Կարևորելով հանրային իրավունքների պաշտպանության հարցերով ՀԿ-ների դատավարական իրավասուբյեկտության խնդիրը, և հաշվի առնելով թերի իրավակարգավորումների արդյունքում ՀՀ-ում ձևավորված խիստ հակասական դատական պրակտիկան՝ ս.թ. օգոստոսի 31-ին անց է կացվել «Հասարակական կազմակերպությունների դատական մատչելիության իրավունքը» թեմայով քննարկում ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակում: Միջոցառմանը ներկա էին պետական կառույցների, ՀԿ-ների, շնորհատու կազմակերպության ներկայացուցիչներ, փորձագետներ: Բացման խոսքով հանդես է եկել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը:

«Հասարակական կազմակերպությունների դատական իրավասուբյեկտությունը որպես հանրային վերահսկողության արդյունավետ միջոց» թեմայով բանախոսել են ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, ՀՀ արդարադատության նախարարության գործառույթներ համակարգող խորհրդական Հասմիկ Սարդարյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Անահիտ Մանասյանը, փաստաբան Հայկ Ալումյանը, փորձագետ Լուսինե Ղազարյանը, «Էկոիրավունք» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը: Հասարակական կազմակերպությունների դատական մատչելիության միջազգային փորձը ներկայացրել է Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (ECNL) փորձագետ Էսթեր Հարթին:

Տես քննարկման ֆոտո պատմությունը: