Վարշավայից դեպի Վիլնյուս. ընտրական ստանդարտներ
Ս.թ. նոյեմբերի 22-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է «Վարշավայից դեպի Վիլնյուս խաչմերուկներում՝ Հայաստան և Վրաստան» հանրային քննարկմանը և հանդես է եկել «Ընտրական ստանդարտներ» թեմայով զեկուցմամբ: Նա ներկայացրել է ԹԻՀԿ զեկույցը, որը գրվել է 2012-13 թթ. ընտրական ցիկլի հիմնական ընտրությունների՝ 2012 թ. ՀՀ ԱԺ, 2013 թ. ՀՀ նախագահի և 2013 թ. Երևանի ավագանու ընտրությունների վերլուծության հիման վրա, վեր հանելով ընտրությունների արդյունքների վրա էապես ազդած հիմնախնդիրները: Նա եկել է այն եզրակացության, որ ԵՄ քաղաքակրթական ինտեգրումը հնարավոր չէ այսպիսի ընտրությունների ժամանակ: Իսկ ԵՄ հետ անկեղծ երկխոսությունն անհրաժեշտ է ինչ-որ չափով ներկայիս իրավիճակը շտկելու համար:
Այն երկրներում, դժբախտաբար՝ նաև Հայաստանում, որտեղ կա համակարգային կոռուպցիա, բնական է ակնկալել, որ քաղաքական կոռուպցիայի դրսևորումները առավել ցայտուն ի հայտ կգան նաև ընտրությունների ժամանակ: Դասական իմաստով կոռուպցիան դրսևորվում է, երբ իշխող քաղաքական ուժը փորձում է վարչական ռեսուրսների կոպիտ չարաշահմամբ հասնել իր համար ցանկալի արդյունքի: Եթե 2012 թ. և 2013 թ. Երևանի ավագանու ընտրություններում միջազգային տերմինաբանությամբ ավելի շատ գերիշխում էին փափուկ խախտումները, ապա նախագահական ընտրությունների ժամանակ ավելի գերակայել են վարչական ռեսուրսի չարաշահման կոշտ խախտումները:
Ցանկալի արդյունքի ապահովման տեսանկյունից ավելի մեծ դեր են խաղացել ընտրակաշառքի զանգվածային բաժանումը 2012 թ. ՀՀ ԱԺ և 2013 թ. Երևանի ավագանու ընտրություններում: Ավելի շատ կոշտ խախտումներ, այդ թվում նաև լցոնումներ, եղել են նախագահական ընտրությունների ժամանակ: Առաջին հերթին, բոլոր 3 ընտրությունների ժամանակ վճռորոշ ազդեցություն է ունեցել ընտրացուցակների խնդիրը: Քանի որ ընտրական օրենսգիրքը չի թույլատրում ընտրացուցակները հրապարակել ընտրությունից հետո՝ հնարավոր չէ բացահայտել՝ մարդիկ իրե՛նք են քվեարկել, թե իրենց փոխարեն են քվեարկել:
Մյուսը ընտրական հանձնաժողովների, մանավանդ տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) պրոֆեսիոնալիզմի կամ քաղաքական կամքի բացակայության խնդիրն էր: Լուրջ է ՏԸՀ-ի կազմավորման, դրանում ներգրավված անձանց հարցը: Խնդրահարույց են նաև դիտորդները և վստահված անձինք: Ընտրատեղամասերը լցված էին այնպիսի դիտորդներով, որոնք չէին տեսնում խախտումներ և դրանով չեզոքացնում էին այդ խախտումները տեսնողներին:
Ընտրակաշառքը մեծ դեր է կատարել բոլոր 3 ընտրություններում: Կարևոր է, որ իրավապահ մարմինները դրսևորեն պրոակտիվ վերաբերմունք, մինչդեռ ընտրակաշառք բաժանելն ապացուցելու բեռը դրվում էր ընտրակաշառքը բացահայտողի վրա: Կառավարման հիերարխիկ համակարգում մարզպետները՝ գյուղապետերի, մարզպետարանները կամ քաղաքապետարանները՝ պետական հիմնարկների աշխատողների, դպրոցի տնօրենները ուսուցիչների առաջ դնում էին որոշակի քվե ապահովելու պլան: Սա ընտրությունների արդյունքների վրա խաղացել է գլխավոր դերը:
Լուրջ խնդիր էր բողոքների նկատմամբ ձևական մոտեցումը: Այն հնարավորություն չի տվել, որպեսզի վերադաս ընտրական հանձնաժողովների և վարչական դատարանի կողմից իրականացվեր խախտումների օբյեկտիվ ուսումնասիրություն:
Իր ելույթի վերջում Հոկտանյանը հանդես է եկել հետևյալ հարցադրումով: Ինչո՞ւ 1990-ից հետո իշխանափոխություն չեղավ ընտրությունների միջոցով: Խնդիրը կոռուպցիայի հետ է կապված. «պետական իշխանությունը պետք է անձնական հարստացման համար» մոտեցման դեպքում ինչքանո՞վ է ադեկվատ ընտրությունների ինստիտուտը և այն բոլոր ինստիտուտները, որոնք կոչված են ապահովելու երկրի ժողովրդավարական զարգացումը:

