Սույն թվականի մարտի 4-5-ին տեղի է ունեցել «Հանրային բարեվարքությունը և էթիկան տեղական կառավարման համակարգում» փորձագիտական հանրույթի առաջին հանդիպումը, որի նպատակն է հանդես գալ որպես ազգային բարեվարքության և կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության ռազմավարական տեղայնացման և Հայաստանի տեղական իշխանությունների կողմից դրանց կիրառման առանցքային խումբ։

Հանրույթը ստեղծվել է «Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապանդում և Հայաստանում թափանցիկ մասնակցային տեղական ինքնակառավարման խթանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի շրջանակներում։

Փորձագիտական հանրույթի առաջին հանդիպման ընթացքում ձևավորվել են 4 թեմատիկ խմբեր, որոնք փորձագետների օգնությամբ քննարկել և մշակել են անհրաժեշտ թեմատիկ գործիքներ։ Հանդիպման մասնակիցների թվում է եղել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փորձագետ Արմեն Խուդավերդյանը, որը օժանդակել է «Հանրային բարեվարքություն» աշխատանքային խմբի աշխատանքներին և հանդես է եկել ելույթով, մասնավորապես ներկայացնելով «Բարեվարքության համակարգի կառուցումը տեղական ինքնակառավարման մարմիններում» թեմայով զեկույցը, որի ընթացքում փորձագիտական հանրույթին ներկայացվել է տեղական ինքնակառավարման համակարգում հանրային պաշտոնյաների ու ծառայողների բարեվարքության համակարգի մոտեցումները՝ հիմնված օրենսդրական նոր կարգավորումների վրա, ինչպես նաև առկա հիմնական բացերն ու մարտահրավերները։