Սույն թվականի փետրվարի 25-ին տեղի է ունեցել «Գործարարների շրջանում տնտեսական մրցակցության ընկալման սոցիոլոգիական հետազոտություն» ուսումնասիրության արդյունքների ներկայացումը։

Հետազոտությունը կատարվել է «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (ԱՄՆ ՄԶԳ) Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։

Միջոցառման ընթացքում ԹԻՀԿ գործադիր տնօրենը Սոնա Այվազյանը իր բացման խոսքում մասնավորապես նշել է, - «Այս ուսումնասիրության նախաձեռնությունը բխել է հիմնականում նրանից, որ մենք ցանկացել ենք հասկանալ, թե հեղափոխությունից հետո, կոռուպցիայի հետ կապված փոփոխվող ընկալումները որքանով են ազդում տնտեսական մրցակցության միջավայրի վրա, ինչպես է փոխվել միջավայրը, որքանով են պետական մարմինները անհարկի միջամտում բիզնեսների գործունեությանը և ինչպես են նրանք տեսնում տնտեսական մրցակցության պահպանության պետական հանձնաժողովի դերակատարումը»։

Միջոցառման մասնակիցների թվում էր նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը, որն իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ մեծապես կարևորում է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցությունը։ «Մասնագիտական համայնքի ջանքերի մեկտեղումը, կառուցողական, առողջ բանավեճը մշտապես հանգեցնելու է առավել լավ վերջնարդյունքների, որից շահելու են թե՛ տնտեսվարողները, թե՛ քաղաքացին, և թե՛ պետությունն ընդհանրապես։ Ի դեպ, նշեմ, որ առաջիկայում մենք նախատեսում ենք ակտիվացնել հանձնաժողովին կից գործող հասարակական խորհրդի աշխատանքները, որը կլինի ևս մեկ հրապարակային հարթակ նման աշխատանքների համար», - նշել է Գևորգյանը։ Նա նաև արձանագրեց, որ տնտեսական մրցակցության հարցում իրազեկվածության մակարդակի բարձրացումը, տնտեսվարողների շրջանում մրցակցային մշակույթի խրախուսումը ՏՄՊՊՀ-ի առաջնային խնդիրներից է։ «Իրապես շատ կարևոր է, որպեսզի բիզնեսի ներկայացուցիչների շրջանում ընկալում լինի, որ մրցակցության արդարությունն ու խաղի կանոնների բարեխիղճ պահպանումը բխում է բոլորի շահերից», - շեշտել է ՏՄՊՊՀ նախագահը։

«ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ի հիմնադիր և ծրագրերի ղեկավար Վարդան Աղբալյանն այնուհետև ներկայացրել է հետազոտության արդյունքները, որի ավարտին ԹԻՀԿ տնօրեն Սոնա Այվազյանը և «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ի ծրագրերի ղեկավար Վարդան Աղբալյանը պատասխանել են ներկաների հարցերին։

Հետազոտության վերջնական զեկույցը հասանելի է ԹԻՀԿ կայքում

Միջոցառման ամբողջական հեռարձակումը` ԹԻՀԿ ֆեյսբուքյան էջում հետևյալ հղումով

Հետազոտության լուսաբանումը մամուլում
aravot.am Հետազոտություն. գործարարները պատմել են հարկային-բիզնես կոռուպցիոն սխեմաների մասին
armenpress.am ՏՄՊՊՀ նախագահը ներկա է գտնվել մրցակցության ընկալման վերաբերյալ հետազոտության շնորհանդեսին
news.am ՏՄՊՊՀ-ն իր աշխատանքներում որդեգրել է «չվնասելու» սկզբունքը եւ պատրաստակամ է բաց եւ թափանցիկ աշխատանքի. ՏՄՊՊՀ նախագահ