Օգոստոսի 18-ին առցանց ձևաչափով ներկայացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից ԱՄՆ պետքարտուղարության օժանդակությամբ իրականացված «Հայաստանի համայնքներում հանրային ծախսերի դիտարկում» ծրագրի շրջանակում կատարված 2018-2019 թթ․ համայնքային բյուջեների մոնիտորինգի ամփոփիչ զեկույցը։

Միջոցառմանը ներկայացվել են 2018-2019թթ․ համայնքային բյուջեների մոնիտորինգի հիմնական բացահայտումները և քննարկվել են բյուջետավարման գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկությունները։

Ծրագրի շրջանակում Հայաստանի 7 մարզերի 7 համայնքներում (Սիսիան, Վայք, Աբովյան, Ապարան, Վարդենիս, Ստեփանավան, Ամասիա) իրականացվել է համայնքային բյուջեի մոնիտորինգ։ Համայնքում դիտորդները ուսումնասիրել են համայնքային բյուջեի մշակման, կատարման, վերահսկողության և գնահատման գործընթացները։

Առցանց միջոցառմանը մասնակցել են ՏԻՄ մարմինների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ։ Ամփոփիչ զեկույցի արդյունքները ներկայացնելիս անդրադարձ է կատարվել համայնքների բյուջետավարման գործընթացի տարբեր փուլերի թափանցիկությանը, մասնակցայնությանն ու հրապարակայնությանը, համայնքային գնումների գործընթացի թափանցիկությանը, բյուջեների գնահատմանն ու աուդիտի գործիքների կիրառմանը և այլ հարցերի։

2018-2019 թթ․ համայնքային բյուջեների մոնիտորինգի ամփոփիչ զեկույցն ամբողջությամբ հասանելի է ԹԻՀԿ կայքում։