Երևան, 27 հունվարի 2016 թ. 2015 թվականը ցույց տվեց, որ գործադրելով համատեղ ջանքեր` մարդիկ կարող են հաջողության հասնել կոռուպցիայի դեմ պայքարում: Չնայած կոռուպցիան դեռևս համատարած բնույթ է կրում աշխարհում, բայց ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) համաշխարհային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպության 2015թ. Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) հրապարակման, ԿԸՀ արդյունքների բարելավում արձանագրած երկրների թիվը գերազանցում է նահանջ արձանագրած երկրների թվին:
Ընդհանուր առմամբ՝ դասակարգման աղյուսակում ներառված 168 երկրների երկու երրորդի ԿԸՀ արժեքը 50 միավորից ցածր է 0-ից 100 սանդղակում, որտեղ 0-ն նշանակում է, որ երկիրն ընկալվում է որպես բացարձակապես կոռումպացված, իսկ 100-ը՝ որպես բացարձակապես մաքուր:
Այդուհանդերձ, 2015թ. որոշ երկրներում, ինչպիսիք են՝ Գվատեմալան, Շրի Լանկան և Գանան, ակտիվ քաղաքացիները, աշխատելով և՛ խմբերով, և՛ անհատապես, ավելի մեծ ջանքեր գործադրեցին կոռումպացված պաշտոնյաներին իրենց զբաղեցրած պաշտոններից դուրս շպրտելու ուղղությամբ, ինչը հզոր ազդակ էր՝ խրախուսելու մյուսներին ձեռնարկելու վճռական քայլեր 2016-ին: