Ս.թ. հունվարի 11-ին տեղի է ունեցել «Հանրակրթական դպրոցների մատչելիությունը. օրենքը գործնականում» մոնիտորինգի զեկույցի ներկայացումը և քննարկումը: Զեկույցում ամփոփված են «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ-ի (նախկին «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ) կողմից իրականացված մասնակցային մոնիտորինգի արդյունքները։ Մոնիտորինգի նպատակն է ուսումնասիրել 2007թ․ հետո Երևանում, Գյումրիում և Վանաձորում կառուցված և վերակառուցված թվով 20 հանրակրթական ուսումնական հաստատությունների համապատասխանությունը ՀՀ քաղաքաշինության նախարարի մատչելիության շինարարական նորմերի մասին հրամանին:

Արդյունքները ցույց են տալիս, որ մատչելիության շինարարական նորմերը կարգավորող՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի համապատասխան հրամանը ամբողջությամբ չի կիրարկվել, իսկ որոշ դեպքերում՝ ամբողջությամբ և կոպտորեն խախտվել է։ Ըստ այդմ՝ կարելի է պնդել, որ ուսումնասիրված հանրակրթական դպրոցները անհասանելի են հաշմանդամություն ունեցող աշակերտների համար, քանի որ մեծամասամբ չեն համապատասխանում մատչելիության չափանիշներին։

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Անահիտ Հախումյանը և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը: Զեկույցը ներկայացրել են «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը և սոցիոլոգ Հայկ Սմբատյանը: Զեկույցի ներկայացումից հետո տեղի է ունեցել քննարկում:

Զեկույցը պատրաստվել է «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ ԹԻՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Տես միջոցառման լուսանկարները, զեկույցի համառոտագիրը, դրան առնչվող պաստառները և լուսաբանումը Հայաստանի հանրային ռադիոյով
Զեկույցին կարող եք ծանոթանալ ԹԻՀԿ կայքում