Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) ՀԿ-ն մեկնարկել է 2016-2020 թթ. ռազմավարական պլանավորման գործընթացը, որի շրջանակում ս.թ. փետրվարի 12-ին տեղի է ունեցել ռազմավարական պլանավորման 1-ին աշխատանքային քննարկումը շահագրգիռ կողմերի լայն շրջանակի ներգրավմամբ: Հանդիպման ընթացքում ամփոփվել են ԹԻՀԿ 2013-2015 թթ. ռազմավարության արդյունքերը և ուրվագծվել առաջիկա տարիների ռազմավարական առաջնահերթություններն ու նպատակները ԹԻՀԿ 2016-2020 թթ. ռազմավարության մշակման համար: Հանդիպմանը ներկա էին համագործակից պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, գործընկերներ, ԹԻՀԿ անդամներ, լրագրողներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ԹԻՀԿ խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանը, ով վարել է ողջ միջոցառումը: ԹԻՀԿ փոխտնօրեն Սոնա Այվազյանը ներկայացրել է կազմակերպության 2013-2015 թթ. ռազմավարության գնահատման մեթոդաբանությունը:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են ԹԻՀԿ 2013-2015 թթ. ռազմավարության արդյունքերը կազմակերպության երեք՝ հանրային կառավարման, ընտրությունների և հանրային ռեսուրսների կառավարման թիրախային ոլորտներում:

Հանրային կառավարման ոլորտի արդյունքները ներկայացրել է ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Ըստ այդմ՝ քաղաքականության և օրենսդրության փոփոխություն առաջ բերած արդյունքներն են

  • Ընդունվել է հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգը:
  • Ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ:
  • Ընդունվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը:
  • Նախկինում առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվությունը դարձել է բաց:
  • Կառավարության որոշմամբ առավել թափանցիկ են դարձել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամտի հայտարարագրերը:
  • Օրենքի նախագծով սահմանվել են պատժամիջոցներ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից գույքի և եկամտի հայտարարագրեր չներկայացնելու կամ դրանցում կեղծ տեղեկություններ ներկայացնելու համար:
  • ԹԻՀԿ-ի կողմից Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը (ՏՀԶԿ) տրամադրած ստվերային զեկույցից ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի (ՀԿՑ) Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի երրորդ փուլի «Հակակոռուպցիոն բարեփոխումներ Հայաստանում» զեկույցում մեջբերումներ են արվել Հայաստանի վերաբերյալ
  • Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) հայաստանյան գործողությունների առաջին (2012-2014 թթ.) ծրագրում ներառված 8 պարտավորություններից 1-ը, իսկ ԲԿԳ հայաստանյան գործողությունների երկրորդ՝ 2014-2016 թթ. ծրագրում ներառված 11 պարտավորություններից 4-ը ԹԻՀԿ-ի առաջարկներն են:
  • ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի ՝ ԹԻՀԿ-ի կողմից պատրաստված զուգահեռ (ստվերային) զեկույցը ներառվել է որպես ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 5-րդ համաժողովի պաշտոնական փաստաթուղթ:
  • ՀԿ-ների մասին օրենքի նախագծում ներառվել են ԹԻՀԿ առաջարկությունների մոտ 70%-ը:

Վարքագծի փոփոխություն առաջ բերած արդյունքն է

  • Առաջնորդության դպրոցում կոռուպցիայի մասին ԹԻՀԿ կողմից կազմակերպված դասընթացների արդյունքում 12 մասնակցից 2-ը ԹԻՀԿ անդամակցության հայտ են ներկայացրել:

Ընտրությունների ոլորտի արդյունքները ներկայացրել է ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: Քաղաքականության և օրենսդրության փոփոխություն առաջ բերած արդյունքներն են

  • Բարելավվել է Տեղամասային ընտրական հանձնաժողովների և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությունը:
  • 2013 թ. ՀՀ նախագահի ընտրության ժամանակ չեղարկվել է մեկ (Արտաշատի թիվ 17/5) ընտրատեղամասի արդյունքները:
  • Միջազգային կառույցների կողմից պահանջ է դրվել ընտրացուցակները հրապարակայնացնել:

Վարքագծի փոփոխություն առաջ բերած արդյունքներն են

  • Օգտագործվել է քարոզչության ֆինանսավորման վերաբերյալ ԹԻՀԿ հետազոտությունը քաղաքական կուսակցության կողմից ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու համար:
  • Ներգրավվել և մոբիլիզացվել են նոր դիտորդներ:

Հանրային ռեսուրսների կառավարման ոլորտի արդյունքները ներկայացրել է Սոնա Այվազյանը: Քաղաքականության և օրենսդրության փոփոխություն առաջ բերած արդյունքներն են

  • Վերահսկիչ պալատի խորհուրդն ընդունել է «Պետական գնումների աուդիտի վերաբերյալ ուղեցույցը:
  • Պետական գնումների բողոքարկման խորհրդի նիստերը հեռարձակվում են առցանց ռեժիմով:
  • Կառավարությունը մեկնարկել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI) անդամակցելու գործընթացը:
  • Մշակվել, ընդունվել և բարեփոխվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին օրենքը:
  • Փոփոխվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքը:

Միաժամանակ քննարկվել են յուրաքանչյուր ոլորտից քաղած դասերն ու գնահատվել ԹԻՀԿ 2013-2015 թթ. արդյունքները: Հանդիպման մասնակիցները գնահատել են ԹԻՀԿ կատարած աշխատանքը ներկայացված 3 ոլորտներում: Գնահատումը կատարվել է ԹԻ մշակած գործիքի՝ ազդեցության մատրիցայի միջոցով, որը հնարավորություն է տալիս գնահատելու քաղաքականության և օրենսդրության փոփոխությունը, իրազեկության աճը և վարքագծի փոփոխությունը: Հանդիպման մասնակիցները իրենց կարծիքն են արտահայտել ԹԻՀԿ-ի մասին հետևյալ հարցերի շուրջ:

  • Ի"նչը պետք է շարունակի անել այդ ոլորտում:
  • Ի"նչը պետք է դադարեցնի անել:
  • Ի"նչ նոր բան պետք է սկսի անել:

ԹԻՀԿ առաջիկա տարիների ռազմավարական առաջնահերթություններն ու նպատակները սահմանվել են World cafe ձևաչափով: Հանդիպմանը ներկա շահագրգիռ կողմերը պատասխանել են հետևյալ հարցերին:

  • Որո՞նք են ԹԻՀԿ հիմնական ուժեղ կողմերը և որո՞նք են ըստ Ձեզ ԹԻՀԿ հիմնական բարելավման ուղղությունները:
  • Որո՞նք, ըստ Ձեզ, պետք է դառնան ԹԻՀԿ գործունեության առաջնահերթ ուղղությունները 2016-2020 թթ.: /Ո՞րն է այն կարևոր փոփոխությունը (օրենսդրության/հանրային քաղաքականության մեջ և վարքագծային փոփոխության մեջ), որին ԹԻՀԿ-ը պետք է հասնի մինչև 2020 թ.:
  • Որպես շահագրգիռ կողմ նշեք, թե որոնք են ԹԻՀԿ կողմից տրամադրված այն գործիքները կամ ծառայությունները/արդյունքները, որոնք կիրառելի և օգտակար են Ձեզ համար:
  • Ինչպե՞ս կարելի է փոխել կոռուպցիայի հանդեպ վերաբերմունքը հասարակությունում (կոտրել կոռուպցիայի հանդեպ հանդուրժողականությունը):
  • Ինչպե՞ս կարող է ԹԻՀԿ գործունեությունն ավելի ճանաչելի, ընկալելի և հասանելի լինել հասարակությանը և տարբեր խմբերի համար:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել մտքերի ամփոփում: Մտագրոհի արդյունքում նշված գաղափարներն ու առաջարկությունները կօգնեն ուրվագծելու ԹԻՀԿ 2020 ռազմավարության մշակումը:

Միջոցառումն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում: Ռազմավարական պլանավորման գործընթացին աջակցում են Grow Edutainment կազմակերպության խորհրդատուները: