Ս.թ. նոյեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փորձագետ Արտակ Մանուկյանը ներկայացրել է 2011-2014 թթ. ՀՀ-ում պետական գնումների զարգացման միտումները՝ հիմնվելով արդյունավետության, ինտեգրացվածության, հաշվետվողականության, թափանցիկության, կայունության ուղղություններով ԹԻՀԿ մոնիտորինգի արդյունքների վրա: Նա անդրադարձել է «Գնումների մասին» օրենքին, որը օրենսդրական կատարելության աստիճանով ԵՄ երկրների օրենսդրության չափորոշիչներին ավելի մոտ էր, քան ԱՊՀ մյուս երկրներինը, դրա իրավակիրարկմանը, Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, Եվրասիական տնտեսական գոտու անդամանկցության հնարավոր ազդեցությանը գնումների զարգացումների վրա:

Ըստ Արտակ Մանուկյանի՝ պետական գնումների ոլորտում նախորդ կառավարությունը փորձում էր ստեղծել թափանցիկության ֆոն, և կար շարժ, ինչ վերաբերում է տեղեկատվության թափանցիկությանը, 2014 թ. օգոստոսից գրանցվել է հետընթաց: