Ընտրական մանրամասներ` ընտրություններից հետո
Ս.թ. մայիսի 30-ին ՍիվիլՆեթ-ի «Դիտակետ» հաղորդման հյուրերն էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը: Զրույցն ընթացել է մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա ազդեցություն ունեցած` գրանցված խախտումների, դրանց հետևանքների և ԵԽԽՎ զեկույցում տեղ գտած գնահատականների շուրջ:
2012 թ. ընտրությունների հետ կապված ԹԻՀԿ-ն իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնցից են նախընտրական քարոզչության ֆինանսավորման և վարչական ռեսուրսի չարաշահման մոնիտորինգն ու ընտրական թվերի համադրության մեթոդի վրա հիմնված էլեկտրոնային մոնիտորինգը: Ինչ վերաբերում է առաջինին, այժմ ընթացքի մեջ է տվյալների մշակումը: Արդյունքները ստանալուն պես` կներկայացվեն հանրությանը:
Ընտրական թվերի համադրության մեթոդի կիրառումը հնարավորություն է տվել վեր հանել այն իրավիճակները, որոնք պարունակում էին հնարավոր խախտումների ռիսկեր: Շնորհիվ դրա, ուսումնասիրությունը կարող էր օգտագործվել կուսակցությունների վստահված անձանց և դիտորդների կողմից որպես շատ լուրջ փաստարկ` ընտրության արդյունքները քվեարկությունից անմիջապես հետո բողոքարկելու համար (որը դժբախտաբար այս ընտրությունների ժամանակ տեղի չունեցավ):
Վերը նշված կասկածելի իրավիճակներն էին ուռճացված ընտրացուցակները, քվեարկության ժամանակ որոշ ընտրական տեղամասերում որոշակի ժամանակահատվածներում քվեարկությանը չափազանց մեծ մասնակցությունը և մեծ թվով տեղամասերում անճշտությունների իրական չափերի շատ մեծ լինելը:
Ուռճացված ընտրացուցակների դեպքում, երբ տվյալ համայնքում ընտրողների թիվը մոտավորապես հավասար կամ ավելի է նույն համայնքի մշտական բնակչության թվից, ընտրախախտման ռիսկը կայանում է նրանում, որ կամ այդ ընտրացուցակներում կան մեծ թվով ֆիկտիվ (կեղծ անուն-ազգանունով) ընտրողներ կամ էլ մեծ թիվ են կազմում հանրապետությունից հեռացած, բայց դեռևս հաշվառման մեջ գտնվող ընտրողները: Այդ դեպքում կա վտանգ, որ նշված «ուրվական» ընտրողների փոխարեն կարող են քվեարկել ընտրակեղծարարները:
Ինչ վերաբերում է քվեարկությանը մասնակցության հարցին, ապա ելնելով ԿԸՀ կողմից 3 ժամը մեկ հրապարակված մասնակցության տվյալներից, շատ տեղերում քվեարկությունը զարմանալիորեն արագ էր կատարվում. միջին հաշվով 1 ընտրողը կարող էր 20 վայրկյանում քվեարկել: Պոտենցիալ ռիսկը կայանում էր նրանում, որ տեղամասերից կարող էին հաղորդվել մասնակցության վերաբերյալ ոչ իրական թվեր: Դրանից հետո, չեզոքացնելով «անցանկալի» վստահված անձանց ու դիտորդներին, տեղամասային ընտրական հանձնաժողովի իրենց վերահսկողության տակ գտնվող անդամների օգնությամբ կարող էին ավելացվել, համապատասխան ստորագրություններ` ստանալու համար այդ ոչ իրական, բայց իրենց համար ցանկալի թվերը:
Արձանագրություններն աղյուսակավորված ձևով ԿԸՀ-ի ինտերնետային կայքում դրվելուց հետո ԹԻՀԿ-ը վերլուծել է արձանագրություններում առկա թվերի անճշտությունները, ընդ որում ոչ միայն նրանք, որոնք սահմանված են Ընտրական օրենսգրքով, այլև նրանք, որոնք, համաձայն նույն օրենսգրքի պետք է զրոյացվեն: Վերջինների հաշվարկի արդյունքները թույլ տվեցին վեր հանել այն ընտրատեղամասերը, որոնցում հնարավոր է, որ տեղի էր ունեցել «կառուսել տեսակի» ընտրախախտումը:
Այս ամենի հետ ծանոթանալու համար կարելի է այցելել ԹԻՀԿ ինտերնետային կայքի «2012 թ. խորհրդարանական ընտրություններ. ընտրական թվերի համադրությամբ վերլուծական հաշվարկ» էջը:
Մայիսի 24-ին հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Զեկույցում տեղ գտած մտահոգությունները ճիշտ այն մտահոգություններն էին, որոնք անհանգստացրել էին դիտորդական կամ ուղղակի մոնիտորինգային աշխատանքներ իրականացրած Հայաստանի անկախ կառույցներին: Վարուժան Հոկտանյանի կարծիքով բավականին օբյեկտիվ գրված այդ զեկույցը քաղաքական փաստաթուղթ է, որը կարող է ունենալ քաղաքական ազդեցություն` Հայաստանը կշարունակի մնալ մոնիտորինգի ռեժիմի տակ: Շատ հաճախ այսպիսի ընտրությունները կարող են էլ ավելի թուլացնել Հայաստանի արտաքին քաղաքական դիրքերը: Ուստի պետք է շատ ավելի նորմալ ընտրություններ անցկացնել, հաշվի առնելով այն մարտահրավերները, որ Հայաստանը դիմակայում է արտաքին քաղաքական ոլորտում: Միջազգային հանրության կողմից առավել լուրջ ընդունվող զեկույցը լինելու է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը, որի արդյունքում կարող են լինել լուրջ քաղաքական ճնշումներ:

