«Ականատես» դիտորդական առաքելության շուրջ 160 դիտորդներ սույն թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացնելու 80 ընտրատեղամասերում՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում։

Բոլոր դիտորդներն անցել են հատուկ վերապատրաստում և գործելու են դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների վարքագծի կանոնների համաձայն՝ հաղորդելով օբյեկտիվ և անկողմնակալ տեղեկատվություն ընտրական գործընթացի վերաբերյալ:

Քվեարկության օրն աշխատելու է իրավաբանների թիմ, որը դիտորդներին տրամադրելու է խորհրդատվություն և ընդունելու է ընտրախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերը: Գրանցված միջադեպերի հիման վրա կազմվելու են դիմումներ՝ ուղղված ընտրական հանձնաժողովներին և վարչական դատարան, ինչպես նաև ընտրական հանցագործությունների մասին հաղորդումներ՝ ուղղված իրավապահ մարմիններին։

Ընտրությունների օրն, ըստ անհրաժեշտության, Նախաձեռնությունը կտարածի մամուլի հաղորդագրություններ, տեղեկատվություն կհրապարակվի «Ականատես» դիտորդական առաքելության և դրա անդամների Facebook-յան էջերով, ինչպես նաև www.transparency.am և www.asparez.am կայքերով։

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ:

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Երևանի ավագանու ընտրություններին «Ականատես» դիտորդական առաքելության գործընկերն է նաև Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը: