Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել հանրային քննարկում ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ՝ շահագրգիռ պետական, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում շահակից կողմերը բարձրացրել են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև հանդես են եկել առաջարկներով: Միջոցառմանը մասնակցել է ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը: Նա ներկայացրել է ԹԻՀԿ-ի դրական կարծիքը նախագծի վերաբերյալ:

Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի համատեղ ջանքերով։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման կառուցակարգի շրջանակում:

Ծրագիրը նպաստում է քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումների առաջընթացին՝ տրամադրելով օրենսդրական, մեթոդաբանական և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանն ուղղված աջակցություն: Ծրագրի կողմից նաև տրամադրվում է փորձագիտական աջակցութուն քրեական օրենսդրության մշակման և կիրառման ողջ գործընթացի ընթացքում: Սա ներառում է նաև Արդարադատության ակադեմիայում դատավորներին և դատական ծառայողներին վերապատրաստելու, ինչպես նաև քրեական արդարադատության ոլորտի կառույցների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանն ուղղված գործողություններ:

Սկզբնաղբյուրը` ՀՀ արդարադատության նախարարության կայքէջ