ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, որի վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտնում է իր դրական կարծիքը: Մասնավորապես՝ գտնում ենք, որ ներկայացված նախագծով առաջարկվող իրավակարգավորումներն էական առաջընթաց կարձանագրեն քրեական դատավարության ողջ գործընթացում, այսպես․

  1. Էապես բարելավվում է քրեական դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանվածության մակարդակը՝ կապված պաշտպանության միջոցների ինստիտուտի ներդրման հետ․
  2. Ընդլայնվել են խափանման միջոցների տեսակները, մասնավորապես՝ տնային կալանքի ինստիտուտի ներդրմամբ էապես կկրճատվի որպես խափանման միջոց կալանքի անհարկի կիրառման արատավոր պրակտիկան։ Գրավի ինստիտուտի կիրառման համար, ըստ ներկայացվող նախագծի՝ նախատեսված են արդյունավետ լուծումներ, որոնք հնարավորություն են ընձեռելու այն կիրառել որպես ինքնուրույն խափանման միջոց․
  3. Էական առաջընթաց է նախատեսվում նախաքննության փուլի արդյունավետության բարձրացման համար իրավական ընթացակարգերում։ Վերափոխվել է հետաքննության ինստիտուտի բովանդակությունը՝ այն դիտարկելով որպես նախաքննությանը զուգահեռ իրականացվող անհրաժեշտ օպերատիվ գործողությունների համակարգ․
  4. Դատական քննության գործընթացում բարելավվել է միջնորդությունների, առարկությունների քննության որակական պահանջները, կրճատվել են դրանց քննարկման ժամկետները, որոնք կնպաստեն գործերի՝ ողջամիտ ժամկետում քննության սկզբունքի պահպանմանը։