«Պահանջատեր քաղաքացին ընդդեմ կոռուպցիայի. կոռուպցիայի դեմ պայքարում ԹԻՀԿ և գործընկեր կազմակերպությունների գործունեությունը 2016թ.» միջոցառման ընթացքում ներկայացվել են կոռուպցիոն ռիսկերի բացահայտումները առողջապահության, կրթության, գնումների և պաշտպանության ոլորտներում: ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում իրականացված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատումը» ուսումնասիրությունը ներկայացրել է ծրագրի ենթադրամաշնորհառու «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնի» նախագահ Սաթիկ Բադեյանը, իսկ «ՀՀ հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատումը»` «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի հետազոտությունների համակարգող Ավետիք Մեջլումյանը: Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսավորմամբ «ՀՀ հանրային կառույցների կողմից կատարվող գնումների 2015-2016թթ. մոնիտորինգի» արդյունքները ներկայացրել է ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, իսկ Մեծ Բրիտանիայի դեսպանության ֆինանսավորած «ՀՀ պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատումը»` ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի ԹԻՀԿ հայաստանյան գործընկեր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ներկայացրել է ծրագրի շրջանակում «Հետաքննական լրագրությունն ընդդեմ կոռուպցիայի» թեմայով կատարված բացահայտումները և դրանց ստացած ընթացքը: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ներկայացրել է «Կրթական և առողջապահական հաստատությունների մոնիտորինգի» արդյունքները:

«Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի ենթադրամաշնորհառու «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն ներկայացրել է «Հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում մասնակցային մոնիտորինգի արդյունքները»` անդրադառնալով Գյումրի քաղաքի աղբահանության և լուսավորության ոլորտում մոնիտորինգին, «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ն ներկայացրել է «Կապանի ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագրի իրականացման մոնիտորինգը և կոռուպցիոն ռիսկերը», իսկ «Վստահություն» առողջապահական ՀԿ-ն ներկայացրել է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի մոնիտորինգը:

Եվրոպական Միության ֆինանսավորմամբ «Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության» (PASOS) կազմակերպությունների ցանցի «Հզորացման գործընկերներ» ծրագրի շրջանակում իրականացրած «Բժշկական կազմակերպություններում դեղորայքի պետական գնումների գործընթացը» ներկայացրել է «Տարածաշրջանային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն, իսկ «Հատուկ պահպանվող տարածքներն ու հանքարդյունաբերությունը» թեմայով ուսումնասիրությունը` «Բնապահպանական անվտանգության ապահովում և ժողովրդավարական զարգացում» ՀԿ-ն: