Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը Փարիզում մարտի 20-22-ը մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի (ՀԿՑ) լիագումար նիստին:

Նիստին մասնակցել են նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ոլորտում որոշումների կայացման գործընթացներում ներգրավված կազմակերպություններ, ՏՀԶԿ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի անդամներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Փարիզում կայացած աշխատանքային հանդիպումների շրջանակում ԹԻՀԿ ներկայացուցիչը մասնակցել է Ցանցի քարտուղարության և փորձագետների հետ երկկողմանի նախապատրաստական հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության կողմից արձանագրված առաջընթացին առնչվող կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների զեկույցների հետ կապված մի շարք հարցեր։

Սոնա Այվազյանը լիագումար նիստին իր ելույթում անդրադարձել է մեկ տարի առաջ Հայաստանում կայացած թավշյա հեղափոխությանը և դրա արդյունքում տեղի ունեցած փոփոխություններին, հեղափոխության ալիքի պատճառներին, ՀՀ-ում կոռուպցիայի թողած հետևանքներին և այդ ոլորտի ներկայիս իրավիճակին:

«Հիմնական պատճառը, որը ժողովրդին մոբիլիզացրեց նախկին կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմի դեմ, երկրում լայն տարածում գտած կոռուպցիան էր: Նոր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ կոռուպցիայի վերացման հիմնական խոստումով: 2018թ. դեկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքներն, այն է՝ 1991-ից ի վեր առաջին անգամ ժողովրդավարական ընտրությունների միջոցով ստացված ավելի քան 70 տոկոս քվեն, իրականում վկայում են հեղափոխական ուժի և նրա խոստումների նկատմամբ ժողովրդի վստահության մասին, ինչը նաև վերահաստատում է ավելի վաղ հասարակական կարծիքի հարցումների միջոցով արտահայտված չափազանց մեծ ակնկալիքները»,- նշել է Ս. Այվազյանը: Նա ասել է, որ Հայաստանի կառավարությունը 2003-ից ի վեր պաշտոնապես պայքարում էր կոռուպցիայի դեմ, սակայն որևէ առաջընթաց չի գրանցվել: Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի արժեքը տատանվում էր 35-ի շուրջ, քչերն են վստահել կառավարությանը, մեծամասնությունը կոռուպցիայի դեմ պայքարը համարել է ոչ արդյունավետ: «ԹԻՀԿ-ի կարծիքով` կառավարության հակակոռուպցիոն պայքարը տարիներ շարունակ հիմնականում իմիտացիոն բնույթ է կրել՝ չնայած, որ առկա էին կանխարգելիչ միջոցառումների և օրենսդրության մշակման առումով գրանցված որոշ հաջողություններ: Ներկայում առաջին անգամ Հայաստանի ժողովուրդը տեսնում ու հավատում է, որ կառավարությունն ունի կոռուպցիան արմատախիլ անելու անկեղծ քաղաքական կամք, և այս առումով, հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ ժողովուրդն ունի մեծ ակնկալիքներ: Առաջին անգամ մենք տեսնում ենք, որ իրավապահ մարմիններն իրապես գործում են՝ ջանալով կատարել իրենց աշխատանքը։ Կան մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, մի քանի ապօրինի հարստացմանն առնչվող գործեր, որոշ ջանքեր՝ վերադարձնելու հափշտակված ակտիվները։ Նկատվում է մանր կոռուպցիայի դեպքերի էական նվազեցում, պատրաստակամություն պետական բյուջեն ծախսելու հակակոռուպցիոն օրակարգի ֆինանսավորման վրա», - հավելել է Ս․ Այվազյանը:

ԹԻՀԿ գործադիր տնօրենը շեշտել է, որ հայաստանյան նոր իրողությունների պայմաններում անհրաժեշտ է, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարում ունենանք ավելի հավակնոտ մոտեցում և անպայմանորեն չշարունակենք նախկին պրակտիկաները: «Այս պահին ամենակարևոր և հրատապ խնդիրը Հայաստանի կառավարության համար պետք է լինի հակակոռուպցիոն օրակարգի և դրա բաղադրիչների տեսլականի հստակեցումը: Մենք կարծում ենք, որ ՏՀԶԿ-ի աջակցությունն ու փորձը այս առումով չափազանց արժեքավոր և կարևոր են», - ասել է գործադիր տնօրենը:

Ս.Այվազյանը ամփոփելով խոսքը ասել է, որ որպես քաղաքացիական հասարակության կազմակերպություն, ԹԻՀԿ-ն շարունակում է վերահսկել կառավարությանը, ընդհանուր կառավարման գործընթացները, ներդրում ունենալ քաղաքականության ձևավորման գործում, մասնավորապես` հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ հենքի ձևավորման առնչությամբ, մասնակցել օրակարգի ձևավորմանը և խթանել շահագրգիռ կողմերի շրջանում քննարկումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Մոնղոլիայի և Ուզբեկստանի վերաբերյալ ՀԿՑ 4-րդ փուլի մոնիտորնգի, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Վրաստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի վերաբերյալ առաջընթացի զեկույցները: Ղեկավար կոմիտեի հանդիպման ընթացքում ամփոփվել է ՀԿՑ 2016-2019թթ. աշխատանքային ծրագրի իրականացման ընթացքը և ապագա աշխատանքային ծրագրի նախապատրաստումը: Ս.Այվազյանը նաև ներկա է եղել ՏՀԶԿ Օրինավորության շաբաթի շրջանակում մարտի 19-ին կայացած Հակակոռուպցիոն և գործարար օրինավորության թեմայով միջոցառմանը: