«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) ներկայացրել է 2 առաջարկություն Բաց կառավարման գործընկերություն Հայաստանի երրորդ՝ 2016-2018թթ. գործողությունների ծրագրում որպես պարտավորություններ ընդգրկելու համար: Առաջարկությունները վերաբերում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ գործող և Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունների թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանն ու հանքարդյունաբերության թափանցիկության խթանմանը: ԹԻՀԿ-ը միացել է նաև ՀՀ պետական բյուջեից կրթությանը հատկացվող գումարների բաշխման թափանցիկության և այդ գումարների ծախսման նպատակայնության և հաշվետվողականության ապահովման առաջարկությանը Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի, Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հանրային քաղաքականության ինստիտուտ ՀԿ-ի և Բարև ՀԿ-ի հետ մեկտեղ:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ գործող և Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունների թափանցիկության և հաշվետվողականության ապահովման հիմնական նպատակն է գաղտնազերծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ գործող և հանրային ռեսուրսներից օգտվող օֆշորային ընկերությունների սեփականությունը՝ նպաստելու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը Հայաստանում: Այդ նպատակով հարկավոր է առաջնահերթության կարգով՝

  • իրականացնել իրավական և ինստիտուցիոնալ դաշտի վերլուծություն և մշակել առաջարկություններ՝ խթանելու օֆշորային գործարքների բացահայտումը, այդ թվում՝ միջազգային համագործակցության միջոցով,
  • հանրային գնումներին, հրապարակային սակարկություններին և հանրային միջոցների օգտագործման պայմանագրերին մասնակցող ընկերություններին ներկայացվող պահանջներում նախատեսել ընկերությունների իրական տերերի (շահառու սեփականատերերի) ամբողջական ցանկի ներկայացում,
  • ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց և փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում որպես հայտարարագրման ենթակա տվյալ սահմանել արտերկրում գրանցված ընկերությունները և գույքը և դրանցից ստացված եկամուտները:

Հանքարդյունաբերության թափանցիկության խթանման գործողության հիմնական նպատակն է միանալ ԱՃԹՆ-ին և ստանալ համապատասխանող երկրի (compliant country) կարգավիճակ, այդպիսով նպաստելու հանքարդյունաբերության ոլորտի պատասխանատու կառավարմանը, թափանցիկությանն ու հաշվետվողականությանը, ինչպես նաև հիմնական շահագրգիռ կողմերի միջև համագործակցությանը: Հարկավոր է

  • ավարտել բազմակողմ շահագրգիռ խմբի (ԲՇԽ) ձևավորումը և ընդունել ԲՇԽ աշխատակարգ
  • ընդունել և իրականացնել 1.5 տարվա (2016թ. երկրորդ կես և 2017թ.) իր գործունեության աշխատանքային պլանը
  • ընդունել և իրականացնել1.5 տարվա (2016թ. երկրորդ կես և 2017թ.) ԱՃԹՆ աշխատանքային պլանը
  • պատրաստել, հաստատել և հրապարակել իր 1.5 տարվա գործունեության հաշվետվությունը և ԱՃԹՆ հաշվետվությունը

ՀՀ պետական բյուջեից կրթությանը հատկացվող գումարների բաշխման թափանցիկության և այդ գումարների ծախսման նպատակայնության և հաշվետվողականության ապահովում գործողության նպատակն է

  • կրթությանը հատկացվող պետական բյուջեի միջոցների բաշխման մեխանիզմի վերանայում այնպես, որպեսզի նախապատվությունը տրվի նախ և առաջ հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում սովորող երեխաների համար հավասարապես հասանելի և որակյալ պարտադիր 12-ամյա կրթության ապահովման ծրագրերին: Առաջարկվում է
  • վերանայել հանրակրթական դպրոցների ֆինանսավորման բանաձևն այնպես, որպեսզի այն արտացոլի որակյալ կրթական ծառայությունների ապահովման համար անհրաժեշտ բոլոր դպրոցների բոլոր կարիքները: