Հանքարդյունաբերական ընկերության նախկին աշխատակիցների դեմ հայցը սպառնալիք է բնապահպանական ակտիվիզմի համար

Հանքարդյունաբերական ընկերության հայցը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել՝ որպես աշխատակիցներին լռեցնելու և հանրային քննադատությունը կասեցնելու փորձ՝ նմանվելով հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական գործի (SLAPP):

Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության՝ Զանգեզուրի պղինձ-մոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կողմից նախկին աշխատակիցների դեմ ներկայացված հայցը մտահոգություն է առաջացրել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և աշխատանքային իրավունքների պաշտպանների շրջանում։ 2025թ․ մայիսին ԶՊՄԿ-ն հայց է ներկայացրել ութ աշխատողների դեմ, որոնց նախկինում ազատել էր աշխատանքից՝ արդար վարձատրման, անվտանգ աշխատանքի և բնապահպանական երաշխիքների պահանջով գործադուլի մասնակցելու համար։ Ընկերությունը պահանջում է 4,7 միլիարդ ՀՀ դրամ փոխհատուցում և արդեն իսկ առկա է դատարանի թույլտվությունը՝ նախկին աշխատակիցների գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ։ ՔՀԿ-ները մտավախություն ունեն, որ սա նպատակ ունի վախեցնելու և կանխելու հետագա կոլեկտիվ ակցիաները՝ մասնավորապես հանքարդյունաբերական ոլորտում։

Գործադուլից մինչև դատարան․ ինչպես աշխատանքային վեճը դարձավ իրավական ճնշում

Սյունիքի մարզի ԶՊՄԿ գործարանի աշխատակիցները 2025թ․ հունվարի 31-ին խաղաղ գործադուլ էի սկսել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում, անվտանգության բարելավում և վնասակար պայմանների մեղմացում։ Գործադուլը ավարտվեց փետրվարի 10-ին՝ ղեկավարության հետ փոխհամաձայնություն ձեռք բերելուց հետո։ Սակայն ութ աշխատակից, որոնք նախաձեռնել էին գործադուլը, չեն վերականգնվել աշխատանքում. նրանք հեռացվել էին գործադուլի ընթացքում՝ մեղադրվելով անօրինական գործադուլի և ընկերությանը ֆինանսական վնաս հասցնելու մեջ։

Հետագայում ԶՊՄԿ-ն դատարան դիմեց՝ նշված ութ անձանցից պահանջելով 4,7 միլիարդ դրամ փոխհատուցում։ Ընկերության ներկայացուցիչները հիմնավորեցին այս պահանջը գործադուլի ընթացքում կրած վնասով։ Դատարանը թույլատրեց ժամանակավոր միջոց կիրառել՝ արգելանք դնելով աշխատակիցների գույքի վրա։ Սա խիստ մտահոգություն է առաջացրել՝ դատական հայցերի միջոցով քննադատությունը լռեցնելու և կոլեկտիվ ակցիաները պատժելու փորձի տեսանկյունից։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հարցն ուսումնասիրել է և հրապարակայնորեն հայտարարել է ԶՊՄԿ-ում անապահով աշխատանքային պայմանների և անհավասար վարձատրության խնդիրների մասին։ Արդյունքում Աշխատանքի և առողջության տեսչական մարմինը պաշտոնապես հետաքննություն է սկսել՝ պարզելու հնարավոր իրավախախտումները։

Հանրային շահ ներկայացնող ձայները լռեցնելու վտանգավոր միտում

Այս հայցը համահունչ է Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտում SLAPP գործերի մտահոգիչ միտումներին։ ԶՊՄԿ-ն նախկինում էլ բնապահպան ակտիվիստների դեմ զրպարտության և վիրավորանքի հիմքով հայցեր է ներկայացրել։ Նմանատիպ միտում է նկատվել նաև այլ հանքարդյունաբերական ընկերությունների դեպքում, ինչպես, օրինակ՝ Լիդիան Ինթերնեյշնլի կողմից՝ Ամուլսարի հանքի դեմ պայքարի ընթացքում։ Այս հայցերը ձգտում են ճնշել քաղաքացիական ակտիվիզմը և բնապահպանական հարցերով ջատագովությունը։

Այս համատեքստում նկարագրված դեպքը վտանգավոր ազդակ է ուղարկում աշխատակիցներին, լրագրողներին և ՔՀԿ-ներին այն մասին, որ հզոր դերակատարների դեմ ձայն բարձրացնելը կարող է ծանր ֆինանսական հետևանքներ ունենալ։

Խնդիրը առավել մտահոգիչ է դառնում՝ հաշվի առնելով, որ ԶՊՄԿ-ն ոչ միայն Հայաստանի խոշորագույն հարկատուն է, այլև մասամբ պետական հիմնարկ է, քանի որ ՀՀ կառավարությունը տիրապետում է ընկերության 21.8% բաժնետոմսերին, ինչը լրացուցիչ հարցեր է առաջացնում այս գործում պետական աջակցության կամ առնվազն լռության վերաբերյալ։ Հայցի արդյունքում ութ աշխատակիցները կարող են տարիներ շարունակ ծախսատար դատական գործընթացների մեջ ներգրավվել, ինչը ոչ միայն անձնական լուրջ խնդիր է, այլև նախազգուշացում բոլոր նրանց համար, ովքեր փորձում են իրացնել համախմբվելու, ընդդիմանալու կամ հաշվետվողականություն պահանջելու իրենց իրավունքները։

Դատական ​​գործը մտահոգություն է առաջացրել քաղաքացիական հասարակության խմբերի շրջանում: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) Հայաստանի բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության խմբակցությունը առաջիններից մեկն էր, որ հայտնեց իր մտահոգությունը առ այն, որ այս դատական ​​​​հայցը համարվում է SLAPP՝ նշելով, որ որպես փոխհատուցում պահանջվող չափազանց մեծ գումարը կարող է սնանկացնել թիրախավորված անձանց և վտանգավոր նախադեպ ստեղծել քննադատական ​​​​ձայներն ու այլախոհությունը լռեցնելու համար: Ի լրումն դրան, հունիսի սկզբին ավելի քան 25 ՔՀԿ-ներ համատեղ հայտարարություն են տարածել՝ որակելով դատական ​​​​հայցը որպես SLAPP և կոչ անելով անհապաղ հետ վերցնել հայցադիմումը: Միջազգային քաղաքացիական հասարակության գործիչներն և իրավապաշտպան կազմակերպությունները նույնպես մտահոգություն են հայտնել գործի վերաբերյալ՝ նշելով, որ այն կարող է լրջորեն խաթարել միավորման ազատությունը, գործադուլի իրավունքը և հանրության մասնակցությունը շրջակա միջավայրի կառավարմանը:

SLAPP գործերի դեմ համապարփակ պաշտպանություն է անհրաժեշտ

Այս դեպքը կարևոր առիթ է՝ կոչ անելու Հայաստանի կառավարությանը պաշտպանել աշխատողների իրավունքները և կանխել քաղաքացիական գործերի միջոցով հանրային շահի պաշտպանների դեմ դատական գործերի չարաշահումը։ Այն ընդգծում է նաև եվրոպական չափանիշների հիման վրա SLAPP հայցերի դեմ համապարփակ պաշտպանական միջոցառումների անհրաժեշտությունը։ Սա նաև համահունչ է «ՔՀԿ չափիչ» Հայաստանի 2024թ․ զեկույցի առանցքային առաջարկներից մեկին, ըստ որի՝ Եվրոպայի խորհրդի 2024թ․ հանձնարարականների հիման վրա անհրաժեշտ է SLAPP հայցերի դեմ օրենսդրական ու գործնական միջոցառումներ իրականացնել։

Ամբողջական հոդվածը կարդացեք «ՔՀԿ չափիչ» ծրագրի կայքում։