԿԸՀ համաթվի արժեքն անցյալ տարվա համեմատ նվազեց երկու միավորով` հասնելով 35-ի, որը վերջին յոթը տարիների նրա ԿԸՀ ամենացածր արժեքն է: Կոռուպցիան վերջ տալու խոստումների հետ միաժամանակ երկրի նոր նախագահը նաև հասկացրեց, որ ինքն իշխելու է «ուժեղ ձեռքով», դրանով իսկ վտանգելով երկրի ժողովրդավարական նվաճումները:
«Մեր ուսումնասիրությունը պարզորեն ցույց է տալիս, որ առկա է կապ ամուր ժողովրդավարություն ունենալու և հանրային ոլորտում կոռուպցիայի դեմ հաջող պայքարելու միջև: Շատ ավելի հավանական է, որ կոռուպցիան կծաղկի այն երկրներում, որտեղ ժողովրդավարության հիմքերը թույլ են, և, ինչպես մենք տեսանք շատ երկրների դեպքում, ոչ ժողովրդավար և ամբոխավար քաղաքական գործիչներն այն օգտագործում են հօգուտ իրենց»,- նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ տիկին Դելիա Ֆերեյրա Ռուբիոն:
Կոռուպցիայի դեմ պայքարում իրական առաջընթաց արձանագրելու և ժողովրդավարությունն ամրապնդելու համար Թրանսփարենսի Ինթերնեշնլը աշխարհի բոլոր երկրների իշխանություններին կոչ է անում.
- Ամրապնդել այն հաստատությունները, որոնք պատասխանատու են զսպումների և հակաշիռների պահպանման համար և ապահովել նրանց այնպիսի կարողություններով, որոնք նրանց թույլ կտան գործել վախից զերծ մթնոլորտում:
- Փակել հակակոռուպցիոն օրենսդրության, դրա կիրարկման և չկիրարկելու համար պատժելիության միջև առկա բացերը:
- Աջակցել քաղաքացիական հասարակության այն կազմակերպություններին, որոնց գործունեությունն ուղղված է քաղաքական մասնակցության ընդլայնմանը և, մասնավորապես, տեղական մակարդակում, պետական ծախսերի նկատմամբ հանրային վերահսկողության ուժեղացմանը:
- Աջակցել ազատ և անկախ լրատվամիջոցներին և ապահովել լրագրողների անվտանգությունը և հնարավորությունը` աշխատելու սպառնալիքներից և ոտնձգություններից զերծ մթնոլորտում:
2018թ. Կոռուպցիայի ընկալման համաթվի և ժողովրդավարության համաշխարհային ճգնաժամի միջև խաչաձև վերլուծության համար օգտագործվել են «Էկոնոմիստ» թերթի Ժողովրդավարության համաթիվը (http://www.eiu.com/topic/democracy-index), Ֆրիդոմ Հաուսի Ազատությունն աշխարհում (https://freedomhouse.org/report-types/freedom-world) զեկույցը և Ժողովրդավարության բազմազանության ծրագրի Ժողովրդավարության տարեկան զեկույցը (https://www.v-dem.net/en/news/democracy-all-v-dem-annual-democracy-report-2018/):
Թրանսփարենսի Ինթերնեշնլի մասին
Թրանսփարենսի Ինթերնեշնլը վերջին 25 տարիներին կոռուպցիայի դեմ պայքարող քաղաքացիական հասարակության առաջատար համաշխարհային կազմակերպությունն է: Համատեղենք մեր ջանքերը www.transparency.org-ի միջոցով:
Կոռուպցիայի ընկալման համաթվի մասին
Սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլի ամենանշանակալի հրապարակումը՝ Կոռուպցիայի ընկալման համաթիվը, դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: Համաթիվը տալիս է կոռուպցիայի հարաբերական աստիճանի տարեկան պատկերը՝ դասակարգելով պետություններն ըստ համաթվի արժեքների: 2012 թվականին Թրանսփարենսի Ինթերնեշնլը վերանայեց համաթվի հաշվարկման համար օգտագործվող մեթոդաբանությունը, որը հնարավորություն տվեց տարի առ տարի համեմատելու համաթվի արժեքները: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://www.transparency.org/research/cpi
Պարզաբանում ԹԻ Կոռուպցիայի ընկալման 2018թ. համաթվի վերաբերյալ
Հաշվի առնելով, որ տարբեր մեկնաբանություններ են հնչում, թե ինչու Հայաստանի ԹԻ Կոռուպցիայի ընկալման 2018թ. համաթվի (ԿԸՀ 2018) արժեքը չի տարբերվում 2017թ. արժեքից՝ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալ մանրամասները: ԿԸՀ-ն բաղադրյալ համաթիվ է, որը ստացվում է տարբեր հետազոտությունների արդյունքների համադրությամբ, իսկ 2018թ. ԿԸՀ Հայաստանի արժեքի հիմքում ընկած 6 հետազոտություններից 5-ը կատարվել են մինչև 2018թ. ապրիլ-մայիս ամիսները:
ԿԸՀ 2018-ը չի արտացոլել Հայաստանի հանրային ոլորտում կոռուպցիայի իրավիճակի փոփոխությունը թավշյա հեղափոխությունից հետո, քանի որ ԿԸՀ-ն բաղադրյալ համաթիվ է, որը ստացվում է հանրային ոլորտում առկա կոռուպցիայի վերաբերյալ փորձագետների և գործարար ոլորտում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց ընկալումը չափող միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների համաթվերի համադրության միջոցով: Հայաստանի 2018թ. ԿԸՀ արժեքը ստացվել է ստորև ներկայացված 6 այդպիսի հետազոտությունների համաթվերի համադրության արդյունքում
BF (TI) - Բերթելսմանի հիմնադրամի 2017-2018թ. տրանսֆորմացիոն համաթիվ – Հետազոտությունն անցկացվել է 2015թ. փետրվարի 1-ց մինչև 2017թ. հունվարի 31-ը, արդյունքերը հրապարարակվել են 2018թ. մարտին:
FH -Ֆրիդոմ Հաուս-ի Անցումային փուլում գտնվող պետություններ 2018թ. Զեկույց – Հետազոտությունն անցկացվել է 2017թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, արդյունքերը հրապարարակվել են 2018թ. ապրիլին:
GI- Գլոբալ Ինսայթի Երկրի ռիսկայնության 2017թ. վարկանիշ – Հետազոտությունն անցկացվել է 2017թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, արդյունքերը հրապարարակվել են 2018թ. սեպտեմբերին:
PRS - Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2018թ. ուղեցույց – Հետազոտությունն անցկացվել է 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. օգոստոսը, արդյունքերը հրապարարակվել են 2018թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
WEF - Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցում 2018թ. – Հետազոտությունն անցկացվել է 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին, արդյունքերը հրապարարակվել են 2019թ. հոկտեմբերին:
VDEM - Ժողովրդավարության բազմազանության ծրագիր 2018թ. – Հետազոտությունն անցկացվել է 2017թ. ընթացքում, արդյունքերը հրապարարակվել են 2018թ. ապրիլին:
Այս հետազոտություններից 5-ը կատարվել են մինչև 2018թ. ապրիլ-մայիս ամիսները՝ մինչև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը: Միայն մեկի` PRS - Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2018թ. ուղեցույցի, իրականացման ժամանակահատվածն է (2017 սեպտեմբեր – 2018 օգոստոս) ընդգրկում հետհեղափոխական ժամանակահատվածի մի մասը:
Այսպիսով՝ կարելի է պնդել, որ 2018թ. համաթվի արժեքը շարունակում է գրեթե ամբողջովին արտացոլել նախահեղափոխական շրջանի կոռուպցիայի իրավիճակը Հայաստանի հանրային ոլորտում: