Գլխավոր էջ Մամլո հաղորդագրություններ ԹԻՀԿ-ը ներկայացրել է գնումների մոնիտորինգի արդյունքները
Մամլո հաղորդագրություններ
2014 Հուն
27

ԹԻՀԿ-ը ներկայացրել է գնումների մոնիտորինգի արդյունքները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ)  ներկայացրել է 2011-ից մինչև 2013 թ. առաջին եռամսյակն իրականացրած պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները: Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ իրակացված մոնիտորինգի նպատակն էր ուսումնասիրել պետական գնումների համակարգը և մատնանշել դրանում առկա հիմնախնդիրները:

Ստորև նշված են մոնիտորինգի թիրախային ուղղությունները
- բողոքարկման ինստիտուտը
- մեկ անձից գնումները
- էլեկտրոնային գնումները
- շրջանակային համաձայնագրերը
- գնումների աջակցման կենտրոնի գործունեությունը
- գնումների պաշտոնական կայքում տեղեկատվության ամբողջականությունը և թափանցիկությունը:

Մոնիտորինգի արդյունքները ներառվել են երկու մասանոց «ՀՀ պետական գնումների համակարգի մոնիտորինգ 2011-2013 թթ.» գրքույկում (մաս 1, մաս 2) : Ծրագիրն իրականացվել է  ԹԻՀԿ տնօրեն Վարուժան Հոկտանյանի ղեկավարությամբ, որպես փորձագետ ներառվել է տնտեսագիտության թեկնածու Արտակ Մանուկյանը: 

ԹԻՀԿ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների հիմնական արդյունքներն են.

1. Մեկ անձից գնումները հանդիսանում են գնման նախապատվելի ձև պետական կառավարման մարմինների համար, ընդ որում, առկա է մեծ կենտրոնացվածություն (թե՛ քանակային, թե՛ գումարային):
2. Հանրային կազմակերպությունների մոտ (չնայած օրենքով սահմանված պահանջներին) նկատվում է գնումների մասով թափանցիկության և հաշվետվողականության պակաս:
3. Էլեկտրոնային գնումների համակարգն ամբողջական չէ:
4. Էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով հայտարարված ընթացակարգերի շուրջ 40%-ը համարվում է չկայացած:
5. Պայմանագրային պատվիրատուները լրջորեն չեն մոտենում էլ. գնումների մասով հանրային տեղեկատվությանը:
6. Համակարգում առկա են բազում տեխնիկական բնույթի հիմնախնդիրներ:
7. Չնայած աստիճանաբար մեծանում է բողոքարկման ինստիտուտի նկատմամբ վստահությունը, սակայն գործընթացը արդյունավետ չէ:
8. Կան հիմնավոր կասկածներ ընտրանքի պատահական լինելու և ռոտացիոն համակարգի նկատմամբ:
9. Գնումների աջակցման կենտրոնը (ԳԱԿ) չի օգտվում Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնումների համաձայնագրի անդամակցությունից բխող առավելություններից:
10. Չի իրականացվում պլանավորված և փաստացի ընթացակարգերի համեմատական վերլուծություն (գումարային կամ քանակային):
11. Գնումների պաշտոնական կայքը բարելավման կարիք ունի: