Ս․թ․ հոկտեմբերի 13-ին Բեռլինում կայացած ԹԻ տարեկան ընդհանուր ժողովի շրջանակներում «Մասնագիտական գերազանցություն» անվանակարգում ԹԻ Ամալյայի անվան մրցանակի է արժանացել Բրունո Բրանդաոն Բրազիլիայից, իսկ «Ազդեցություն» անվանակարգում` «Այ ուոչ» (I Watch) թիմը Թունիսից:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ գլոբալ հակակոռուպցիոն կազմակերպության` ԹԻ Ամալյայի անվան մրցանակը սահմանվել է 2015թ.: Մրցանակը կոչվել է ի հիշատակ ԹԻՀԿ հիմնադիր և մինչ 2010 թ. նախագահ Ամալյա Կոստանյանի և տրվում է 2 տարին մեկ ԹԻ գլոբալ հակակոռուպցիոն շարժման մեջ մասնագիտական գերազանցությամբ և նորարարությամբ աչքի ընկած անձանց: Սահմանված են մրցանակի երկու անվանակարգեր`

  • «Մասնագիտական գերազանցություն» (շնորհվում է մասնագիտական էական առաջխաղացում արձանագրած ԹԻ անդամի)
  • «Ազդեցություն» (տրվում է կոնկրետ հակակոռուպցիոն գործողություն նախաձեռնելու համար):

«Մասնագիտական գերազանցություն» անվանակարգում ԹԻ Ամալյայի անվան մրցանակակիր Բրունո Բրանդաոյի ջանքերի, նրա սկզբունքայնության ու իր թիմին նվիրվածության շնորհիվ Թրանսփարենսի Ինթերնեշնլը հայտնի դարձավ Բրազիլիայում` մեծապես խթանելով հանուն արդարության ու ժողովրդավարության պայքարը: Նա ԹԻ-ի Բրազիլիայի կոնտակտային անձն է:

«Ազդեցություն» անվանակարգում մրցանակակ ստացած «Այ ուոչ» թիմը, դրսևորելով ուժեղ կամք, աչքի է ընկել Թունիսում կոռուպցիայի դեմ պայքարի բարձրաձայնմամբ: Չնայած վարկաբեկման փորձերին ու ահաբեկմանը, թիմը շարունակել է ջատագովությունն ազդարարման օրենքի շուրջ, որն ընդունվել է 5-ամյա ճնշման արդյունքում: « Այ ուոչ»-ը նորարար է կոռուպցիայի դեմ պայքարում հետաքննող լրագրության, արվեստի (ռեփ, պոեզիա, թատրոն), հանրության համախմբման, օրենքների ջատագովության միջոցով: Տես նաև «Այ ուոչ» թիմի հոլովակը

Հ.Գ. 2015թ. սեպտեմբերի 1-ին Պուտրաջայայում (Մալայզիա) կայացած ԹԻ տարեկան ընդհանուր ժողովի շրջանակներում «Մասնագիտական գերազանցություն» անվանակարգում առաջին անգամ ԹԻ Ամալյայի անվան մրցանակի է արժանացել Մարկ Փայմանը ԹԻ Մեծ Բրիտանիայի պաշտպանության և անվտանգության ծրագրից, իսկ «Ազդեցություն» անվանակարգում մրցանակակիր է ճանաչվել Մեգի Մըրֆին՝ ԹԻ քարտուղարությունից:

ԹԻ Ամալյայի անվան մրցանակի մասին տես ԹԻ կայքում