2011թ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ-Հայաստան) համատեղ նախաձեռնությամբ սահմանվել է Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ, որը տրվում է սկզբունքային ու խիզախ գործունեություն իրականացրած և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձի:

2023թ․-ից Ամալյա Կոստանյանի անվան մրցանակը տրվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի կողմից Հայաստանում կոռուպցիայ դեմ պայքարում զգալի ներդրման համար։

Ամալյա Կոստանյանը եղել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի հիմնադիրը 2000 թ.: Նա կազմակերպության նախագահն էր մեկ տասնամյակ` մինչև 2010 թ. իր հանկարծահաս մահը:

2023

Դեկտեմբերի 8-ին` կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին, ԹԻՀԿ-ը քննարկում էր կազմակերպել «Հետաքննական լրագրությունը կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով՝ նպատակ ունենալով արժևորել հետաքննող լրագրողների բացառիկ դերը կոռուպցիայի դեմ պայքարում։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ով անդրադարձավ մարդու իրավունքների, ժողովրդավարության և ազգային ավտանգության վրա կոռուպցիայի կործանարար ազդեցությանը և ողջունեց հետաքննող լրագրողներին իրենց գործունեության համար։ ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն իր բացման խոսքում ընդգծեց հետաքննող լրագրողների զգալի ներդրումը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում։

Քննարկման բանախոսներն էին «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, հետաքննող լրագրող Մկրտիչ Կարապետյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Նարինե Ավետիսյանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Գայանե Վարոսյանը և ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը։

Քննարկումն ամփոփվեց ԹԻՀԿ հիմնադիր Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի շնորհման արարողությամբ։ Մրցանակը տրվում է 9-րդ անգամ՝ այս դեպքում արժևորելով հետաքննող լրագրության անգնահատելի դերը կոռուպցիայի դեմ պայքարում։

Մրցանակը շնորհվեց վերջին տարինեին կոռուպցիոն հանցագործությունների մասին հրապարակումներով առավելագույնս շատ աչքի ընկած «Հետք», «Սիվիլնեթ», «Ինֆոքոմ» լրատվամիջոցների հետաքննող լրագրողներ Տիրայր Մուրադյանին և Մկրտիչ Կարապետյանին՝ նշանավորելով իրենց սկզբունքային ու խիզախ գործունեությունը կոռուպցիայի դեմ պայքարում։

2018

2018թ. փետրվարի 4-ին Ամալյա Կոստանյանի անվան ամենամյա մրցանակը շնորհվել է 8-րդ անգամ: Հաշվի առնելով 2018թ. բուռն իրադարձությունները՝ մրցանակը շնորհվել է ոչ թե առանձին անհատների, այլ՝ քաղաքացիական երկու նախաձեռնությունների՝ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությանը և Ամուլսարի պահապաններին:

Մրցանակաբաշխության մեկնարկին ելույթներ ունեցան Ամալյայի ընկերները և գործընկերները` նշելով, որ պատվով կշարունակեն Ամալյա Կոստանյանի՝ կարճ, բայց վառ կյանքի ընթացքում արված գործը՝ նպաստելով ավելի արդար հասարակության կերտմանը: «Ամալյան յուրահատուկ վերաբերմունք ուներ երիտասարդությանը: Համոզված էր երիտասարդության ուժի մեջ և գտնում էր, որ իրենց ակտիվիզմն ու մոբիլիզացիան կփոխեն ամեն ինչ: Կարծում եմ, որ այսօրվա մրցանակի արժանացածները իրապես համապատասխանում են Ամալյա Կոստանյանի գաղափարներին ու կերպարին»,- նշեց ԲՀՀ-Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը:

«Ռեստարտ» ուսանողական երիտասարդական նախաձեռնությանը մրցանակը շնորհել է Կանանց իրավունքների պաշտպան, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանը: «Փորձը ցույց է տալիս, որ երբ երիտասարդները, ուսանողներն են ոտքի կանգնում՝ ամեն ինչ հնարավոր է դառնում և ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում: «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը, սկսելով բուհերում կառավարման, ուսման որակի հետ կապված խնդիրներ բարձրացնել, սկսեց ամբողջ երկիրը ռեստարտ տալ, շարժումն ավելի զարգացավ, միացավ հեղափոխությանը, և մենք այսօր պարտական ենք նրանց այս իրողության համար», - եզրափակել է Լարա Ահարոնյանը՝ մրցանակը հանձնելով ռեստարտականներ Դավիթ Պետրոսյանին և Շուշան Հարությունյանին:

Ամուլսարի պահապաններին մրցանակը հանձնել է իրավապաշտպան, լրագրող և հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը՝ նշելով որ Ամալյա Կոստանյանի անվան մրցանակը հանձնում է մի խմբի, որը «հետհեղափոխական շրջանում ստանձնեց պատասխանատվություն խաղաղ անհնազանդության պայքարի ճանապարհով բարձրաձայնելու մարդու իրավունքների կարևորագույն՝ առողջ միջավայրում ապրելու իր իրավունքի մասին։ Այս հեղինակավոր մրցանակը հանձնելով Ամուլսարի պահապաններին` մենք մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց, ովքեր ընտրում են կյանքը, այլ ոչ՝ հանքը»։ Մրցանակը ստացել է Ջերմուկ քաղաքի բնակիչ Ահարոն Արսենյանը։ Նա մեկն է այն բնակիչներից, ովքեր 8 ամիս պայքարել է իրենց իրավունքների համար: Ստանալով մրցանակը՝ Ահարոնը նշել է, որ Ջերմուկի 3000 բնակիչներ ստորագրահավաքի միջոցով «հաստատել են, որ ողջ համայնքն է դեմ հանքարդյունահանմանը: «Մենք որոշել ենք, որ Ամուլսարը հանք չի դառնալու և համայնքի ողջ երիտասարդությունն է ոտքի կանգնել այդ պահանջով: Չկա մի բան, որի դեմ երիտասարդությունը պայքարի ու չհաղթի»,- եզրափակել է մրցանակակիրը:

2016-2017

Ամալյա Կոստանյանի անվան 2016 և 2017 թվականների մրցանակները տրվել են 2017թ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ ԹԻՀԿ կազմակերպած. «Կոռուպցիան և անվտանգության մարտահրավերները» խորագրով միջոցառման բացմանը: Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը ներկայացրել է Ամալյա Կոստանյանի դերը և ավանդը Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման գործում և մրցանակի խորհուրդը: Նա նշել է, որ Ամալյան ներկայացնում էր առկա պրոբլեմների նորարարական և ոչ ստանդարտ լուծումներ և մեծ տեղ էր հատկացնում կրթության և երիտասարդների ներգրավվածության հարցերին:

Ավանդույթի համաձայն` 2016թ. միցանակը հանձնել է նախորդ` 2015թ. մրցանակակիր Թեհմինե Ենոքյանը «ՄեդիաԼաբի» գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանին 2016թ. քաղաքական ծաղրանկարների շարքի համար: «Ես շատ շնորհակալ եմ այս գնահատականի համար և զգացված, քանի որ անձամբ ճանաչում էի Ամալյա Կոստանյանին: Այս մրցանակն ինձ համար շատ կարևոր է: Մենք և մեր թիմը հավատում ենք նրան, ինչ անում ենք, և հավատում ենք, որ կարող ենք փոփոխության հասնել», շնորհակալական իր խոսքում նշել է Մարիաննա Գրիգորյանը:

Ամալյա Կոստանյանի 2017թ. մրցանակը հանձնվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին 2017թ. ընտրությունների նախօրեին հանրային ռեսուրսի չարաշահման դեպքերի բացահայտման համար։ «Բոլորը գիտեին վարչական ռեսուրսի չարաշահման մասին, բայց ոչ ոք չէր կարողանում ապացուցել, իսկ մեզ ուղղակի դա հաջողվեց: Չնայած իշխանությունների՝ ամեն գնով հերքումներին և փաստերի բացակայությանը մշտական հղումներին, հավաքագրվել են փաստեր՝ վարչական ռեսուրսի չարաշահումն ապացուցելու համար»,- ասել է Դանիել Իոաննիսյանը:

2015

2016 թ. դեկտեմբերի 9-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կազմակերպած «Պահանջատեր քաղաքացին ընդդեմ կոռուպցիայի. կոռուպցիայի դեմ պայքարում ԹԻՀԿ և գործընկեր կազմակերպությունների գործունեությունը 2016թ․» միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի հանձնման արարողությունը: ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը հանդես եկան ելույթներով` ներկայացնելով մրցանակի խորհուրդը:

2015թ. մրցանակը շնորհվեց «Լրագիր» վերլուծական էլեկտրոնային պարբերականի լրագրող Թեհմինե Ենոքյանին, ով 2015թ. լուսաբանելով #ԷլեկտրիկԵրևան քաղաքացիական շարժումը, աչքի է ընկել մասնագիտական բարձր հմտություններով, խիզախությամբ և սկզբունքայնությամբ, ինչը հնարավոր դարձրեց պատմության մեջ ամրագրել Հայաստանի քաղաքացիների ազատ արտահայտման ու խաղաղ պայքարի ամենացայտուն օրինակներից մեկը:

Մրցանակը հանձնեց 2014թ. մրցանակակիր, «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լարա Ահարոնյանը։ Թեհմինե Ենքոյանը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար, հույս հայտնելով, որ երկրում խնդիրներն այնքան կքչանան, որ դրանց դեմ պայքարելու կարիք չի լինի։ Մրցանակակիրը նշեց, որ կցանկանա, որպեսզի ոչ միայն անհատ մարդիկ ու կազմակերպությունները խոսեն ու պայքարեն ընդդեմ կոռուպցիայի, այլ՝ հաշվետվողականության, թափանցիկության և մարդու իրավունքների համար պայքարին միանա ողջ ժողովուրդը, ով պետք է գիտակցի և թույլ չտա, որպեսզի ոտնահարվի որևէ քաղաքացու իրավունքը։ Նաև հավելեց, որ մրցանակը պատկանում է ոչ միայն իրեն, այլ՝ բոլոր այն լրագրողներին, ովքեր շարունակում են պայքարել և թույլ չեն տալիս, որպեսզի ոտնահարվեն իրենց և այլոց իրավունքները։

2014

2015 թ. հոկտեմբերի 8-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) 15-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի հանձնման արարողությունը: Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը հանդես եկավ ելույթով` ներկայացնելով մրցանակի խորհուրդը:

2014 թ. մրցանակը շնորհվեց «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լարա Ահարոնյանին` Հայաստանում հանուն գենդերային հավասարության հետևողական պայքար ծավալելու համար: Լարա Ահարոնյանին ներկայացրեց ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, իսկ մրցանակը հանձնեց 2013 թ. մրցանակակիր, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը: Իր շնորհակալական խոսքում Լարա Ահարոնյանը նշեց, որ մրցանակը պատկանում է ոչ միայն իրեն, այլև բոլոր այն կանանց, ովքեր պայքարում են գենդերային հավասարության համար` ընդդեմ խտրականության տարատեսակ դրսևորումների: Մրցանակը հույս և ուժ կտա իրենց ապագա մարտահրավերներին դիմակայելու համար:

Իր ԹԻՀԿ-ի 15-ամյակը շնորհավորող տեսաուղերձում Թրանսփարենսի Ինթերնեշնլ գլոբալ շարժման փոխնախագահ Ելենա Պանֆիլովան առանձին շնորհավորեց նաև մրցանակակրին:

2013

Ս.թ. դեկտեմբերի 16-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հրավիրած քննարկման ընթացքում տեղի է ունեցել Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի հանձնման արարողությունը: Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը հանդես է եկել Ամալյա Կոստանյանի և մրցանակի վերաբերյալ ելույթով: 2013 թ. մրցանակը շնորհվել է ակտիվիստ, լրագրող, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանին նախորդ տարվա մրցանակակիր, իրավապաշտպան ակտիվիստ Լալա Ասլիկյանի կողմից: Մրցանակը ստանալիս՝ Զարուհի Հովհաննիսյանն ասել է, որ շարունակելու է ակտիվ պայքարել, գտնվել այնտեղ, ուր ոտնահարվում են մարդու իրավունքները:

Զարուհի Հովհաննիսյան. «Ամեն մարդ, ով դուրս է գալիս հանուն մարդու խախտված իրավունքի վերականգնման, անարդարության ու բռնության դեմ պայքարի, արժանի է խորագույն ակնածանքի ու խոնարհման:Եվ այն մրցանակը, որն այսօր շնորհել են ինձ, ես կիսում եմ ձեզնից յուրաքանչյուրի հետ: Ես՝ մասն եմ ամբողջի ու միևնույն ժամանակ ամբողջացնողը, իմ կյանքով ու ստեղծագործությամբ: Կյանքի մշակույթն ինքը՝ ստեղծագործությունն է, որտեղ մարդն ազատ է, իսկ ազատությունը՝ բռնության տիրույթից այն կողմ է»:

2012

2012թ. ապրիլի 16-ին «Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը. ԵՀՔ ծրագրից դեպի ասոցացված համաձայնագիր» քննարկման ավարտին տեղի է ունեցել Ամալյա Կոստանյանի անվան ամենամյա մրցանակի հանձնման արարողությանը: Մրցանակը հանձնվել է երկրորդ անգամ և շնորհվել է 2011-ին սկզբունքային ու խիզախ գործունեություն իրականացրած և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձի` Լալա Ասլիկյանին:

Քննարկումը, որ կազմակերպել է Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ, անցյալ տարվանից սկիզբ է դրել ամենամյա միջոցառումների շարքին` նվիրված ԹԻՀԿ հիմնադիր և նախագահ, քաղաքացիական հասարակության վառ ներկայացուցիչ Ամալյա Կոստանյանի հիշատակին:

2011

2011 թ. դեկտեմբերի 9-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը (ԲՀՀ-Հայաստան) նշել են Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի շնորհման արարողությամբ: Մրցանակը հանձնվել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին: Նրա կարծիքով մրցանակն ինքը ծանր է, իսկ այն պահելը՝ ավելի ծանր: «Սակայն ես կտանեմ այդ ծանրությունը և կպահեմ այն իր անվանը համարժեք պատասխանատվությամբ», – ասել է Զեյնալյանը երախտիքի իր խոսքում:

Միջոցառմանը ներկա էին քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական առաքելությունների, պետական հաստատության ներկայացուցիչներ, Ամալյայի ընկերներն ու գործընկերները` հարգանքի տուրք մատուցելու Ամալյայի կենդանի հիշատակին և ներկայացնելու մրցանակի անդրանիկ դափնեկրին:

ԲՀՀ-Հայաստանի փոխնախագահ Դավիթ Ամիրյանն ու ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն իրենց հուշերն են ներկայացրել Ամալյայի մասին` կարևորելով նրա դերը որոշումներ կայացնելիս և մարտահրավերներին դիմակայելիս: Ամալյայի կարծիքն ու խորհուրդները վճռորոշ էին բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան:

Ամալյայի գաղափարները էական են նաև նրանց համար, ում բախտ չի վիճակվել իրեն ճանաչելու, այդ թվում` Թրանսփարենսի Ինթերնեշնլի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Աննա Կոխի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու Դեյվիդ Ստիվենսոնի համար, ովքեր նույնպես նրա հիշատակն ու ժառանգությունը վառ կպահեն: Աննա Կոխը մեջբերում է կատարել Ամալյայի իսկ հարցազրույցից, ինչը խիստ օգտակար ու ոգեշնչող է այսօր: «Ի թիվս այլ գործոնների` կոռուպցիան ներկայումս խոչընդոտում է Հայաստանի քաղաքական կայունությունը, ժողովրդավարական զարգացումն ու տնտեսական աճը: Այն նաև խաթարում է հայ հասարակության բարոյական հենքը»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով Ամալյան մեր հասարակության աղն էր, որ հասարակությանը դարձնում է համեղ, հետաքրքիր, աշխույժ: Ամալյայի մահը մեծ կորուստ էր հայ հասարակության համար:

Դիմելով ԹԻՀԿ աշխատակիցներին` Ամալյայի եղբայր Հովհաննես Կոստանյանը նշել է. «Ես ցանկանում եմ, որ Ամալյա Կոստանյանի արած գործը դուք բոլորդ շարունակեք, ու գա մի օր, որ մենք էլ այդ գործի կարիքը չունենանք, այսինքն լինի օրինական ու անկաշառ հասարակություն»: