Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) այսօր հրապարակված` 2010 թ. Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) համաձայն, կոռուպցիան շարունակում է խոչընդոտել այնպիսի հրատապ գլոբալ հիմնահարցերի լուծման գործում այնքան սպասվող առաջընթացին, ինչպիսիք են անկայուն ֆինանսական շուկաները, կլիմայի փոփոխությունը և աղքատությունը:
2010 թ. ԿԸՀ աղյուսակում ընդգրկված աշխարհի 178 երկրների մոտ երեք քառորդի համաթվի արժեքները ցածր են 5 միավորից (0-ից 10 սանդղակով, որտեղ 0-ն բացարձակապես կոռումպացված, իսկ 10-ը` բացարձակապես չկոռումպացված լինելու ընկալումն է), ինչը մատնանշում է կոռուպցիայի լուրջ հիմնահարց լինելու իրողությունը:
«Երբ այդքան մեծ թվով մարդկանց գոյության միջոցները վտանգված են, իշխանություններն իրենց հավատարմությունը կոռուպցիայի դեմ պայքարին, թափանցիկությանը և հաշվետվողականությանը պետք է ապացուցեն իրենց գործողություններով: Այսօր աշխարհի բոլոր երկրների կառավարություններին դիմակայող գլոբալ հիմնահարցերի լուծման բաղկացուցիչ տարրն արդյունավետ կառավարումն է», - ասում է ԹԻ-ի նախագահ, տիկին Հյուգետ Լաբելը:
Նշված մարտահրավերներին արդյունավետ կերպով դիմակայելու համար կառավարությունները պետք է ներառեն հակակոռուպցիոն բնույթի քայլեր գործունեության բոլոր ոլորտներում. լինի դա ֆինանսական ճգնաժամի հաղթահարումը, կլիմայի փոփոխության հետևանքների վերացումը, թե աղքատության հաղթահարումը: Այդ իսկ պատճառով ԹԻ-ն պայքարում է, որպեսզի ավելի խիստ կերպով կիրարկվի ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան` համաշխարհային մասշտաբի միակ նախաձեռնությունը, որն ապահովում է կոռուպցիային վերջ տալուն ուղղված քայլերի շրջանակը:
«Մենք պետք է տեսնենք գոյություն ունեցող օրենքների և ընթացակարգերի ավելի լայնածավալ կիրարկում: Աշխարհում չպետք է լինի կոռումպացված պաշտոնյաների թաքնվելու կամ նրանց կողմից թալանված փողերը թաքցնելու որևէ վայր», - ասում է տիկին Լաբելը:
2010 թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվ. արդյունքները
2010 թ. ԿԸՀ աղյուսակից երևում է, որ առավել քիչ կոռումպացված երկրներն են Դանիան, Նոր Զելանդիան և Սինգապուրը, որոնք համաթվի 9.3 արժեքով կիսում են առաջինից երրորդ տեղերը: Անկայուն պետությունները, որոնք նաև անցյալից ժառանգել են հակամարտություններ, շարունակում են գերիշխել աղյուսակի ստորին հորիզոնականներում: Աղյուսակի նախավերջին երկու տեղերում ԿԸՀ 1.4 արժեքով գտնվում են Աֆղանստանն ու Մյանման, իսկ այն 1.1 արժեքով եզրափակում է Սոմալին:
Կարելի է պնդել, որ տվյալ երկրում կոռուպցիայի ընկալման մեջ տարեկան կտրվածքով իրական փոփոխություներ տեղ են գտել միայն այն դեպքում, երբ այդ երկրի ԿԸՀ արժեքի հաշվարկի համար օգտագործված աղբյուրները մնացել են նույնը, և նշված փոփոխություններն արտացոլված են այդ աղբյուրների կեսից ավելիում: Կիրառելով այս չափանիշները` հնարավոր է գրանցել 2009 թ. համեմատ 2010 թ. համաթվի արժեքների բարելավում Բութանում, Չիլիում, Էկվադորում, Մակեդոնիայում, Գամբիայում, Հայիթիում, Ճամայկայում, Քուվեյթում և Քաթարում: Նմանապես, 2009 թ. համեմատ 2010 թ. նահանջ են արձանագրել Չեխիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Մադագասկարը, Նիգերը և ԱՄՆ-ը: Ինչպես երևում է այս թվարկումից, հետընթաց արձանագրած պետությունների շարքում հայտնվել են այնպիսիք, որոնք իրենց թափանցիկության և օրինավորության պակասի պատճառով առավել շատ տուժեցին ֆինանսական ճգնաժամից: Մյուս հետաքրքիր դիտարկումն էլ այն է, որ առաջընթաց գրանցած պետությունների շարքում չկա գեթ մեկ զարգացած տնտեսությամբ պետություն: Սրանով ընդգծվում է այն իրողությունը, որ բոլոր պետություններն էլ անկախ իրենց տնտեսական վիճակից պետք է ամրապնդեն իրենց երկրներում գործող արդյունավետ կառավարման մեխանիզմները:
Անդրադառնալով նախկին կոմունիստական երկրներին` հարկ է նշել, որ 2010 թ. Էստոնիան իր ԿԸՀ 6.5 արժեքով պահպանեց նախկին խորհրդային հանրապետություններից առավել քիչ կոռումպացված պետության կարգավիճակը: Ընդ որում, այս տարի այն դարձավ միանձնյա առաջատար նաև նախկին կոմունիստական երկրների շարքում (նախորդ տարի այն կիսում էր առաջին տեղը Սլովենիայի հետ): Կիրառելով առաջընթացի կամ հետընթացի գնահատման համար վերը նշված չափանիշները` կարելի է ասել, որ նախկին բոլոր խորհրդային հանրապետություններում (ներառյալ Հայաստանում), ինչպես նաև Հայաստանի հարևան Թուրքիայում և Իրանում 2010 թ. տարեկան կտրվածքով էական փոփոխություններ չեն գրանցվել:
Հայաստանի ԿԸՀ արժեքը շարունակում է իր դանդաղ հետընթացը, և 2010 թ. 2009 համեմատ այն նվազեց ևս 0.1-ով` 2.7-ից իջնելով 2.6-ի: Իր այդ ցուցանիշով Հայաստանը 2010 թ. ԿԸՀ աղյուսակում Էրիտրեայի, Մադագասկարի և Նիգերի հետ կիսում է 123-ից 126-րդ տեղերը (անցյալ տարում Հայաստանը կիսում էր 120-ից 125-րդ տեղերը):
Այս հաղորդագրության ուղերձը հստակ է. ողջ աշխարհում թափանցիկությունը և հաշվետվողականությունը վճռորոշ դեր են խաղում վստահության վերականգնման և կոռուպցիայի առաջխաղացումը կասեցնելու գործում: Առանց դրանց վտանգված է համաշխարհային բազմաթիվ ճգնաժամերի հաղթահարումը: