«Պետական մարմնի հետ համագործակցությունը արդյունավետ է ստացվել»,- հայտնում է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը «Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատի (ՎՊ) տեղեկանքի որակի բարելավմանն ուղղված ջատագովություն» ծրագրի վերաբերյալ տեսահաշվետվության ընթացքում: 2015 թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ ՎՊ-ի խորհուրդը հավանություն է տվել սույն ծրագրի արդյունքում ԹԻՀԿ մշակած «Պետական գնումների աուդիտի վերաբերյալ ուղեցույցին»՝ հանձնարարելով աշխատակազմի մեթոդաբանության և միջազգային կապերի վարչությանը աշխատակազմի համար հատուկ դասընթացներ կազմակերպել և միջոցներ ձեռնարկել ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացվող գնումների ոլորտի մեթոդաբանության զարգացման և կատարելագործման նպատակով: «Սա այն բացառիկ դեպքերից է, երբ ԹԻՀԿ առաջարկությունը դարձավ պետական մարմնի պաշտոնական փաստաթուղթ», - ասում է Վարուժան Հոկտանյանը:

«Պետական գնումների աուդիտի վերաբերյալ ուղեցույցի» գլխավոր հավելյալ արժեքն այն է, որ այն գնումների աուդիտը սիստեմավորում է և այլ երկրների լավ փորձը ներմուծվում է հայաստանյան գնումների աուդիտի մեջ: Ունենալով գնումների վերաբերյալ փաստաթղթեր և կառավարության ներկայացրած թվերը, այս ուղեցույցի շնորհիվ հնարավոր կլինի ունենալ որոշակի ուղենիշներ և չափանիշներ՝ գնահատելու, թե որքանով են այդ գնումներն արդյունավետ իրականացվել, և տեսնել, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր կան: Ավելի սիստեմատիկ, շարունակական աուդիտի անցնելու դեպքում գնումների ուղեցույցը շատ ավելի մեծ օգուտ կտա: Սակայն, ի տարբերություն ԹԻՀԿ կազմած այլ ուղեցույցների, «Պետական գնումների աուդիտի վերաբերյալ ուղեցույցը» հասանելի չէ հասարակությանը, քանի որ պետական մարմնի այս ուղեցույցը մշակվել է հատուկ ծառայողական օգտագործման նպատակով՝ ՎՊ-ի աուդիտորների համար:

ՀՀ համապատասխան մարմինների, այդ թվում՝ ՎՊ-ի որոշ բյուջետային փաստաթղթերի թափանցիկության ուսումնասիրության արդյունքում, ՀՀ պետական բյուջեի տարեկան կատարողականի վերաբերյալ ՀՀ ՎՊ-ի տեղեկանքը համեմատելով այլ երկրների նմանօրինակ տեղեկանքների հետ, վեր են հանվել լուրջ բացթողումներ, խնդիրներ: ԱՄՆ Բյուջեի և քաղաքականության առաջնահերթությունների կենտրոնի աջակցությամբ 2014 թ. նոյեմբերի 1-ին ծրագիր է սկսվել փաստաթղթի բարելավման նպատակով: Հանդիպումներ ունենալով ՀՀ ՎՊ-ի ղեկավարության որոշ ներկայացուցիչների հետ, պարզվել է, որ ի թիվս այլ խնդիրների, ներկայումս կիրառվող մոտեցումը թույլ չի տալիս իրականացնելու ամբողջ պետական բյուջեի շարունակական ուսումնասիրություն, այլ ամեն տարի ընտրվում են որոշակի ոլորտներ ՎՊ ուսումնասիրությունների համար: Դրանից ելնելով՝ ԹԻՀԿ-ը որոշել է կենտրոնանալ մեկ ուղղության վրա, և ունենալով գնումների համակարգի փորձը, պատրաստել պետական գնումների աուդիտի վերաբերյալ ուղեցույց, որն ավելի կհամակարգի և հնարավորություն կտա ավելի մանրամասն պատկեր ունենալ, թե պետական գնումները որքանով են որակյալ աուդիտի ենթարկվում: