Իշխանությունները պետք է ականջալուր լինեն ողջ աշխարհով մեկ կոռուպցիայի դեմ ավելի ու ավելի բարձրաձայն հնչող բողոքներին
Երևան, 5 դեկտեմբերի, 2012 թ.: Անցյալ տարի կոռումպացված իշխանությունների հանդեպ ահագնացող բողոքի ալիքը հանգեցրեց մի շարք երկրների առաջնորդների տապալմանը, բայց երբ իրավիճակը հանդարտվեց, պարզ դարձավ, որ կաշառակերության և իշխանության չարաշահման մակարդակները, ինչպես նաև գաղտնի գործարքների տարածվածությունը շատ երկրներում շարունակում են մնալ շատ բարձր մակարդակի վրա: Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման 2012 թ. համաթիվը (ԿԸՀ) ցույց է տալիս, որ կոռուպցիան շարունակում է իր կործանարար ազդեցությունն ունենալ աշխարհի շատ ու շատ երկրների հասարակությունների վրա:
ԿԸՀ 2012 թ. դասակարման աղյուսակում ընդգրկված 176 երկրների երկու երրորդի ԿԸՀ մեծությունը 0-ից 100 (որտեղ 0-ն նշանակում է բացարձակ կոռումպացված, իսկ 100-ը` բացարձակ մաքուր ընկալվող ոլորտ կամ կառույց) սանդղակով 50-ից ցածր է, ինչը ցույց է տալիս, որ պետական կառույցները պետք է ավելի թափանցիկ լինեն, իսկ ազդեցիկ պաշտոնյաներն` ավելի հաշվետու:
«Իշխանությունները պետք է հանրությանն առնչվող բոլոր որոշումների կայացման մեխանիզմների մեջ ինտեգրեն հակակոռուպցիոն միջոցառումներ: Առաջնահերթությունների թվում են լոբբինգի և քաղաքական ֆինանսավորման ավելի լավ կանոնները, հանրային ծախսերն ու գնումներն ավելի թափանցիկ, և պետական մարմինները` հանրության համար ավելի հաշվետվողական դարձնելը», - նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության նախագահ տիկին Հյուգետ Լաբելը:
«Ակնկալում ենք, որ կոռուպցիայի՝ մեկ ամբողջ տարի ուշադրության կենտրոնում լինելուց հետո իշխանությունները ողջ աշխարհում ավելի կոշտ դիրքորոշում կցուցաբերեն պաշտոնեական դիրքի չարաշահման նկատմամբ: Կոռուպցիայի ընկալման 2012 թ. համաթվի արդյունքները ցույց են տալիս, որ հասարակությունները շարունակում են բարձր գին վճարել կոռուպցիայի դիմաց», - ասել է Հ. Լաբելը:
Մերձավոր Արևելքից մինչև Ասիա և Եվրոպա շատ երկրներ, որոնց քաղաքացիները կոռուպցիան վերջ տալու մարտահրավեր էին նետել իրենց իշխանություններին, ԿԸՀ դասակարգման աղյուսակում գրանցել են իրենց ցուցանիշի լճացում կամ վատթարացում:
Կոռուպցիայի ընկալման 2012 թ. համաթիվը. արդյունքներ
Շնորհիվ տեղեկատվության մատչելիության և հանրային պաշտոններ զբաղեցնողների վարքագիծը կանոնակարգող կանոնների` Կոռուպցիայի ընկալման 2012 թ. համաթվով Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան 90-ական միավորով հանդիսանում են դասակարգման աղյուսակի առաջատարներ:
Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան և Սոմալին այս անգամ ևս հանգրվանել են դասակարգման աղյուսակի ստորին հորիզոնականներում: Այդ երկրներում հանրությանը հաշվետու ղեկավարության և արդյունավետ հանրային հաստատությունների բացակայությունը շեշտում է կոռուպցիայի դեմ պայքարում ավելի խիստ մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը:
Կոռուպցիայի ընկալման 2012 թ. համաթվի ցածր արժեքներ ունեն նաև եվրագոտու այն երկրները, որոնք առավել շատ են տուժել ֆինանսական և տնտեսական ճգնաժամի արդյունքում: Թրանսփարենսի Ինթերնեշնլը շարունակաբար զգուշացնում էր Եվրոպային՝ ուշադրություն դարձնել հանրային հատվածի կոռուպցիոն ռիսկերի վրա՝ հաղթահարելու համար ֆինանսկան ճգնաժամը` կոչ անելով ավելի մեծ ջանքեր գործադրել հանրային հաստատությունները կոռուպցիայից զերծ պահելու նպատակով:
«Կոռուպցիան աշխարհում ամենաշատ արծարծվող հիմնախնդիրներից մեկն է», -ասում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի գործադիր տնօրեն պարոն Կոբուս դե Սվարդտը: «Աշխարհի առաջատար տնտեսությունները պետք է առաջատար լինեն իրենց օրինակով` ապահովելով իրենց հաստատությունների լիակատար թափանցիկությունը և առաջնորդների հաշվետվողականությունը: Դա ունի վճռական նշանակություն, քանի որ այդ երկրների հաստատությունները կարևոր դեր են խաղում կոռուպցիայի գլոբալ տարածումը կանխարգելելու գործում», - նշում է պարոն դե Սվարդը:
****
Խորհրդային Միության նախկին 15 հանրապետություններից ԿԸՀ իր բարձր ցուցանիշով շարունակում է առանձնանալ Էստոնիան, որն իր ԿԸՀ 64 համաթվով դասակարգման աղյուսակում ընդգրկված 176 երկրների մեջ գրավում է 32-րդ տեղը և շարունակում է մնալ ոչ միայն նախկին ԽՍՀՄ, այլև նախկին կոմունիստական երկրների մեջ կոռուպցիայից առավել մաքուր պետությունը: Հայաստանի ԿԸՀ այս տարվա համաթիվը հավասար է 34-ի (այդ համաթվով նա կիսում է 105-ից 112-րդ տեղերը) և այդ ցուցանիշով այն նախկին խորհրդային հանրապետությունների մեջ, բացի երեք մերձբալթյան հանրապետություններից, զիջում է նաև Վրաստանին և Մոլդովային, որոնց այս տարվա ԿԸՀ արժեքները հավասար են համապատասխանաբար 52-ի և 36-ի և նրանք զբաղեցնում են ԿԸՀ դասակարգման աղյուսակի համապատասխանաբար 51-52-րդ և 94-101-րդ տեղերը: Հայաստանի մյուս հարևաններից, ինչպես և նախկինում, նրանից ավելի բարվոք վիճակում է գտնվում Թուրքիան (ԿԸՀ արժեք՝ 49, գրաված տեղը` 54-57), իսկ Իրանն (ԿԸՀ արժեք՝ 28, գրաված տեղը` 133-137) ու Ադրբեջանն (ԿԸՀ արժեք՝ 27, գրաված տեղը` 139-143) ավելի վատ դիրքերում են:
Ծանոթագրություն
Այս տարի Թրանսփարենսի Ինթերնեշնլը կատարելագործել է Կոռուպցիայի ընկալման 2012 թ. համաթվի հաշվարկման իր մեթոդաբանությունը: Այդ փոփոխությունն արտացոլելու նպատակով Կոռուպցիայի ընկալման համաթիվը ներկայացված է 0-ից (բացարձակ կոռումպացված) 100-ի (բացարձակ մաքուր) սանդղակում: