Ս.թ. մայիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել «Պետական գնումների մոնիտորինգային հաշվետվություն. արդյունավետության բարձրացման առաջարկներ» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և գնումների մոնիտորինգի փորձագետ Արտակ Մանուկյանը: Սա Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ «Հանրային կառույցների կողմից կատարվող գնումների մոնիտորինգ 2015-2016 թթ.» ծրագրի շրջանակում իրականացվող երկրորդ ասուլիսն էր, որի ընթացքում ներկայացվել են մարտի 23-ից մինչ այժմ եղած զարգացումները:

2006 թ. ի վեր ԹԻՀԿ-ը իրականացնում է Հայաստանի հանրային գնումների համակարգի մոնիտորինգ և գնահատում, որի շրջանակում վեր են հանվում համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը և ներկայացվում են առաջարկություններ: Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է ԹԻՀԿ կողմից ստեղծված «Հանրային գնումների հասարակական վերահսկողության համակարգ» կայքը, հույս ունենալով, որ գնման գործընթացի մասնակիցները կարող են գրանցել խախտումներ՝ գնումների ոլորտում եղած անարդարությունների վերաբերյալ: Նա նաև տեղեկացրել է Հանրային գնումների տեղեկագրի II թողարկման վերաբերյալ, որը զետեղված է այդ կայքում:

ԹԻՀԿ-ը առաջարկություն է ներկայացրել «Բաց կառավարման գործընկերություն - Հայաստան» նախաձեռնությանը երրորդ՝ 2016-2018 թթ. գործողությունների ծրագրում որպես պարտավորություն ընդգրկելու համար: Այն նպատակ ունի գաղտնազերծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ գործող և հանրային ռեսուրսներից օգտվող օֆշորային ընկերությունների սեփականությունը՝ նպաստելու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը Հայաստանում: ԹԻՀԿ-ն առաջարկում է նախքան գնումների գործընթացին մասնակցելը ստուգել՝ արդյոք մասնակից ընկերությունների իրական տերերը օֆշորներում գրանցվա՞ծ են, թե՞ ոչ: Սրա միջոցով փորձ է արվում նաև Հայաստանում ներմուծել մի շատ կարևոր ինստիտուտ՝ բենեֆիցիար սեփականատերերի գաղափարը: Առաջարկվում է ստեղծել իրական տերերին պարզելու մեխանիզմներ, որոնցով պարզ կլինի՝ արդյոք այդ գնումների մրցույթներին մասնակցող ընկերությունները պատկանում են պետական պաշտոնյաներին, թե՝ ոչ, քանի որ նման նախադեպեր շատ կան, երբ գնումների մրցույթները հաղթում են հենց նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների (սկսած նախարարից) ընկերությունները:

Ըստ Հոկտանյանի՝ «սև ցուցակում» հայտնված ընկերությունները իբր թե լուծարվելով, այլ ընկերության տեսքով կարող են շարունակել մասնակցել գնման գործընթացներին:

Իր ներկայացման մեջ Արտակ Մանուկյանը հանդես է եկել հավելյալ առաջարկություններով, որ տեղ չեն գտել Հանրային գնումների տեղեկագրի II թողարկման մեջ: Պետգնումների ոլորտում շարունակում են գերիշխել մեկ անձից և շրջանակային համաձայնագրերով կատարվող գնումները: Էլեկտրոնային գնումների ծավալը շարունակում է մնալ փոքր՝ 9% ընդհանուր ծավալում: «Պետական բյուջեի կատարման հաշվետվությունը 2015 թ. ցույց է տալիս, որ մոտ 23187 պայմանագիր է ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարություն, որ վճարումներ կատարվեն, բայց 15 տոկոսի մասով անհամապատասխանություն կա, 43-ի մասով՝ վճարում չի կատարվել: 2014 թ. համեմատ իրավիճակը ո՛չ վատացել է, ո՛չ լավացել: Իրազեկման, ուսուցման արդյունավետությունը չի բարձրացել»:

ԹԻՀԿ-ի բազմիցս արված առաջարկը, որ ասենք՝ բենզինը, հացահատիկը և այլ ապրանքներ ձեռք բերվեն ապրանքա-հումքային բորսայից, ոչ թե կատարել միջնորդավորված գնում, պատշաճ չի իրականացվում: Մինչդեռ այն կարող էր կանխել կեղծ մենաշնորհները և ավելացնել բյուջետային ծախսերի արդյունավետությունը:

Մանուկյանը վարչապետի՝ պետգնումների ոլորտում թափանցիկության ապահովման մասին հնչեցրած հանձնարարականը նորություն չի համարում: «Նույն հանձնարարականը երկու տարի առաջ ևս տրվել էր, բայց էական փոփոխություններ չեն կատարվել»:

Մանուկյանը ներկայացրել է մի շարք ուշագրավ փաստեր, որ բացահայտվել են մոնիտորինգի արդյունքում: Ստորև ներկայացվում են դրանցից մի քանիսը:

  • Ամենախոշոր պայմանագրերն կնքվել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ՝ 4.6 միլիարդ դրամի, իսկ արդյունքում չունենք ինովացիոն նվաճումներ, փոխարենը՝ խոսում են «քոսոտ երկրի մասին»:
  • Պետական գնումների ու ծառայությունների մատուցման շուրջ 50 տոկոսից ավելը կատարում են նույն ընկերությունները, որոնք, տարբեր տվյալներով, առնչություն ունեն իշխանության հետ սերտ կապեր ունեցող անձանց հետ: Օրինակ՝ հիմնական մրցույթների հաղթողներն են հետևյալ կազմակերպությունները՝ «Ֆլեշ մեդ», «Տելիա մեդ», «Նատալի ֆարմ», CPS, Ucom: Շրջանակային համաձայնագրերի կեսն այս 5 ընկերություններն են տնօրինում:
  • Անհասկանալի է, թե ինչու է Ազգային անվտանգության ծառայությունը փետրվար ամսին գնել 17 տոննա շաքարավազ, 4.5 տոննա մարգարին, 6 տոննա կերակրի աղ, 40 կգ դափնետերև և այլն։ Ըստ Մանուկյանի՝ այս քանակությունը բավական է մի ամբողջ բանակ կերակրելու համար:
  • ՀՀ Ֆինանսների նախարարությունը հարկատուների հաշվին անցած դեկտեմբերին 30 հատ՝ յուրաքանչյուրը մոտ 400.000 դրամով, պլանշետ է գնել։ Բացի այդ որպես ծառայությունների մատուցման ռիսկային գործարք ներկայացվել է ՀՀ ֆինանսների նախարարության՝ պատգամավոր և խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ հետ 2012 թ. սկսած կնքած տարեկան 78 միլիոն դրամով տարածքի վարձակալության պայմանագիրը:

Տես «Մեդիա կենտրոնի» մամուլի հաղորդագրությունը, նաև մեդիա լուսաբանումները հետևյալ լրատվամիջոցներում՝ Առավոտ, Հայկական ժամանակ, Ազատություն, Հայաստանի հանրային ռադիո, Թերթ.am, Verelq, Elq, Yerevan.Today: