Ս. թ. նոյեմբերի 23-ին` անպատժելիության դեմ պայքարի միջազգային օրը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության և «Փենալ Ռեֆորմ Ինթերնեշնլի» կազմակերպած «Անպատժելիության համակարգային դրսևորումները Հայաստանում և դրանց ազդեցությունն իրավունքի գերակայության վրա» հանրային քննարկման բանախոսներն անդրադարձել են ՀՀ տարբեր ոլորտներում տեղ գտած անպատժելիության մթնոլորտին` բերելով համապատասխան օրինակներ: Քննարկումը վարել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, իսկ փոխտնօրեն Սոնա Այվազյանը բանախոսել է անպատժելիության մասին` կենտրոնանալով ընտրությունների և կոռուպցիայի հարցերին, մասնավորապես բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում:

Բացման խոսքով հանդես են եկել Դավիթ Ամիրյանը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանից և Բակար Ջիկիան Փենալ Ռեֆորմ Ինթերնեշնլ-ից (Վրաստան):

Վարուժան Հոկտանյանը նշել է, որ անպատժելիությունը իր լուրջ ազդեցություն է թողնում հասարակական արժեքների վրա: Ցանկացած համակարգ գործում է ելնելով որոշակի կանոններից: Անպատժելիության կանոն դառնալը վկայում է երևույթի համակարգային լինելու մասին: Անպատժելիությունը դրսևորվում է տարբեր, այն է` անհատական, պետական, միջազգային մակարդակներով: Հասարակության մեջ ականատես ենք բավականին տարածված վախի դրսևորումներին: Այսօր Հայաստանում հաճախակի հանդիպում ենք պետական մակարդակի անպատժելիության, որն էլ ի հայտ է գալիս, երբ երկրում կա համակարգային կոռուպցիա, պետական իշխանության անվերահսկելիություն և դատական համակարգի ցածր արդյունավետություն:

Իրավունքի գերակայություն ՀԿ նախագահ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ով պաշտպանել է մարտի 1-ի 9 զոհերի շահերը ինչպես Հայաստանի ներպետական դատարաններում, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ներկայացրել է անպատժելիության մթնոլորտը որպես իրավունքների շարունակական խախտման աղբյուր:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի համակարգող Արթուր Սաքունցը մարդու իրավունքների վերաբերյալ իր ելույթում խոսել է կալանավորված և դատապարտված անձանց, հոգեբուժարանների հիվանդների, թմրամիջոց օգտագործողների, զինված ուժերի, խոցելի խմբերի, հանրային շահերի զոհերի մասին:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը խոսել է լրագրողների, լրագրողական կազմակերպությունների և ԶԼՄ-ների դեմ կատարված հանցագործությունների անպատժելիության մասին:

Այլ բանախոսների թվում էին Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը: