ՀՀ ֆինանսների նախարարությունը սկսած 2018թ. հունվարից իր պաշտոնական www.minfin.am կայքում տեղադրում է ՀՀ պետական բյուջեն պարզեցված տեսքով և նրա կատարողականի պարզեցված հաշվետվությունը, որոնք հավաքական կերպով կոչվում են քաղաքացու բյուջե: Ներկա դրությամբ նշված կայքում տեղադրված են պարզեցված տեսքով 2018 և 2019 թվականների ՀՀ պետական բյուջեները (տե’ս http://www.minfin.am/hy/page/2018_2019) և 2017 և 2018 թվականների պետական բյուջեների կատարողականների պարզեցված հաշվետվությունները (տե’ս http://www.minfin.am/hy/page/hh_petakan_byujei_parzecvats_hashvetvutyun):

2019թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի կազմակերպման վարչությունը նախաձեռնեց հանդիպում քաղաքացիական հասարակության շահարգրգիռ կազմակերպությունների, ներառյալ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ), ներկայացուցիչների հետ` քննարկելու համար վերը նշված փաստաթղթերի վերաբերյալ այդ կազմակերպությունների կարծիքները և առաջարկությունները:. Քննարկման արդյունքում ձեռք բերվեց համաձայնություն, որ քննարկմանը մասնակից կազմակերպությունները 2020թ. ՀՀ պետական բյուջեի ընդունումից և հրապարակումից հետո[1] նախարարության նշված վարչությանը կներկայացնեն իրենց առաջարկությունները` ուղղված քաղաքացու բյուջեի բարելավմանը:[2] Ստորև ներկայացված են ԹԻՀԿ-ի առաջարկությունները:

1. Եվրամիության կողմից Հայաստանին տրվող ֆինանսական աջակցության 2015թ. կնքված համաձայնագրի (Financing Agreement ENI/2015/038-229) Հավելված 1-ով (Աջակցության մասնաբաժինների տրամադրման համար սահմանված կատարողականի ցուցանիշներ) Ոլորտ 3-ի (Քաղաքացիների իրազեկվածությունը պետական բյուջեի գործընթացի վերաբերյալ) համար սահմանված ցուցանիշի (Պետական բյուջեի վերաբերյալ իրազեկվածություն (քաղաքացու բյուջե)) համար որպես 2017թ.-ի թիրախ սահմանվել էր քաղաքացիական հասարակության շահագրգիռ կազմակերպությունների ներգրավմամբ պարզեցված տեսքով պետական բյուջեի և պետական բյուջեի կատարողականի պարզեցված հաշվետվության համար ուղեցույցերի (ձևանմուշների) մշակումը: Այդպիսի ուղեցույցերի առկայությունը հնարավորություն կտար յուրաքանչյուր բյուջետային տարվա համար մշակել նույնաբովանդակ քաղաքացու բյուջե, որն ավելի ընկալելի կլիներ ոչ մասնագետ ընթերցողների համար: Սակայն, այդպիսի ուղեցույցեր կամ չեն մշակվել, կամ էլ, եթե մշակվել են, ապա դրանք հասանելի չեն հանրությանը:

Առաջարկություն

Անհրաժեշտ ենք համարում, որպեսզի ՀՀ ֆինանսների նախարարությունը, քաղաքացիական հասարակության շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ մշակի քաղաքացու բյուջեի ձևանմուշներ (ուղեցույցեր), որը հնարավորություն կտա յուրաքանչյուր տարվա համար պատրաստել քաղաքացու նույնաբովանդակ բյուջեներ:

2. Ինչպես հայտնի է, 2019թ.-ից ՀՀ պետական բյուջեն պատրաստվում է` հիմնվելով Հայաստանի համար նոր և ավելի առաջադեմ ծրագրային բյուջետավորման սկզբունքների վրա: Սակայն, ուսումնասիրելով պարզեցված տեսքով 2019թ.-ի ՀՀ պետական բյուջեն, կարելի է տեսնել, որ նրա շարադրանքում դրա մասին ոչինչ չի գրված: Բնականաբար, խոսք չկա նաև այդ բյուջեում ներառված ծրագրերի մասին:

Առաջարկություն

Պարզեցված տեսքով 2020թ.-ի ՀՀ պետական բյուջեում որպես ներածություն ընթերցողին ծանոթացնել ծրագրային բյուջետավորման կոնցեպտին, փիլիսոփայությանը և այն նկարագրել` ելնելով նրանում ներառված ծրագրերից: Քաղաքացու բյուջեի այդպիսի ֆորմատը հնարավորություն կտա նաև ընթերցողին ավելի հստակ պատկերացում կազմել, թե կոնկրետ ինչ նպատակներով, ծրագրերով և ռազմավարությամբ պետք է ղեկավարվի կառավարությունը, որից ելնելով կծախսվեն պետական բյուջեի միջոցները և իրականում որքանով է դա հաջողվել, որը նրա համար տեսանելի կլինի բյուջեի կատարողականի պարզեցված հաշվետվությունից:

3. Փաստաթղթերի բաժինները մեծամասամբ շարադրված են բավականին խրթին լեզվով, որից տպավորություն է ստեղծվում, որ դրանք պատրաստողներն ուղղակի կրճատված տեսքով ներկայացրել են ՀՀ կառավարության բյուջետային ուղերձը և համապատասխան բացատրագրերը: Մեծ է հավանականությունը, որ շարքային քաղաքացու համար այդ տեքստերն ընբռնելի չեն լինի:

Առաջարկություն

Շարադրել քաղաքացու բյուջեի բովանդակությունը շարքային, ոչ մասնագետ ընթերցողի համար մատչելի լեզվով և ինֆոգրաֆիկայով հագեցած: Այս հարցում (ֆինանսների) նախարարությանը կարող են օժանդակել քաղաքացիական հասարակության շահագրգիռ կազմակերպությունները:

4. Ի տարբերություն միջազգային լավագույն փորձի` բյուջեի կատարողականի պարզեցված հաշվետվությունների մեջ բացակայում են ծրագրավորված և փաստացի ծախսերի և եկամուտների միջև տարբերությունների իմաստալից վերլուծությունները:

Առաջարկություն

Բյուջեի կատարողականի պարզեցված հաշվետվությունների մեջ ներառել վերը նշված վերլուծությունները: Այն առավել օգտակար կլինի, երբ այդ հաշվետվություններում կատարողականները կգնահատվեն` ելնելով ծրագրային բյուջետավորման գաղափարախոսությունից:

[1] 2020 թվականի ՀՀ պետական բյուջեն ընդունված 2019թ. դեկտեմբերի 6-ին և հրապարակվեց դեկտեմբերի 27-ին:

[2] Հարկ է նշել, որ ԹԻՀԿ-ն իր «Հայաստանում ընտրված մի քանի ոլորտներում ծրագրային բյուջետավորման կիրարկման և հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2016-2020թթ. միջոցառումների ծրագրի ընտրված միջոցառումների իրականացման մոնիտորինգ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացրել էր նաև «Պետական բյուջեի իրազեկվածություն (քաղաքացու բյուջե)» միջոցառման մոնիտորինգ և վերլուծել նախարարության կայքում այն ժամանակ տեղադրված պարզեցված տեսքով 2018թ. ՀՀ պետական բյուջեն և 2017թ. պետական բյուջեի կատարողականի պարզեցված հաշվետվությունը: Վերլուծության արդյունքները և առաջարկությունները զետեղված են նշված ծրագրի արդյունքների վերաբերյալ ԹԻՀԿ-ի հրապարակման մեջ (տե’ս https://transparency.am/hy/publications/view/284)

Տե՛ս առաջարկությունը ԹԻՀԿ կայքում