Հայաստանի քաղաքացիական հասարակության մարտահրավերները
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը տեսակետ է հայտնել, որ քաղաքացիական հասարակությունը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշման դեմ կփորձի իր բողոքի ձայնը բարձրացնել տարբեր միջոցներով՝ հանդես գալով հայտարարություններով, բանակցություններով, ակցիաներով՝ միաժամանակ նշելով, որ վստահ չէ՝ որքանով արդյունավետ կլինեն դրանք: «Մեր իշխանությունները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ իրենք ժողովրդավար չեն, հաշվի չեն առնում հասարակական կարծիքը, պատրաստ են գնալ ամեն տեսակի բռնաճնշումների, սակայն դա չի լռեցնի հասարակությանը. այն անձինք, ովքեր դեմ են այդ միությանն անդամակցությանը, իրենց ձայնը կբարձրացնեն»,- ասել է Այվազյանը:
Ըստ Սոնա Այվազյանի այստեղ արժեհամակարգերի խնդիր կա, և կարևոր է, թե ում հետ ես ճանապարհ գնում, քանի որ նույն արժեքներն ես որդեգրելու: Տվյալ դեպքում Սերժ Սարգսյանը որոշումն ընդունել է հօգուտ բռնատիրական Ռուսաստանի՝ զոհաբերելով ժողովրդավարական արժեքներ ունեցող Եվրոպան, կատարելով բավական լուրջ ընտրություն, որի հետ քաղաքացիները չեն կարող հաշտվել, հանդուրժել այդ արժեքների ընդունումը մի անձի կողմից, ով անգամ հարկ չի համարել իր կուսակիցներին տեղյակ պահել այդ մասին:
«Նման որոշումը և Հայաստանն այդ վիճակի մեջ դնելը բարոյական չեն: Շատ դժվար է գնահատել և հասկանալ՝ որն է ճիշտ ուղին: Այստեղ անգամ կարևոր չէ բովանդակությունը, ավելի մեծ խնդիր է որոշման ձևը: Այն գործընթացը, որում տարիներ շարունակ գտնվել է Հայաստանը՝ Եվրոպայից ստանալով գումարներ, տալով խոստումներ, կատարելով եվրոպական արժեքների որդեգրման իմիտացիա, այդ ամենը մի հայտարարությամբ ի չիք դարձան»,- ասել է նա` նշելով, որ շատ դժվար առաքելություն է դրված քաղաքացիների կամ ՀԿ-ների ուսերին՝ նրանք պետք է փորձեն այս իրավիճակից դուրս գալ և Հայաստանի դեմքը պարզապես փրկել, իսկ թե դա որքանով հնարավոր կլինի՝ Այվազյանը դժվարացավ նշել:

