Ս.թ. մարտի 19-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը մասնակցել է ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով աշխատանքային հանդիպմանը:

Հանդիպման նպատակն էր ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ քննարկել արհմիություններին առնչվող օրենսդրական խնդիրները, մասնավորապես Արհեստակցական միությունների մասին օրենքը և Աշխատանքային օրենսգրքի մի շարք դրույթներ, որոնք խոչընդոտում են կամ չեն նպաստում արհմիությունների արդյունավետ գործունեությանը և համատեղ գտնել դրանց լուծումները:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել ոլորտի ներկայացուցիչներին՝ հանձնաժողովի հետ ակտիվ համագործակցելու և արժեքավոր առաջարկներ ներկայացնելու համար, և հույս հայտնել, որ դրանք կնպաստեն արհեստակցական միությունների և գործատուների միության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Արհեստակցական միությունների, գործատուների հանրապետական միության և ՀԿ ներկայացուցիչները փոփոխություններ էին առաջարկում «Արհեստակցական միությունների մասին» օրենքում և ՀՀ աշխատանքային օրենսգրքում, որոնք ուղղված են արհմիությունների գործունեության բարելավմանը: Առաջարկները վերաբերում էին աշխատանքային իրավահարաբերություններում ծագած խնդիրներին, աշխատող-գործատու վեճերի լուծման մեխանիզմներին, կոլեկտիվ բանակցությունների վարման կարգի հստակեցմանը, կոլեկտիվ պայմանագրերին վերաբերող հոդվածներին և այլ դրույթների: Կողմերը ներկայացրել են իրենց դիտողությունները, առարկությունները և առաջարկները:

Հանդիպման ավարտին հանձնաժողովի նախագահը հավաստիացրել է, որ ներկայացված առաջարկները կքննարկվեն հանձնաժողովում: