ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի վերաբերյալ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի- Վանաձորի գրասենյակը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամը համատեղ կազմել և ներկայացրել են մի շարք առաջարկությունններ։

Փաստաթղթում մատնանշվում է այն փաստը, որ «Հայեցակարգի նախագծում առաջակվող առանձին դրույթների և իրավահարաբերությունների կարգավորումների բարեփոխումները դրվագային բնույթ են կրում և չեն ծածկում Հայաստանում աշխատանքային իրավահարաբերությունների շրջանակներում առաջացող խնդիրների ողջ համալիրը: Այսինքն, Հայեցակարգը պետք է անդրադառնա ոչ միայն Աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին, այլ ընդհանրապես աշխատանքային հարաբերությունների բոլոր հիմնախնդիրներին, որոնց մի մասը զուտ իրավահարաբերությունների համատեքստում դիտարկելն անարդյունավետ է։ Հայեցակարգն ըստ այդմ կարող է դիտարկվել որպես Աշխատանքային հարաբերությունների կարգավորման բարեփոխումների հայեցակարգ»։ Որպես օրինակ փաստաղթում մատնանշվում է չգրանցված աշխատողների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հսկայական բացերը ՀՀ ողջ օրենսդրության մեջ, ինչը, ըստ հեղինակների, ենթադրում է ոչ միայն աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ, այլ նաև դատավարական օրենսդրություններում համապատասխան փոփոխություններ՝ ուղղված չգրանցված աշխատողների փաստացի աշխատանքային իրավունքների դատական պաշտպանության խնդիրների իրավակարգավորումների ամրագրմանը։

Փաստաթուղթն ամբողջությամբ հասանելի է ԹԻՀԿ կայքում։