Մամլո հաղորդագրություն

Կորոնավիրուսի հաղթահարման համար հատկացված միջոցների օգտագործման արագ գնահատումը ողջ աշխարհում վեր է հանել հաշվետվողականության հարցերում բացթողումներ և պահանջում է ավելի խիստ վերահսկողություն այդ ուղղությամբ ներկայումս շարունակվող միջոցառումների նկատմամբ

Վաշինգտոն, 24 մայիսի, 2021թ․ - Միջազգային բյուջետային գործընկերությունը (ՄԲԳ), որը միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է (անգլերեն՝ International Budget Partnership) Վաշինգտոնում գտնվող կենտրոնակայանով, հրապարակել է հաշվետվողականության համաշխարհային գնահատման քարտը (scorecard), որը վեր է հանել համատարած թերություններ կորոնավիրուսի հաղթահարման համար հատկացված աջակցության ծրագրերի թափանցիկության և հաշվետվողականության հարցերում։ Աջակցության այդ ծրագրերը 2020թ․ վերջի դրությամբ բոլոր երկրները վերցրած գնահատվել են 14 տրիլիոն ԱՄՆ դոլար։ Առանձնակի կարևորություն ունի այն, որ իշխանությունները լինեն թափանցիկ և հաշվետու, քանի որ այսպիսի մեծածավալ ծախսերն ունենում են կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքներ ինչպես իրենց երկրների հանրային ֆինանսների համակարգերի, այնպես էլ, որն առավել կարևոր է, բնակչության վրա։

Կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված միջոցների կառավարման թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության՝ 26 ցուցանիշների միջոցով 120 երկրներում իրականացված արագ գնահատումը վեր հանեց, որ այդ երկրների՝

  • ավելի քան երկու երրորդում իշխանություններն ի վիճակի չեն եղել հաշվետու կերպով կառավարելու այդ արտակարգ իրավիճակի հաղթահարման համար նախատեսված աջակցության փաթեթները,
  • մոտ երկու երրորդում չի ապահովվել այդ նպատակով իրականացված գնումների գործընթացների թափանցիկությունը,
  • համարյա կեսում աջակցության փաթեթները մշակվել և ընդունվել են՝ շրջանցելով օրենսդիր իշխանությունը,
  • միայն մեկ քառորդում են ազգային բարձրագույն հաշվեքննիչ մարմինները հրապարակել ընթացիկ հաշվեքննիչ զեկույցներ։

Ինչպես նշում է Միջազգային բյուջետային գործընկերության հանրային քաղաքականության գծով ավագ տնօրեն պարոն Վիվեկ Ռամկումարը, «Երբ ճգնաժամը սկսվեց, մենք հորդորում էինք իշխանություններին լինել թափանցիկ և հաշվետու, քանի որ մեր Բաց բյուջեի պարբերաբար անցկացվող հարցումներից մենք գիտեինք, որ գլոբալ առումով առկա էին թերություններ հաշվետվողականության համակարգերի առումով։ Դժբախտաբար, այս գնահատման քարտը ցույց է տալիս, որ չափից շատ կառավարություններ չեն արդարացնում իրենցից սպասվող ակնկալիքներն ի վնաս իրենց երկրների հանրությանը, որոնց նրանք պետք է ծառայեն»։

Չնայած համաշխարհային մասշտաբով ընդհանուր առմամբ մռայլ պատկերի՝ զեկույցում վեր են հանված տարբեր երկրներից խոստումնալից օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ հնարավոր է արձագանքել և այլ կերպ՝ նույնիսկ ունենալով սահմանափակ միջոցներ։

  • Պարագվայը ստեղծել է մեկ պատուհանի կայք, որում հրապարակվում է համավարակի հետ կապված ողջ գնումների վերաբերյալ տեղեկատվությունը։
  • 22 երկրներ, որոնց թվում իրարից տարբերվող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բանգլադեշը, Կանադան և Տոգոն՝ ընդունելով համավարակի հետևանքների անհամաչափորեն ավելի բացասական ազդեցությունը կանանց վրա, հրապարակում են տեղեկատվություն այն քաղաքականությունների վերաբերյալ, որոնց թիրախում կանայք են։
  • Սիերրա Լեոնեի ազգային հաշվեքննիչն օգտագործել է իրական ժամանակում իրականացվող հաշվեքննության մեթոդը՝ որը հիմնված է Էբոլայի ճգնաժամի փորձի վրա։
  • Քաղաքացիական այնպիսի նախաձեռնություններ, ինչպես, օրինակ, Ասիվիկելանեն Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որը ջրամատակարարման և սանմաքրման ծառայություննների որակին հետևում է՝ կիրառելով գնահատման քարտի մեթոդը, իշխանությունների կողմից ճանաչվել են արժեքավոր և իշխանության մարմիններին հանձնարարվել է նույնպես կիրառել այն։

CARE International-ի գլխավոր քարտուղար Սոֆիա Շպրեխման Սինեյրոյի խոսքով․ «Եթե մենք լուրջ ենք վերաբերվում հավասարությանը և արդարությանը, ապա պետք է լուրջ վերաբերվենք հաշվետվողականությանը։ Պետք է ապահովվի օժանդակության տրամադրումը և այն հասնի նրանց, որոնք առավել չափով դրա կարիքն ունեն»։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն ուղղված Հայաստանի իշխանությունների՝ 2020 թ մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընդունված և իրականացված/իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության միջոցառումների հաշվետողականության մակարդակը գնահատվել է սահմանափակ, որն ըստ հետազոտության մեթոդաբանության հաշվետվողականության նախավերջին մակարդակն է (ավելի ցածր մակարդակ համարվում է նվազագույն մակարդակը)։ Հաշվետողականության նույն մակարդակում են գտնվում նաև հետազոտության մեջ ընդգրկված 120 երկրներից ևս 55 երկրների իշխանությունները։ Հարկ է նշել, որ հաշվետվողականության բարձրագույն՝ էական մակարդակ չունի և ոչ մի երկիր։ Ընդամենը 4 երկրների (Ավստրալիա, Նորվեգիա, Պերու և Ֆիլիպիններ) իշխանությունների հաշվետվողականության մակարդակը համապատասխանում է համարժեք մակարդակին։ Եվս 29 երկրների իշխանությունների հաշվետվողականության մակարդակը գնահատվել է որոշ չափով հաշվետու, իսկ հաշվետվողականության նվազագույն մակարդակ ունեն 31 երկրների իշխանությունները։ Այսպիսով Հայաստանի իշխանությունները հետազոտության մեջ ներառված 120 երկրների շարքում հաշվետվողականության մակարդակով 55 այլ երկրների իշխանությունների հետ կիսում են 34-ից 89-րդ տեղերը։

Հետազոտությամբ վեր հանված մյուս երեք բնութագրիչներով (թափանցիկություն, մասնակցություն և վերահսկողություն) ևս Հայաստանն ունի համեստ արդյունքներ։ Ինչպես և հաշվետվողականության դեպքում է, թափանցիկության մակարդակը նույնպես գնահատվել է որպես սահմանափակ, իսկ մասնակցության և վերահսկողության մակարդակներն էլ ավելի ցածր են՝ գնահատվելով որպես նվազագույն։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://internationalbudget.org/covid/