Փետրվարի 5-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռրուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը և հանրային ֆինանսների գծով փորձագետ Սարգիս Նասիբյանը «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարարության 2019թ․ առաջին 9 ամիսների կատարողականի և 2020թ․ պետական բյուջերի արդյունքային ցուցանիշների վերլուծության արդյունքները։

Բանախոսներն անդրադարձել են 2019թ. ինն ամիսների ոչ ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը: Ըստ այդմ`

2019թ. պետական բյուջեի ընդունումից հետո արդարադատության նախարարության զգալի միջոցառումներում նշված արդյունքային (ոչ ֆինանսական) ցուցանիշները չեն արտահայտում տվյալ միջոցառման նպատակը: 2019թ. իննը ամիսների կատարողական հաշվետվությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ արդյունքային ցուցանիշների որակը բավարար չէ պատկերացում կազմելու տվյալ միջոցառման որակի և արդյունավետության համար, քանի որ

  • Հաշվետու ժամանակահատվածի համար ցուցանիշների արժեքների կատարողականները խիստ տարբերվում են դրանց պլանայիններից, դրանով իսկ աննպատակահարմար դարձնելով դրանց:
  • Բացակայում են այն հիմնական որակական ցուցանիշները որոնց շնորհիվ հնարավոր է գնահատել միջոցառման որակը և արդյունավետությունը:

Անդրադարձ է կատարվել նաև ԹԻՀԿ-ի կողմից առաջարկված ցուցանիշներին, որոնք ներառվել են 2020թ. պետական բյուջեում և այն առաջարկություններին, որոնք չեն ընդգրկվել 2020թ. Բյուջեում: