Դեկտեմբերի 4-ին, ՀՀ արդարադատության նախարարության կողմից հայտարարված «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ»-ի շրջանակում, տեղի ունեցավ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից մշակված «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ուսումնաօժանդակ ձեռնարկի շնորհանդեսը։ Ձեռնարկը մշակվել է Շվեդիայի կառավարության աջակցությամբ և նախատեսված է հանրակրթական դպրոցների «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների համար։

Շնորհանդեսի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ԹԻՀԿ-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Շվեդիայի դեսպանության զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կլաս Վալդենստրյոմը, Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանը։ Նրանք կարևորեցին ուսուցիչների դերը կոռուպցիայի դեմ պայքարում՝ նշելով, որ այս ձեռնարկը ուսուցիչներին տրամադրում է գործնական ու մեթոդական աջակցություն՝ թեման արդյունավետ և մատչելի ձևով ինտեգրելու նպատակով։

Միջոցառմանը մասնակցում էին պետական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ուսուցիչներ և կրթության ոլորտի փորձագետներ։

Պանելային քննարկման ընթացքում ոլորտի մասնագետները ներկայացրեցին իրենց տեսակետները հակակոռուպցիոն կրթության կազմակերպման մարտահրավերների, լուծումների և հանրակրթական դպրոցներում դրա արդյունավետության բարձրացման հնարավորությունների վերաբերյալ։

ԹԻՀԿ-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերն աջակցում են ուսուցիչներին զարգացնելու կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ պատասխանատու և քննադատական մտածողություն աշակերտների մոտ՝ դրանով նպաստելով ավելի գիտակից և սկզբունքային քաղաքացիների ձևավորմանը։

Միջոցառման ավարտին «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչներին տրամադրվեց ձեռնարկը։ Մենք լիահույս ենք, որ այն կդառնա արդյունավետ գործիք ուսումնական պրոցեսի ընթացքում։

ԹԻՀԿ-ը մշտապես իրականացնում է իրազեկման ու կրթական ծրագրեր՝ չսահմանափակվելով միայն հակակոռուպցիոն շաբաթվա միջոցառումներով։

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ ակտիվ մասնակցության և արժեքավոր կարծիքների համար։