«Կա կոռուպցիայի դեմ պայքարի երկու ճանապարհ. իշխանափոխություն կամ քաղաքական կամք»
Ս.թ. փետրվարի 19-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիտորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին: Այդ կապակցությամբ «Չորրորդ իշխանությունը» խորհրդի գործունեության արդյունավետության մասին զրուցել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ։ Նա հիշեցրել է, որ 2004 թ. ստեղծվել էին կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը և նրան կից հանձնաժողովը, որոնք ֆորմալ առումով գործում են մինչև այսօր։ Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ Խորհրդի աշխատանքի արդյունքները գոհացուցիչ չեն, լավագույն դեպքում իրավիճակը կարելի է բնորոշել որպես լճացում։
Խորհուրդը կրելու է խորհրդատվական բնույթ և չի կարող որոշում ընդունել։ Կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիտորինգի բաժինը և փորձագետների հանձնաժողովը պետք է համապատասխան տեղեկատվություն տրամադրեն այդ խորհրդին, որն էլ, մշակելով ստացված տեղեկատվությունը, պետք է խորհուրդներ տա գործադիրին կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու հարցում։ Նոր խորհուրդը տարբերվում է նախկինից միայն նրանով, որ եթե այն ժամանակ խորհրդում միայն պետական մարմինների ներկայացուցիչներն էին, ապա հիմա ըստ համաձայնության ներառվում են ՀԿ-ների, հանրային խորհրդից ներկայացուցիչներ եւ ԱԺ-ում ներկայացված խմբակցություններից պատգամավորներ։
Վարուժան Հոկտանյանը մեծ հույսեր չի կապում, որ հնարավոր կլինի լուրջ փոփոխություններ մտցնել, երբ չկա քաղաքական կամք։ Թերահավատության պատճառներից մեկն այն է, որ խորհուրդը լինելու է ոչ անկախ մարմին։ Ըստ Հոկտանյանի՝ կա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ երկու ճանապարհ. կա՛մ իշխանափոխություն, կա՛մ վերնախավի կողմից քաղաքական կամքի դրսևորում:

