Ս.թ. հունիսի 6-ին տեղի է ունեցել «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բուժօգնության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության արդյունքների ներկայացումն ու քննարկումը: Ուսումնասիրությունը կատարել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն (ՏԶՀԿ) ՀԿ-ի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցում էին ոլորտի ավելի քան 70 ներկայացուցիչներ պետական կառույցներից, հասարակական և միջազգային կազմակերպություններից:

Բացման խոսքով հանդես են եկել ԹԻՀԿ փոխտնօրեն Սոնա Այվազյանը, ՀՀ Առողջապահության նախարարության Առողջապահական պետական գործակալության պետ Սարո Ծատուրյանը և ՏԶՀԿ նախագահ Սաթիկ Բադեյանը: Սոնա Այվազյանի խոսքով. «Մենք ոչ թե փորձել ենք ամբողջապես ուսումնասիրել, թե որքանով է տարածված կոռուպցիան առողջապահության ոլորտում, այլ հասկանալ, թե որոնք են այն համակարգային խնդիրները, որոնք հնարավորություն են տալիս օգտագործել օրենսդրական բացերը` հանգեցնելով կոռուպցիոն դրսևորումների»:

Ըստ Սարո Ծատուրյանի՝ մատնանշված խնդիրներն Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են: Անդրադառնալով հետազոտությանը` նա ասել է, որ այն բավականին խոր և հանգամանալից է, որի արդյունքները նախարարությունում նախնական քննարկման են ենթարկվել: «Առողջապահության ոլորտի կոռուպցիոն ռիսկերը բազմակողմանի գործոնների հետևանք են և կապ ունեն ինչպես իրավական կարգավորումների, այնպես էլ մեր երկրում առողջապահության ֆինանսավորման ոչ բավարար մակարդակի հետ», - նշել է Ծատուրյանը:

ՏԶՀԿ առողջապահության փորձագետ Աշոտ Մելքոնյանը բանախոսել է «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության տրամադրումը և ֆինանսավորումը», իսկ ԹԻՀԿ հանրային քաղաքականության փորձագետ Լիանա Ղալթաղչյանը՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության և սպասարկման նկատմամբ վերահսկողություն» թեմայով:

Ուսումնասիրության շրջանակներում վեր են հանվել հիվանդանոցային բժշկական օգնության տեսակների, հիմքերի, ֆինանսավորման, հիվանդանոցային բժշկական օգնության տրամադրման գործընթացների, այդ թվում՝ ուղեգրման և հերթագրման, քաղաքացիների իրազեկման և բողոքարկման մեխանիզմների, ինչպես նաև հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման նկատմամբ վերահսկողության և այլ համակարգային խնդիրներ, որոնք կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում:

Տես միջոցառման լուսանկարները ֆոտո պատմություններում, հրապարակումը` Կոռուպցիոն ռիսկերի գնահատում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ոլորտում և քաղաքականության համառոտագրերը`
Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնություն. պետպատվերով տրամադրվող բուժօգնություն ստացողների շրջանակը ենթակա է վերանայման
Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնություն․ ինչպե՞ս ֆինանսավորել պետպատվերով տրամադրվող բուժօգնությունը
Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնություն. ի՞նչ գիտի քաղաքացին պետպատվերով բուժօգնության մասին և ինչպե՞ս կարող է պաշտպանել իր իրավունքները

Տես միջոցառման լուսաբանումը հետևյալ լրատվամիջոցներով՝
Սիվիլնեթ,
ԱրմենիաTV,
ԱՐTVԱզդարար,
Առավոտ,
Թերթ.am