Հայաստանի իրավապաշտպան ՀԿ-ների դիտարկումները 2012 թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Երևան, 4 մայիսի, 2012թ.:
Ընտրողների իրավունքների իրացում
Վարչական ռեսուրսի օգտագործում
Հայաստանում կրթական համակարգը շարունակվում է օգտագործվել որպես իշխանության թեկնածու անձանց և կուսակցությունների համար որպես կարևոր գործիք: Դպրոցների, քոլեջների, բուհերի կոլեկտիվները, ուսանողները և դպրոցականները վերադասների ծածուկ հրահանգներով տարվում են թեկնածուների հետ հանդիպումների և իրականացնում անօրինական քարոզչության: Հայաստանի խոշոր քաղաքների բոլոր պետական դպրոցների և վարժարանների տնօրենների ավելի քան 70 տոկոսը ՀՀԿ անդամ են: Մասնավորաբար, Գյումրու 42 պետական դպրոցների և վարժարանների տնօրեններից 32-ը, իսկ Վանաձորի 29 դպրոցների և վարժարանների տնօրեններից 26-ը ՀՀԿ անդամ էին արդեն 2012-ի մարտի սկզբին, ու նրանց կեսը այդ կուսակցությանն էին անդամակցել վերջին 10 ամսում:
Նախընտրական քարոզչություն
Խորհրդարանական նախորդ ընտրությունների համեմատ ներկայիս ընտրական գործընթացներում հեռարձակվող ԶԼՄ-ները անհամեմատ բազմակողմանի են լուսաբանում նախընտրական քարոզարշավը և, ընդհանուր առմամբ, քաղաքական ուժերի համար ապահովում են հավասար պայմաններ իրենց ծրագրերն ու հայացքները ընտրազանգվածին ներկայացնելու համար: Սա կարելի է գլխավորապես բացատրել առաջիկա ընտրությունների առնչությամբ միջազգային կառույցների առջև ՀՀ իշխանությունների ստանձնած պարտավորություններով և որոշակի նոր գործոններով: Սակայն, հարկ է նշել, որ սույն միտումը կարող է արժևորվել միայն այն դեպքում, եթե նման մոտեցումը պահպանվի նաև հետընտրական ժամանակաշրջանում, այսինքն պայմանավորված լինի ոչ թե արտաքին հանգամանքներով և ընտրությունների մասին օրենսդրությամբ, այլ ունենա ներքին դրդապատճառներ ու վերահսկողության մեխանիզմներ և դառնա ամենօրյա գործելակերպ:
Քարոզարշավի ֆինանսավորում
Քաղաքական ուժերի վարքագիծ
Առկա են դեպքեր, երբ որոշ քաղաքական ուժեր (մասնավորապես` ՀՀԿ և ԲՀԿ-ն) դրսևորել են բացարձակ արհամարհական վերաբերմունք նույնիսկ իրենց ընտրազանգվածի` Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացիների նկատմամբ և անհաղորդ մնացել նրանց կողմից ուղղակիորեն առաջադրված հարցադրումներին:
Ընտրախախտումների համար ձևավորված պայմաններ
Հայաստանի 70 բնակավայրերում 800 հարցվածների շրջանում 2012թ. փետրվար ամսին անցկացված հետազոտությունը բացահայտել է, որ պատասխանողների մոտ 60 տոկոսի հիմնական մտահոգությունները վերաբերում են աշխատատեղերի պակասին, ցածր կենսաթոշակներին, ցածր աշխատավարձերին, աղքատությանը, բարձր գներին ու ինֆլյացիային, երիտասարդների համար հնարավորությունների բացակայությանը, արտագաղթին: Փաստորեն, բնակչության սոցիալական ծանր վիճակը և մյուս կողմից տարիներով լուծում չստացող կենցաղային խնդիրները հետին պլան են մղել ժողովրդավարական այնպիսի արժեքներ, ինչպիսիք են արդար ընտրությունները, մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, ինչը նշանակում է, որ ստեղծված է բարենպաստ միջավայր, որում ընդունելի և ողջունելի կարող են լինել ընտրակաշառքները, արդյունավետ կարող են գործել հարկադրանքը և սպառնալիքները, հանդուրժելի կարող են լինել ընտրախախտումները:
Հայաստանի իշխանությունները մերժել են ներդնել այնպիսի մեխանիզմներ, որպիսիք կարող էին ապահովել ընտրախախտումների և ընտրակեղծիքների բացառումը կամ նվազեցումը: Մասնավորապես, 2010թ. նոյեմբերին ՀՀ ԱԺ աշխատանքային օրենսգրքի մշակող աշխատանքային խումբը, իսկ 2012թ. ապրիլին` ՀՀ ԿՀԸ մերժել են հասարակական կազմակերպության կողմից ներկայացված առաջարկները ընտրատեղամասերը պետության կողմից տեսախցիկներով կահավորելու, ամբողջ քվեարկության գործընթացը և քվեների հաշվարկների ընթացքը տեսաձայնագրելու, ինտերնետ հեռարձակելու և որպես պաշտոնական տեղեկություն արխիվացնելու մասին:
Առաջիկա ընտրությունների առնչությամբ առավել մտահոգիչ է ընտրական ցուցակների ուռճացվածության հարցը, որը պարարտ հող է ստեղծում քվեարկության օրն առավել հավանական և առավել դժվար բացահայտվող ընտրակեղծիքների, այն է` կեղծ անձնագրերով կամ ուրիշի փոխարեն քվեարկություն կատարելու համար: ՀՀ ոստիկանության կայքում տեղադրված ընտրացուցակները և ՀՀ մշտական բնակչության վերաբերյալ ՀՀ Վիճպետծառայության 2010-11թթ. վիճակագրական տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ հանրապետության 34 բնակավայրերում ընտրացուցակներում առկա ընտրողների թիվն ավելի մեծ է, քան մշտական բնակչության թիվը:
Ներկայիս ընտրական գործընթացներում էական դեր է սկսում խաղալ նոր մեդիան: Այն ոչ միայն իր օրախնդրությամբ ու օպերատիվությամբ կամա թե ակամա ազդում է ավանդական լրատվամիջոցների և հատկապես հեռարձակվող ԶԼՄ-ների վրա, ստիպելով նրանց արդիականացնել իրենց գործելակերպը, այլև լուրջ հայտ է ներկայացնում ընտրախարտումների և այլ օրինախախտումների դեմ պայքարում առաջամարտիկ լինելու հարցում:
Քաղաքացիական մասնակցություն
Չնայած հասարակական ակտիվությանը, մտահոգիչ է մարդկանց անհանգստությունը անհատական բողոքներ ներկայացնելու առումով: Թեև բազմաթիվ են ստվերային անօրինականությունների և քաղաքացիների նկատմամբ ճնշումների ահազանգերը, վերջիններս խուսափում են նշել իրենց անունը կամ հատուկ խնդրում են որ այն չհրապարակվի, ինչը վկայում է երկրում շարունակվող վախի մթնոլորտի մասին:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Երևանի մամուլի ակումբ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն