Հայտարարություն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության մրցութային խորհրդում անդամությունը դադարեցնելու վերաբերյալ
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածի համաձայն՝ հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ նաև կոմիտե) նախագահի ընտրության գործընթացի կազմակերպման նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 01․07․2021թ․ N 1055-Ա հրամանով ձևավորվել է մրցութային խորհուրդ (այսուհետ՝ նաև խորհուրդ), որի կազմում ընդգրկվել է նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (այսուհետ՝ ԹԻՀԿ) ՀԿ ներկայացուցիչը։
Նոր ձևավորվող հակակոռուպցիոն կոմիտեն մասնագիտացված քննչական և օպերատիվ-հետախուզական մարմին է կոռուպցիայի դեմ պայքարում, ուստիև դրա գործունեության արդյունավետությունը երաշխավորելու համար վճռորոշ է կոմիտեի ղեկավարի ճիշտ ընտրությունը` ապահովելու կոմիտեի գործունեության՝ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված սկզբունքների պահպանումը, այդ թվում՝ կառույցի անկախությունը և քաղաքական չեզոքությունը: Այս առումով, մրցութային խորհրդի կարևորագույն խնդիրը կոմիտեի նախագահի թեկնածուների՝ բարեվարքության, անձնային և մասնագիտական որակների ստուգման արդյունավետ իրավական մեխանիզմների ամրագրումն է, արդյունքում՝ կոմիտեի հանրային բարձր վստահությամբ օժտված նախագահի ընտրությունը։
Մրցութային խորհրդի աշխատանքների ընթացքում ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք, ցավոք, չեն երաշխավորում թեկնածուների բարեվարքության և մասնագիտական որակների ստուգման ու գնահատման արդյունավետ իրավական մեխանիզմներ: Մասնավորապես առկա են հետևյալ խնդիրները.
- Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների բարեվարքության ստուգում․
Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի 18-րդ հոդվածի 12-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով թեկնածուների բարեվարքության ստուգման նպատակով մրցութային խորհուրդը դիմում է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և ստանում է խորհրդատվական եզրակացություն։ Այնուհետև՝ մրցույթի անցկացման շրջանակներում խորհուրդը գնահատում է նաև թեկնածուների բարեվարքությունը։
Քննարկվող հարցի առնչությամբ ԹԻՀԿ-ն առաջարկել է կիրառել թեկնածուների բարեվարքության գնահատման այնպիսի մեխանիզմ, որը կապահովի ընտրվող թեկնածուի և հետագայում՝ հակակոռուպցիոն իրավապահ մարմնի նկատմամբ հանրային բարձր վստահություն։ Այսպես, մի դեպքում առաջարկվել է մեթոդ, որ բարեվարքության յուրաքանչյուր բաղադրիչի (օրինակ՝ քաղաքական կախվածությունների, քրեական ենթամշակույթին հարում, գույքի և եկամուտների պատշաճ հայտարարագրում և այլն) բացասական գնահատականը որոշիչ լինի թեկնածուի բարեվարքության ընդհանուր գնահատականում՝ առանց բաղադրիչներից յուրաքանչյուրի համար տոկոսային հարաբերակցություն սահմանելու։ Այնուհետ՝ առաջարկվել է թեկնածուների բարեվարքության գնահատման վերջնարդյունքում առնվազն սահմանել առավել բարձր անցողիկ շեմ (առավելագույն նախատեսված միավորի 70%՝ ի տարբերություն մյուս չափանիշների 50%-ի): Ընդ որում, այս մոտեցումն առավել է կարևորվել մրցութային խորհրդի աշխատանքներում՝ օրենքով սահմանված հնարավոր յոթ անդամներից երկուսի փաստացի չներգրավվելու պայմաններում: Վերոնշյալ երկու առաջարկներն էլ չեն ընդունվել խորհրդի կողմից։
- Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մասնագիտական և անձնային հատկանիշների ստուգում․
Կոմիտեի մասին օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ի թիվս այլ տեղեկատվության, կոմիտեի նախագահի մրցույթի հայտարարության մեջ նշվում են խորհրդի կողմից հաստատված հարցարանը և մրցույթի անցկացման պայմանները, այդ թվում՝ խորհրդի կողմից հարցազրույցի կազմակերպման ընթացակարգը։
Մասնագիտական որակների ստուգման հարցում կոմիտեի մասին օրենքի 19-րդ հոդվածն, ըստ էության, ամրագրում է երկու իրավակարգավորում, որոնք առաջին հայացքից կարող են հանգեցնել տարընթերցման։ Մասնավորապես՝ 19-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի ա) ենթակետի համաձայն՝ խորհուրդը հարցազրույցի փուլում, ի թիվս այլ հատկանիշների, ստուգում է նաև թեկնածուի անձնային վերլուծական կարողությունները։ Ակնհայտ է, որ քննարկվող կարողությունները ստուգելու հիմնական եղանակը մասնագիտական հարցադրումների միջոցով թեկնածուի՝ բարձրացված խնդիրը վերլուծելու, գնահատելու և եզրակացություն ներկայացնելու գործընթացն է։ Նույն դրույթի բ) ենթակետի համաձայն՝ թեկնածուն ներկայացնում է մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ իր դիրքորոշումները և վերլուծությունները։
Օրենքի հիշյալ իրավակարգավորումները խորհրդին որևէ կերպ չեն սահմանափակում մրցույթի պայմաններն ամրագրող համապատասխան որոշմամբ ամրագրել խորհրդի անդամների իրավասությունը՝ խորհրդի կողմից հաստատված և հրապարակվող հարցարանի շրջանակներում թեկնածուների մասնագիտական կարողությունների համալիր ստուգման նպատակով վերջիններիս ուղղելու ցանկացած հարց։ Ավելին, օրենքի լայն մեկնաբանման տեսանկյունից դա խորհրդի անդամի պարտականությունն է։ Մինչդեռ խորհուրդն իր որոշմամբ ամրագրել է, որ թեկնածուին կարող են տրվել բացառապես մեկ հարցի շրջանակներում լրացուցիչ ճշտող հարցեր, այլ կերպ ասած՝ իրավական նորմի նեղ մեկնաբանման սկզբունքով սահմանափակվել է օրենքով խորհրդի անդամների համար նախատեսված իրավազորությունը՝ թեկնածուների վերլուծական կարողությունները ստուգելու նպատակով հարացարանի շրջանակներում հարցադրումներ կատարելու մասով։
Հաշվի առնելով, որ ԹԻՀԿ-ն մրցութային խորհրդում իր մասնակցության միջոցով հնարավորություն չի ունեցել լիարժեքորեն նպաստելու կոմիտեի նախագահի թեկնածուների բարեվարքության և մասնագիտական որակների գնահատման և բարձր պաշտոնի համար արժանի թեկնածուների ընտրություն համար պատշաճ մեխանիզմների ձևավորմանը, այլևս նպատակահարմար չենք համարում մրցութային խորհրդում մեր ներկայացուցչի անդամության շարունակումը:
Այսուհետ, պատրաստվում ենք դիտարկել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունը՝ հետևելով հրապարակային գործընթացներին։