ՀՀ արդարադատության նախարարության և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) նախաձեռնությամբ ս.թ. հուլիսի 29-ին հրավիրվել է աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել են մասնավոր հատվածի՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերները: Հավաքի նպատակն էր բիզնեսին, որը Օրինավորության ազգային համակարգի 13 հենասյուներից մեկն է, ակտիվորեն մասնակից դարձնել կոռուպցիայի դեմ պայքարում: Մասնակիցները ընդգծել են, որ անհրաժեշտ է վերականգնել հասարակության հավատը և հակակոռուպցիոն սխեմաներ մշակել՝ ներգրավելով նաև բիզնեսի ներկայացուցիչներին: Եվրոպական Միության ֆինանսավորմամբ ընթացած աշխատաժողովին ի թիվս պետական մարմինների, ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների, ներկա էին բջջային օպերատորներ, բանկերի աշխատակիցներ, հանքարդյունաբերողներ, փոքր և միջին ձեռներեցներ, որոնք ներկայացրել են թափանցիկ աշխատելու, կոռուպցիայի դեմ պայքարի իրենց ներքին ընթացակարգերը:

Մասնակիցներին ողջունել և բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Հակակոռուպցիոն ծրագրերի ազգային համակարգող Սուրեն Քրմոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության տնտեսական խորհրդատու Ալեսանդրո Ձանոտան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային իրավական գործիքների և չափանիշների համատեքստում մասնավոր հատվածի դերին և առաքելությանը և Օրինավորության ազգային համակարգում մասնավոր հատվածի պատշաճ դերակատարության համար անհրաժեշտ պահանջներին է անդրադարձել ԹԻՀԿ հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը: Իսկ ԹԻՀԿ գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը ներկայացրել է ՀՀ օրինավորության ազգային համակարգում մասնավոր հատվածի ներկա իրավիճակն ըստ անցկացված հետազոտության արդյուքնենրի:

Մասնավոր ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի տեղական լավագույն փորձն են ներկայացրել Վիվասել ՄՏՍ-ը, Օրանժ Արմենիան, Գրին Բին սրճարանների ցանցը:

Տես Armef.news-ը: