Սույն թվականի հունիսի 15-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից առցանց հրավիրվել է արտահերթ Ընդհանուր ժողով, որին մասնակցել է կազմակերպության 43 անդամներից 24-ը։ Ընդհանուր ժողովn առցանց վարել է ԹԻՀԿ Խորհրդի նախագահ Սուրեն Սաղաթելյանը, իսկ ժողովի քարտուղարը եղել է ԹԻՀԿ անդամ Քրիստինե Մարգարյանը։

Արտահերթ Ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկված է եղել մեկ հարց՝ ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Նախագահի ընտրությունների դիտորդություն» ծրագրի աուդիտ իրականացնող ընկերության ընտրության հարցը։

2020թ․ մարտի 31-ին և ապրիլի 14-ին ԹԻՀԿ-ն «Ականատես» նախաձեռնության միջոցով իրականացրել է Արցախի համապետական և նախագահական ընտրությունների կարճաժամկետ և երկարաժամկետ դիտարկում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Նախագահի ընտրությունների դիտորդություն» ծրագրի շրջանակներում։ (ֆինանսավորող՝ ՀՀ կառավարություն)։

Հաշվի առնելով «ՀԿ օրենքի 26-րդ հոդվածը («Եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորվել է հինգ միլիոն և ավելի Հայաստանի Հանրապետության դրամի չափով, ապա օրենքով սահմանված կարգով պետական մարմիններ ներկայացված նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները ոչ ուշ, քան հաջորդող տարվա մայիսի 15-ը հանրային միջոցներից ֆինանսավորման մասով ենթակա են պարտադիր աուդիտի` Կազմակերպության ժողովի ընտրած անկախ աուդիտորի կողմից»), ինչպես նաև ԹԻՀԿ կանոնադրության 4․8․8 կետը՝ համաձայն որի Ընդհանուր ժողովն է իրավասու ընտրելու Կազմակերպության աուդիտն իրականացնող անձին (աուդիտորին)՝ կազմակերպվել է քվեարկություն, որի արդյունքներով ԹԻՀԿ դրամաշնորհային ծրագրի աուդիտ իրականացնող ընկերություն է ընտրվել առավել շատ ձայներ հավաքած «Գրանդ Թորնթոն» ՓԲԸ-ն։