Պոլիտեան (politeia, πολιτεία) հին հունարեն բառ է, որ առաջացել է polis արմատից, որ նշանակում է քաղաք/պետություն և politeuomai բայից, որ նշանակում է՝ «ես ապրում եմ պոլիսի ակտիվ քաղաքացու պես»։ Բառն ունի տարբեր նշանակություններ և թարգմանություններ՝ պետության մեջ քաղաքացիների համայնք, քաղաքացու իրավունքներ, քաղաքացիություն, կառավարման ձև կամ համակարգ, ինչպես նաև սահմանադրություն։
«Պոլիտեան» Պլատոնի հայտնի «Հանրապետություն» աշխատության բնօրինակի անվանումն է։ Պակաս հայտնիություն չի վայելում նաև Արիստոտելի «Աթենական պոլիտեա» գործը։
«Պոլիտեա» խաղի նպատակն է զարգացնել խաղացողների քաղաքագիտական - քաղաքացիական գիտելիքները։
Ինչպե՞ս խաղալ
«Պոլիտեան» կարելի է խաղալ 2 կամ ավելի խմբերով։ Յուրաքանչյուր թիմից մեկական խաղացող վերցնում է որևէ քարտ և իր թիմակիցներին բացատրում քարտի վրա գրված բառերը․
- բացատրելիս չի թույլատրվում օգտագործել նույնարմատ բառեր և թարգմանություններ,
- եթե գուշակող թիմն արդեն նշել է արմատը, ապա բացատրողը կարող է օգտագործել այն,
- բառերը բացատրելիս հերթականությունը պահելը պարտադիր չէ,
- մի խաղաքարտի վրա առկա բոլոր բառերը գուշակելուց հետո միայն կարելի է վերցնել այլ խաղաքարտ,
- նախապես պայմանավորված ժամանակահատվածը լրանալուց հետո խաղը փոխանցվում է մյուս թիմին։
Յուրաքանչյուր գուշակված բառը 1 միավոր է։ Եթե բառը բացատրելիս խախտում եք որևէ կանոն, ապա այդ բառի համար այլևս միավոր չեք կարող ստանալ։
Հաղթող է ճանաչվում այն թիմը, որն առավելագույն միավորներ է հավաքում։
* Խաղը պարունակում է տարբեր բարդության խաղաքարտեր։ Սպիտակ՝ կապույտ նախշերով խաղաքարտերի վրա գրված են ավելի բարդ մակարդակի բառերը։