Հրապարակվել է տեղականք Երևան քաղաքում հանրային կանաչ տարածքների խնամքի ուսումնասիրության վերաբերյալ
ԹԻՀԿ-ը հրապարակել է նոր տեղեկանք, որը վերաբերում է Երևան քաղաքի հանրային կանաչ տարածքների կառավարմանը և դրանց նկատմամբ իրականացված քաղաքացիական վերահսկողության արդյունքներին։
Հանրային կանաչ տարածքները՝ այգիները, զբոսայգիները և պուրակները, համայնքային սեփականություն են և քաղաքային կյանքի որակի կարևոր բաղադրիչ։ Դրանք պետք է ծառայեն բացառապես հանրային շահին՝ ապահովելով առողջ, անվտանգ և հասանելի միջավայր բոլոր քաղաքացիների համար։
Ուսումնասիրության նպատակն էր գնահատել կանաչ տարածքների կառավարման արդյունավետությունը, բացահայտել համակարգային խնդիրները և ներկայացնել առաջարկություններ՝ հանրային շահի պաշտպանության և կառավարման բարելավման ուղղությամբ։ Հետազոտությունն ընդգրկել է Երևանի տարբեր վարչական շրջաններում գտնվող մի շարք տարածքներ։ Վերլուծվել են վարձակալության պայմանագրերի համապատասխանությունը օրենսդրությանը, վարձավճարների համաչափությունը, տարածքների խնամքի և անվտանգության ապահովումը, ինչպես նաև վերահսկողության արդյունավետությունը։
Արձանագրված խնդիրների կրկնվող բնույթը վկայում է շարունակական և արատավոր կառավարման պրակտիկայի մասին, ինչը պահանջում է համակարգային փոփոխություններ և առավել թափանցիկ, հաշվետու քաղաքականություն՝ հանրային գույքի կառավարման ոլորտում։
Ուսումնասիրությունն իրականացվել է «Երևան մոնիտոր» նախաձեռնության շրջանակում։ ԹԻՀԿ-ը շնորհակալություն է հայտնում բոլոր երիտասարդներին, ովքեր ներգրավված են եղել ուսումնասիրության իրականացման և աշխատանքների կազմակերպման գործընթացում՝ իրենց կարևոր ներդրման համար։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

