Պատմություն
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) հիմնադրվել է 2000 թ. հուլիսին Ամալյա Կոստանյանի (1960-2010) կողմից` որպես «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» ՀԿ, որի նպատակն էր՝ նպաստել Հայաստանում և տարածաշրջանում քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների իրականացմանը:
Արդյունավետ կառավարմանն ուղղված ակտիվ ջանքերի շնորհիվ, մեկ տարի անց՝ 2001 թ. հոկտեմբերին, կազմակերպությունը հավատարմագրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) գլոբալ հակակոռուպցիոն շարժման կողմից՝ որպես նրա պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: 2008 թ.-ից կազմակերպությունը կրում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) անվանումը:
Մինչև 2010 թ. սեպտեմբեր ԹԻՀԿ-ը ղեկավարել է Ամալյա Կոստանյանը։ ԹԻ շարժման նախագահ Հյուգետ Լաբելի կարծիքով Ամալյայի տեսլականի, խանդավառության և կորովի շնորհիվ էր, որ ԹԻ Հայաստանի ձայնը ազդեցիկ դարձավ երկրում և նրա սահմաններից դուրս: 2010 թ. հոկտեմբերին ԹԻ քարտուղարության կողմից կազմակերպությանը շնորհվել է հավաստագիր` ի ճանաչումն կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված իր տասնամյա հավատարիմ գործունեության:
Իր քսանամյա գործունեության ընթացքում ԹԻՀԿ-ը դարձել է արդյունավետ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում հսկողություն իրականացնող առաջատար հասարակական կազմակերպություն Հայաստանում:
Առաքելություն
ԹԻՀԿ առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում:
Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար ԹԻՀԿ-ն իր երկարարատև տեսլականն է սահմանել «Ձևավորել պայքարող քաղաքացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի», որն ընկած է կազմակերպության 2016-20թթ ռազմավարության հիմքում:
Նպատակներ
Կազմակերպության նպատակներն են`
- աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը,
- աջակցել ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը և ընտրական ինստիտուտի կայացմանը,
- նպաստել հանրային ռեսուրսների, այդ թվում` պետական և համայնքային սեփականության ու ֆինանսական միջոցների ողջամիտ, թափանցիկ և հաշվետու կառավարմանը,
- խթանել ժողովրդավարական գործընթացները, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանությունը և հասարակության մասնակցությունը երկրի կառավարման գործընթացներում:
Մոտեցումներ
ԹԻՀԿ-ը հետամուտ է համագործակցել պետական իշխանության մարմինների հետ այն նախաձեռնությունների շուրջ, որոնք դրական ազդեցություն են նախատեսում ընթացիկ բարեփոխումների համար կամ խթանում են հանրային նոր քաղաքականություն, և սկզբունքային հակադրություն է ցուցաբերում իշխանության այն որոշումներին, որոնք ակնհայտորեն սպառնում են արդյունավետ կառավարման իրականացմանը:
Կազմակերպության ջանքերն ուղղված են տեղական և ազգային մակարդակներում համակարգային փոփոխությունների խթանմանը և ոչ թե անհատական բնույթի շահերի պաշտպանությանը: Այս համակարգային մոտեցման հիմքում ընկած է օրինավորության ազգային համակարգը:
Արդյունավետ կոալիցիաներն ու դաշինքներն առանցքային դեր են խաղում հանրային քաղաքականության ոլորտներում որոշումներ կայացնողներին կազմակերպության դիրքորոշումը ներկայացնելու և քաղաքական փոփոխություններին ուղղված լոբբինգ իրականացնելու գործում: Դրանք ներառում են քաղաքացիական հասարակության այլ խմբերին, գիտական շրջանակներին, զանգվածային լրատվամիջոցներին, միջազգային կազմակերպություններին:
Արժեքներ